«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում.
Սիրելի Սյունեցի,
Իրանական խաների և թուրքական հրոսակախմբերի դեմ հայ ազատագրական շարժման առաջամարտիկը լինելով՝ առաջին անգամ չէ, որ պետք է գնաս մարտի: Ցավոք, նորից եկել է ժամը, օրը և տարին՝ ապստամբելու սոցիալական և ազգային ճնշման դեմ:
Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ ազգային ազատագրական շարժումը սկիզբ առած Արցախի ազատագրումից դեռ ավարտին չի մոտեցել և հենց սյունեցին է դա առավել քաջ գիտակցում:
2013 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին ստանձնեցին պարտականություն՝ շարունակել ազգային ազատագրական պայքարը, ապստամբել մեր օրերի ֆեոդալների դեմ:
2013 թվականի փետրվարի 18-ից սկիզբ առած ազատատենչ հայերի շարժումը շարունակվում է, այն ունի ուղղակի թիրախ և ուղղված է մեր ժողովրդին կեղեքող, հարստահարող, մեր Հայրենիքը բռնազավթող, մեր մշակույթը ոչնչացնող թշանամիների դեմ:
Կապանը և Քաջարանը, մեծ եռանդ դրսևորելով, ապացուցին, որ կազմակերպվում են, կառուցում են ամրություններ սանձարձակ տեղական ֆեոդալների, տեղահանների և նրանց զինված հրոսակախմբերի դեմ դիմադրություն ցույց տալու գործում:
Կազմակերպվելու հերթը Մեղրիի և Ագարակինն է: Սեպտեմբերի 29-ին գնալով ընտրատեղամաս՝ Ձեր քվեն տվեք «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջադրված թեկնածու Սամվել Հայրապետյանին:
Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ և Սյունյաց աշխարհի հինավուրց գյուղեր սեպտեմբերի 29-ը հարվածելու, գրոհելու և ազատագրվելու օր է: Սյունիք թափանցած քոչվոր ֆեոդալների դեմ պայքարը ենթադրում է միասնականություն: Սեպտեմբերի 29-ին համատեղ զարկով ազատագրելու ենք մեր քաղաքները և գյուղերը, Սյունիքում հաստատելու ենք հայկական իշխանություն, ուրեմն՝
Հայոց թշնամուն՝ ով Հայրենիքում բնակչության
արտագաղթի պայմաններ է ստեղծում, և միաժամանակ
փորձում է համոզել բոլորին, թե հայրենանվեր գործով է զբաղված, հասցնում ենք մահացու հարված՝
կյանք, ուժ և սեր տալով ՀԱՅԱՍՏԱՆԻ վերածննդին: