▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրանով մեր քաղաքացիներին հնարավորություն կտանք հսկայական գումարներ խնայել. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի  ունեցած  կառավարության նիստում,հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ պրոթեզաօրթպեդիկ և վերականգնողական պարագաները պետական հավաստագրերի հիման վրա տրամադրելու ընթացակարգերի ներդրումով պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց պարագաները տրամադրել պետական հավաստագրերի հիման վրա, ինչ արդյունքում այդ գործընթացը կդառնա ավելի հասցեական և արդյունավետ: Միաժամանակ, նախատեսվում է 2019 թ. հնարավորություն ընձեռել շահառուներին ստանալ վերին և ստորին վերջույթների պրոթեզների և օրթոպրոթեզների վերանորոգման ծառայություններ: Շահառուները հնարավորություն կունենան դիմել բուժատեխնիկական հանձնաժողով, ստանալ վերանորոգման անհրաժեշտության և դրա տեսակի վերաբերյալ եզրակացություն և այդ նպատակով դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որոկավորված որևէ կազմակերպություն: Առաջարկվում է նաև՝ 18-29 տարեկան լսողական խնդիրներ ունեցող այն անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվում՝ ստանալ 12-18 տարեկան անձանց տրամադրվող հավաստագրերին համարժեք հավաստագրեր՝ լսողական սարքեր ձեռք բերելու նպատակով:

 

 

 

Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում առողջապահության ոլորտի շուրջ 15,000 աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Արդյունքում շահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի: Շահառուները անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ: Մասնավորապես, առաջարկվում է բուժաշխատողների համար սահմանել սոցիալական փաթեթի շահառուների համար նախատեսված նույն առողջապահական ծառայությունների փաթեթը, բացառությամբ` ամենամյա պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունների: Որոշմամբ նախատեսվում են նաև ապահովագրվճարների հաշվարկման ընթացքում վնասաբերության ձևավորման սկզբունքների հետ կապված փոփոխություններ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է վերոնշյալ որոշումների ընդունումը և նշել, որ քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը վերաբերող որոշումները պետք է դառնան կառավարության ամենօրյա քննարկման առարկա: «Այս հարցերի քննարկումն առանձնանում էր նրանով, որ մենք կոնկրետ որոշումներ կայացրեցինք, որոնց արդյունքում կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ի հազարավոր քաղաքացիների կյանքում լինելու է կոնկրետ փոփոխություն և նրանք զգալու են իրենց կյանքի որակի փոփոխությունը: Ես ուզում եմ արձանագրել, որ սա պետք է լինի մեր գործունեության կարևորագույն ուղենիշներից մեկը: Այսօր ես աշխատակազմի ղեկավարի հետ առավոտյան քննարկման ժամանակ այդպիսի հանձնարարական եմ տվել՝ նաև այդ հանձնարարականը փոխանցել կառավարության անդամներին, որ ամեն օր մեր սեղանին դրված լինեն հարցեր, որոնց օրակարգի առաջին կետը պետք է լինի հետևյալը. մենք պետք է հենց մեր համակարգերում ներկայացնենք որոշումների նախագծեր, որոնց արդյունքում կարող ենք արձանագրել, որ մարդկանց կյանքում տեղի է ունենում կոնկրետ փոփոխություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ կառավարության հիմնական նպատակը և ուղենիշը պետք է լինի այնպիսի որոշումներ մշակել և ընդունելը, որոնց արդյունքում իքս թվով մարդիկ իրենց կյանքում կզգան փոքր, միջին, մեծ փոփոխություն, իրենց կյանքի առօրյայի որակական, էական փոփոխություն: «Սա պետք է լինի մեր կառավարության և նախարարների գործունեության ամենօրյա թիվ մեկ առաջադրանքը, որպեսզի այդ կարգավորումները լինեն մեր հիմնական ուղենիշը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

Անդրադառնալով առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նշել է, որ իրականացվող քաղաքականության արդյունքում պետք է նաև ձևավորել պոլիկլինիկաների աշխատանքի մակարդակի բարձրացման որոշակի պահանջ: «Բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ մենք կապահովենք բարձրորակ որոշակի կադրերի կողմից պոլիկլինիկաներում աշխատելու հետաքրքրությունը: Սրանով բնակչությանը, մեր քաղաքացիներին հնարավորություն կտանք հսկայական գումարներ խնայել, որովհետև նրանք ստիպված չեն լինի իրենց պոլիկլինիկա գնալու փոխարեն այլ հիվանդանոց այցելել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը նշել է նաև, որ բուժհաստատությունները անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու ուղղությամբ իրականացվում են որոշ ծրագրեր: «Նաև բուժտեխնիկայի օգնություններ, աջակցություններ ենք ստանում: Այդ տեխնիկայի ճիշտ, արդարացի բաշխման միջոցով հնարավոր կլինի իսկապես շատ արագ բարձրացնել պոլիկլինիկական սպասարկման մակարդակը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին