▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի վերջին միջադեպը վկայում է՝ էսկալացիայի վտանգն իրական է. Մակրոնը՝ Փաշինյանի հետ ասուլիսին

Սյունիքի վերջին միջադեպը վկայում է՝ էսկալացիայի վտանգն իրական է. Մակրոնը՝ Փաշինյանի հետ ասուլիսին

Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը ցույց են տալիս, որ էսկալացիայի վտանգն իրական է, Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր: Ֆրանսիան շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար ու կայուն խաղաղության ջանքերին»,- ասաց Մակրոնը:

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի համար հայտարարությամբ են հանդես եկել այսօր Փարիզում ունեցած հանդիպումից հետո։

Թարմացված․ Փարիզում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում Էմանուել Մակրոնը հորդորել է Ադրբեջանին` հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին: «Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին: Մենք կկարողանանք դրան հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում: 2022 թվականին Պրահայում դուք Ալիևի հետ հաստատեցիք ձեր հանձնառությունը` Ալմաթայի հռչակագրին: Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը: Կարծում եմ` առավել քան անհրաժեշտ է, որ նա փարատի երկիմաստությունը` Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Ինչ վերաբերում է քարտեզներին` բարեխիղճ աշխատանք պետք է կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանին ուժերի երկուստեք հետքաշման համար»:

Թարմացված․ Փարիզում Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արեց Ադրբեջանին` ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի` 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը: «Համաձայն այս որոշման, Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, ցանկության դեպքում վերադառնան` անարգել և արագորեն: Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, համաձայնության և ինգտեգրման տարածաշրջան: Անհրաժեշտ է, որ հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ և ոչ թե պառակտման»,- ասաց Մակրոնը:

Թարմացված․ «Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Եվրոմիության միջև հաղորդակցական կապերը զարգանան»,- այսօր Փարիզում Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ողջունում եմ այս ընդհանուր հավակնության մեջ ձեր` խաղաղության խաչմերուկներ նախաձեռնության ներդրումը: Մենք այնուհետև կքննարկենք նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցերը: Մենք կշարունակենք աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում, մեր ձեռնարկությունների մասնակցությամբ: Կշարունակենք նաև համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով` չցանկանալով որևէ էսկալացիա: Ֆրանսիան նաև շարունակում է իր մարդասիրական հանձնառությունն` ի նպաստ Հայաստանի և ԼՂ փախստականների` տրամադրելով 29 միլիոն եվրո օգնություն 2023 թվականին: Ֆրանսիան կշարունակի նաև աջակցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացմանը: Այստեղ նույնպես գրանցում ենք առաջընթաց` ի նպաստ ինքնիշխանության և տոկունության: ԵՄ դիտորդական առաքելությունն այսուհետ ամրապնդված է»,- ասաց նա:

Թարմացված․ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ընթացող համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Էմանուել Մակրոնը սեպտեմբերին կայցելի Հայաստան։

«Այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի 100-ամյակը, և ես հույս ունեմ, որ սեպտեմբերին Երևանում մենք միասին կմասնակցենք Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա-համերգին»,- ասաց Փաշինյանը։

Թարմացված․«2022 թվականին Պրահայում տարածաշրջանային խաղաղության և կայունության համար անկյունաքարային սկզբունքներ ընդգծվեցին, և համոզված եմ, որ այդ սկզբունքներին համատարիմ մնալու դեպքում իսկապես խաղաղությունը հասանելի է և իրատեսական»,- այս մասին այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով ՀՀ հավատարմությունը այդ պայմանավորվածություններին։

Նա հավելել է, որ Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը:

«Մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է ու ՀՀ ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանները, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելն է և մեր երկրի դիմադրողականությունը բարձրացնելը»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ ՀՀ պաշտպանունակության զարգացումը չի կարող որևէ մեկին անհանգստացնել։

Ըստ վարչապետի` Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները գտնվում են «հատկապես դինամիկ փուլում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին