▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալություն նրանց, ովքեր շարունակում էին հավատալ ինձ. Լեւոն Արոնյան

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը լրագրողների հետ հանդիպեց Թբիլիսում կայացած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լեւոն Արոնյանը: Հայաստանցի գրոսմայստերը խոսեց անցած մրցաշարի եւ այն մասին, թե ինչն օգնեց նորից շարունակել հաղթել:

«Այս մրցաշարն ինձ համար հավակնորդների մրցաշարին մասնակցելու վերջին հնարավորությունն էր: Հակառակ դեպքում դա կնշանակեր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարած տարիների կորուստ: Աշխարհի գավաթի խաղարկությունը լարված էր, եւ ուրախ եմ, որ կարողացա մինչեւ վերջ դիմանալ:

Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ դիմակայությունը շատ ծանր դասավորվեց: Դասական շախմատում ամեն ինչ նորմալ էր ընթանում, բայց արագ շախմատի առաջին պարտիայում կրած պարտությունից հետո, որտեղ շատ վատ խաղացի, նյարդերի պայքար սկսվեց: Դրանով են պայմանավորված հետագա պարտիաների ցածր որակը եւ մեծաքանակ սխալները:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն իմ խաղը համեմատեց աշխարհի իներորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի խաղաոճի հետ: Նման համեմատությունը մեծ պատիվ է ինձ համար, քանի որ նա հանճարեղ շախմատիստ է: Իմ կարծիքով ես մի փոքր ավելի տաքարյուն եմ, եւ դա ինձ միշտ խանգարում է:

Մրցաշարի ընթացքում աշխատում էի շատ զբոսնել, զբաղվում էի սպորտով, շփվում էի մտերիմ մարդկանց հետ: Եթե չլիներ հարազատների եւ ընկերների, հատկապես Արիանայի աջակցությունը, չէի հաղթի: Մոտ մեկ տարի ինձ ուղեկցում էին շախմատային անհաջողությունները: Բայց այդ ժամանակահատվածն օգնեց ինձ ամրապնդել ուժերս, հասկանալ՝ ով է իրոք իմ կողքին: Փետրվարին, երբ վերադարձա հերթական մրցաշարից, ապագայի հետ կապված լուրջ խոսակցություն եղավ Արիանայի հետ եւ դա օգնեց որոշ բաներ վերանայել: Պատրասվում եմ հետագայում էլ լրջորեն աշխատել, որպեսզի հասնեմ գլխավոր նպատակիս՝ շախմատային թագին: Հավակնորդների մրցաշարում հիմնականում անհաջող եմ հանդես գալիս, բայց այս անգամ ամեն ինչ պետք է այլ լինի: Շնորհակալություն նրանց, ովքեր շարունակեցին հավատալ ինձ»,-ասաց Լեւոն Արոնյանը:

Հավելենք, որ Արոնյանը ադրբեջանական SOCAR պետական նավթա-գազային ընկերությունից կստանա մոտ 120․000 դոլար, քանի որ շախմատի աշխարհի գավաթի մրցաշարի գլխավոր հովանավորը և մրցանակային ֆոնդը ձեւավորողը հենց այդ ընկերությունն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին