Այսօր՝ օգոստոսի 11-ին, Մասիսի տաճարում (Չարենցի կամար) մեծ շուքով նշվեց հին Նոր տարին՝ Նավասարդը, ինչպես նաև Բելի նկատմամբ Հայկ նահապետի տարած հաղթանակը:
Տոնակատարությունը սկսվեց «Ես իմ անուշ Հայաստանի» շքերթով, ներկայացվեցին պատմական խորհրդանշանները՝ դրոշները. Հայքի, Վանի թագավորության, Արշակունիների, Բագրատունիների, Կիլիկյան թագավորության…
Տոնակատարությանը ներկա էր ԼՂՀ ազգային հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թասևոսյանը (Կոմադոս), ով շնորհավորեց բոլորին՝ կարևորելով միասնությունը, ավանդույթների պահպանումը, չմոռանալով մաղթել բազում նորանոր հաջողություններ:
Իսկ Հայկ նահապոտի կողմից իջած ութ թևանի աստղերի կողմից հայ ժողովրդին ողջույններ փոխանցեց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ ասելով.
«Շնորհավո'ր տոնը նավասարդյան՝ այս կամարից մինչև այն կամարը՝ այն Նավասարդից այս Նավասարդը»:
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, ով ողջունեց ներկաներին՝ կարևորելով թե՛ իր և թե իր հայրենակիցների ներկայությունն այսպիսի կարևոր տոնին:
Տոնի ընթացքում ներկաներին մատուցեցին ավանդական շիլա և գինի՝ ազգային երգի, պարի ուղեկցությամբ:
Նշենք, որ Նավասարդը Հայկական տոմարի առաջին ամիսն է: Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»: Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և ավարտվել սեպտեմբերի 9-ին: Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն: Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը մեկ լրիվ պտույտ է կատարում Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ:
Անի Կարապետյան