▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտցի դպրոցական Գոհար Ղուլյանի բաց նամակը Օբամային

Բարև Ձեզ, մեծարգո պարոն Օբամա:

Իմ անունը Գոհար է, ես 14 տարեկան եմ: Ապրում եմ Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում և սովորում եմ ագրարային քոլեջի 1-ին կուրսում:
Ես վաղուց էի ցանկանում Ձեզ դիմել, արդեն շուրջ 5 տարի, յուրաքանչյուր ապրիլի 24-ից առաջ, բայց միշտ ինչ-որ բան ինձ կարծես հետ էր պահում այդ մտքից. գրելու, մտքերս ձևակերպելու գործընթացը շատ անորոշ էի պատկերացնում, մտքերս չէի կարողանում հանրագումարի բերել, թեև միշտ այդ մտքերի հետ էի, անընդհատ ապրում էի նրանց հետ: Դժվարանում էի գտնել առաջին նախադասությունը, որով պիտի սկսվեր, հետո շարունակվեր նամակս՝ ուղղված ԱՄՆ-ի նման գերտերության նախագահին, ուղղված քաղաքակիրթ մարդկությանը, ուղղված բոլոր նրանց, որոնց համար թանկ է մարդու կյանքը, ովքեր գիտակցում են մարդու իրենց կոչումը և դեմ են պատերազմներին, դեմ են անկարող ծերերի, անմեղ կանանց ու երեխաների արյուն թափելուն:
Հարգարժան պարոն Օբամա:

Հաշված օրեր են մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ես համոզված եմ, որ մեր պատմությունը Դուք շատ լավ գիտեք, բայց մեկ անգամ ևս ցանկանում եմ հիշեցնել. չարագուշակ 1915 թվականին Թուրքիան իրագործեց ցեղասպանություն մի ամբողջ ազգի նկատմամբ. ֆիզիկական բնաջնջում աշխարհի հնագույն ազգերից մեկի՝ առաջին քրիստոնյա ազգի նկատմամբ, և, ըստ որում, նա բնաջնջվեց իր իսկ հայրենիքում, իր դարավոր, իր նախնիների հայրենիքում: Եվ 100 տարի շարունակ այս հնագույն, աշխարհում առաջին քրիստոնյա ու իր իսկ բնօրրանում բնաջնջված ազգի բեկորները (որոնց մի մասը հրաշքով փրկվել, ծվարվել է այս մի քանի հազար քառակուսի/մետրում և առ այսօր կարոտով սպասում է իր հայրենիք վերադառնալու օրվան, իսկ մյուս մասն էլ ցրվել է ամբողջ աշխարհով մեկ), կրկնում եմ, 100 տարի շարունակ արդարություն է պահանջում և 100 տարի ցեղասպան Թուրքիան ժխտում է, մերժում՝ դրանով ավելի ու ավելի խորացնելով ազգիս երբեք չսպիացող վերքը:

Միևնույն է, 200, 500, 1000 տարի էլ անցնի, ժամանակը չի կարող սփոփել մեր վիշտը, մոռացության տալ 1 մլն 500 000 անմեղ հայերի արյունը, որոնք զոհ գնացին թուրքական յաթաղանին միայն այն բանի համար, որ հայ էին: Իսկ գուցե ոչ թե հայերս ենք միամիտ, որ 100 տարի միամտորեն սպասում ենք արդարության վերականգնմանը, այլ Օսմանյան կայսրության երիտթուրք պարագլուխներն էին մարգարեներ, որ 100 տոկոսով համոզված էին, որ չեն պատժվելու, որ քաղաքակիրթ աշխարհը չի դատապարտելու իրենց ոճրագործությունը: Գուցե, այլապես 20-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առջև անմեղ ու անզեն միլիոնավոր մարդկանց չէին մորթի, չէին բնաջնջի:

Դուք համամիտ չե՞ք ինձ հետ, որ եթե ցեղասպան Թուրքիան ժամանակին պատժվեր, հրեաներն էլ չէին ողջակիզվի, ցեղասպանություններ տեղի չէին ունենա Ալժիրում, Ռուանդայում և այլուր, Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանը 1988-ին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայերին չէր կոտորի, անմեղ մարդկանց, ծերերին, կանանց ու երեխաներին չէին խոշտանգի, Ադրբեջանը չէր սանձազերծի պատերազմը Արցախի դեմ՝ հայերին ոչնչացնելու նպատակով, վերջապես մեր օրերում ադրբեջանցի դիվերսանտներ կամ ԻԼԻՊ-ի զինյալների նման ոճրագործներ դժվար թե գոյություն ունենային:

Մի խոսքով՝ Թուրքիայի անպատժելիությունը նորանոր չարիքներ է ծնել և շարունակում է ծնել, այո, Թուրքիայի անպատժելիությունը ճանապարհ է հարթել նաև հետագա բոլոր ցեղասպանությունների համար:

Մեծարգո պարոն Օբամա:
Ես խնդրում եմ Ձեզ, ականջալուր եղեք Ձեր խղճի ձայնին, 1 500 000 անմեղ հայերի հոգիները և նրանց հարազատները արդեն 100 տարի հատուցում են պահանջում, և ապրիլի 24-ին Ձեր ամենամյա ելույթում, աղաչում եմ, օգտագործեք Ցեղասպանություն եզրույթը և կոչ արեք Թուրքիայի ներկայիս պարագլուխներին, որ առերեսվեն իրենց պատմության հետ, վերջ տան իրենց ժողովրդին 100 տարի մոլորեցնելու քաղաքականությանը, հրաժարվեն հայերի Ցեղասպանությունը ժխտելուց և քաղաքակիրթ կերպով ճանաչեն իրենց մեղքը, ինչպես ժամանակին Գերմանիան ճանաչեց հրեաների Հոլոքոստը:

Ես և ինձ հետ միասին հայ բազմաչարար ազգի բոլոր երեխաներս համոզված ենք, որ այս ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը, հենց այն խորհրդանշական օրն է լինելու, երբ ԱՄՆ նախագահը դատապարտելու է հայերի ցեղասպանությունը իրականացնողներին: Ըստ ամենայնի, դրանով ոչ միայն պատմության մեջ Ձեր անունը կարմիր տառերով կգրվի, այլ նաև պատմական բացառիկ ուղերձ կլինի բոլոր ազգերին, որ ոճրագործության դատապարտումը ժամկետ չունի, որ նույնիսկ 100 տարի հետո էլ մեղավորները պատժվում են, որ արդարությունը վաղ թե ուշ վերականգնվում է, և այդ ամենում նշանակալից կլինի հենց Ձեր ավանդը, Միացյալ նահանգների 44-րդ նախագահի ներդրումը, Դուք կլինեք պատմական արդարության վերականգնման ջահակիրը:
Մենք հավատում ենք Ձեզ և սրտատրոփ սպասում ենք ապրիլի 24-ի Ձեր ելույթին:

Շնորհակալություն:

Աղբյուրը` galatv.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին