Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին սեպտեմբերի 8-ին Հայոց Ցեղասպանությունից ի վեր արդեն չորրորդ անգամ վերակենդանացավ: Տարվա մեջ մեկ անգամ թանգարանից սրբավայրի վերածվող Սուրբ Խաչ եկեղեցու կամարների ներքո կրկին հնչեց հայ աղոթքն ու շարականը:
Հիշեցնենք, որ 2010 թվականին առաջին անգամ թուրքական իշխանությունների կողմից թույլատրվել է տարին մեկ անգամ ծիսական արարողություն իրականացնել Սուրբ Խաչում:
Այս անգամ պատարագը խորհրդանշական էր. մեկդարյա դադարից հետո առաջին անգամ եկեղեցում մկրտություն տեղի ունեցավ: Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականների ձեռամբ մկրտվեց 2 ընտանիք, որոնցից մեկը իսլամացած էր և ցանկություն էր հայտնել դարձի գալ` կրկին դառնալով քրիստոնյա, իսկ մյուս ընտանիքը` Հայաստանից:
«Մեզ համար այս պատարագը չափազանց կարևոր է: Տարին մեկ անգամ Աղթամար կղզու այս եկեղեցում, որ մեր պապերի կառուցած տաճարն է, հավաքվում է հայությունը, մեզ հետ աղոթում ու մասնակցում պատարագի: Անշուշտ, կարևոր է վերհիշել մեր պատմությունը, մեր հավաքտը, մեր արմատները»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տրդատ քահանա Ուզունյանը:
Թեև թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ սպասվածից ավելի քիչ էին Աղթամարի այցելուները, սակայն հարյուրավոր ուխտավորներ էին այցելել Սուրբ խաչ` թե Հայաստանից, թե սփյուռքից, թե Ստամբուլից:
«Հայերի հետաքրքրությունը պատարագի նկատմամբ բավական մեծ է և տարեցտարի մեծանում է: Բայց պետք է ասեմ, որ զարմանալիորեն հոգևորականները հետաքրքրված չեն: Հայաստանից հոգևորոկաններ չեն գալիս, չեն մասնակցում: Մարդիկ ինքնակամ են գալիս, ապա հեռանում են իրարամերժ զգացմունքերով` հպարտանալով, որ այսպիսի ճարտարապետություն ենք ունեցել, զայրանալով, որ այսօր արդեն մերը չէ, »,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Անիտուր» տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Հռիփսիմե Առուշանյանը:
Պատարագին մասնակցում էր ստամբուլահայ Ջաբաթօղլիների (Ջաբաթյանների) ընտանիքը: Թեև դժվարությամբ, բայց կարողացանք զրուցել նրանց հետ.
«Շատ ուրախ ենք, որ կարողացանք այստեղ գալ, տեսնել մեր եկեղեցին: Առաջին անգամ եմ եկել, սակայն Պոլսից շատ մարդ է մասնակցում»,-մեզ հետ զրույցում իր տպավորությունները կիսեց ազգությամբ հայուհի Օրքիդեա Ջաբաթօղլուն` շեշտելով, որ Ստամբուլում ապրող բոլոր հայերը թուրքական ազգանուն են կրում:
Նրա խոսքով`
«Յան ազգանուն չկա: Բայց բոլորը գիտեն, որ հայ ենք»:
Մեր զրուցակիցը ծնվել է հենց Ստամբուլում: Հարցին, թե ինչպես են վերաբերվում թուրքերը հայերին, նա պատասխանեց.
«Քիչ մը լավ են, քիչ մը գեշ...»:
Ուխտագնացությանը մասնակցում էին լիբանանահայ 80-ամյա Հարություն Բոյաջյանը և նրա կինը` 70-ամյա Հերմինե Բոյաջյանը, ովքեր սիրով զրուցեցին մեզ հետ.
« Մեր այցելության գլխավոր նպատակը պատարագին մասնակցելն էր: Եկել ենք` մեր հայրենքը տեսնելու, մեր նախնյաց եկեղեցիները: Մեր ազգի պատմություն պետք է շատ լավ իմանանք, իսկ ավելի լավ է աչքով տեսնելը»,- մեզ հետ զրույցում ասաց Հարություն Բոյաջյանը:
«Մենք լսել էինք Աղթամարի մասին և երազում էինք: Հիմա, երբ իմ աչքերով տեսա, հագեցած եմ վերադառնալու: Մեր պապերիկառուցածը, մեր ծովը մեր աչքով տեսանք: Չափազանց հուզված ենք վերադառնալու: Երանի մի օր տեսնենք մեր ժողովրդին այս հողերի վրա, տեսնենք մեր հողերն ազատագրված: Դա մեր երազանքն է»,- հավելեց Հերմինե Բոյաջյանը:
Հ. Գ. Անհնար է բառերով նկարագրել աշխարհի տարբեր ծագերից ուխտի եկած հայերի հանդիպումը Աղթամարում:
«Հա՞յ եք» հարցին հետևում էր աննկարագրելի հրճվանքն ու հուզմունքը...
Մշեցի` արդեն քրդացած հայը իր ձեռքով աճեցրած մշո քաղցրահամ խաղող էր բերել Աղթամար և բաժին էր հանում բոլորին:
Սուրբ խաչը միավորեց ուխտավոր հայերին. բոլորի շուրթերին նույն աղոթքն էր...
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան