Հունիսին անցկացվելիք Եվրոխաղերին ընդառաջ Բաքուն թափառական շներից մաքրելու համար Ադրբեջանի իշխանություններն իսկական հիտլերյան ցեղասպանական միջոցառումներ են իրագործում:Բաքվում թափառական շներին հավաքելու, գազանաբար սպանելու եւ հրապարակավ այրելու դիակիզարաններ են ստեղծվել:
virtualaz.org կայքի փոխանցմամբ՝ Բաքվի իշխանությունների համար փողոցային շների նման կերպ վերացման միջոցառումները նոր չեն: Բաքվի գործադիր իշխանության թափառական կենդանիների դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրը ցերեկով մարդկանց եւ երեխաների աչքի առաջ գազանաբար սպանում են շներին:
Կայքը հայտնում է, թե չնայած այն բանին, որ կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ է հատկացնում Բաքվում թափառող կենդանիների դեմ շատ թե քիչ քաղաքակիրթ ձեւով պայքարի համար, սակայն, նման կենդանիների թիվը գնալով մեծանում է, մեծանում է նաեւ կատաղած կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակումների թիվը:«Բանն այն է, որ հիշյալ վարչության աշխատակիցները օրը ցերեկով զենքը ձեռքին շրջում են քաղաքում եւ պատահած վայրում մարդկանց ներկայությամբ կրակում շների վրա: Նրանք դրան առարկող քաղաքացիներին անգամ սպառնում են չմիջամտել իրենց գազանությանը»,-նշում է կայքը եւ հիշեցնում, որ Ադրբեջանը Կենդանիների իրավունքների պաշտպանության Եվրոպայի համաձայնագրին միացել է 2007 թվականի մայիսին:
«Կենդանական աշխարհի պաշտպանության դաշինք» հասարակական միության ղեկավար Մանսուրա Ռասուլզադեն կայքի հետ զրույցում հայտնել է, որ չնայած ըստ այդ համաձայնագրի` թափառական կենդանիների դեմ պայքարի աշխատանքը պետք է հանձնարարվեր Պետական անասնաբուժական ծառայությանը, սակայն, այն կցվել է Բաքվի քաղաքապետարանին, որն էլ այդ աշխատանքն իրագործում է` ինչպես ցանկանում է:
«Կենդանիներին ոչնչացնող կառույցները ներկայացնում են, որ, օրինակ, 2009 թվականին Բաքվում ոչնչացրել են 56 հազար շուն, 2010 թվականին` 79 հազար շուն: Պետությունը մեկ շուն վերացնելու համար 30 մանաթ է վճարում: Սակայն, պարզ աչքով էլ երեւում է, որ Բաքվում այդչափ թափառական շուն չկա: Նշանակում է` հատկացված միջոցները յուրացվում են, իսկ թափառական շները ոչ թե պակասում, այլ ավելանում են: Հետաքրքիրն այն է, որ ներկայացվում է, թե շներին վերացնում են, որովհետեւ նրանք կատաղած են: Բայց, չէ որ հանրապետությունում կատաղած կենդանիներ լինելու մասին արտահայտությունն արդեն հանցագործություն է»,-զարմանք է հայտնում նա:Ադրբեջանցի փորձագետը գտնում է, որ 79 հազար շուն սպանող երկրում չպետք է թույլատրվի միջազգային միջոցառումներ անցկացնել:
«Քանի որ դա նշանակում է, որ երկիրը կարանտինի տակ է, եւ դա մեծ էպիդեմիա է: Չնայած Ադրբեջանի նախագահին եւ Բաքվի հիշյալ դեպարտամենտին հղած մեր բազմաթիվ դիմումներին, ոչ մի պատասխան կամ արդյունք չենք ստացել: Միայն 2009 թվականին, թափառական կենդանիների վերացման համար պետական բյուջեից նվազագույնը 2 մլն 370 հազար մանաթ գումար է ծախսվել, եւ այս թիվն ամեն տարի ավելանում է», -ասել է նա:
Կայքը հայտնում է, որ 2011 թվականին «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի շրջանակում Բաքվում հազարավոր թափառական շներ են ոչնչացվել, ինչը գրավել էր նաեւ միջազգային մամուլի ուշադրությունը:
«Մոտենում են Եվրոպայի օլիմպիական խաղերը: Իսկ դա նշանակում է, որ «շնային կոռուպցիան» ավելի շատ կլցնի ոմանց գրպանները», -գրում է կայքը:
Artsakhpress.am