▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և այլ նախկին պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տարոն Մարգարյանը, 2009թ. հուլիսի 6-ից մինչև 2011թ. նոյեմբերի 15-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, իսկ 2011թ. նոյեմբերի 15-ից մինչև 2018թ. հուլիսի 9-ը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարելու և կազմակերպելու, սահմանված կարգով Երևանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի և սահմանանիշերի պահպանությունն ապահովելու, ինչպես նաև իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելու և Երևանի սեփականություն համարվող գույքը տնօրինելու լիազորություններ, 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ:

Վերջինիս հանձնարարությամբ՝ 2011թ. Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների զբաղեցրած 13.172 քմ հողատարածքից անհիմն նվազեցվել է 3693,12 քմ. մակերեսով հողատարածք, որից 3569,8 քմ. մակերեսով հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով, օտարվել է վերջինիս սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն:

Այնուհետև, 2012 թվականին, Ավանեսովի փողոցում գտնվող՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքից անհիմն նվազեցվել է 580,63 քմ. մակերեսով հողատարածք, որից 575 քմ. մակերեսով հողատարածքը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին, իսկ 2014թ. նույն ՀՈԱԿ-ի կողմից զբաղեցրած հողատարածքից կրկին անհիմն նվազեցվել է 863,34 քմ. մակերեսով հողատարածք, որը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով կրկին ձեռք է բերել Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը՝ դպրոցներին զրկելով փաստացի իրենց ամրակցված հողատարածքներն ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաև պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Հետագայում, 575 քմ. և  863,34 քմ. մակերեսով օտարված հողատարածքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող մեկ հասցեում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով, մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տարոն Մարգարյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

 

«Դեռեւս 2018թ. օգոստոսին հարուցված եւ մինչ օրս ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող զավեշտալի մի քրեական գործով (իսկ զավեշտը նրանում է, որ այս քրեական գործը ոչ մի բանի մասին է կամ, ինչպես կարտահայտվեր հայտնի լրագրողը, ով համատեղության կարգով զբաղեցնում է ՀՀ վարչապետի աթոռը՝ «գործը ջուր է») 2021թ. փետրվարի 14-ին՝ ժամը 02:00-ին, Տարոն Անդրանիկի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Պարոն Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ես եւ պաշտպանյալս առհասարակ հակված չէինք հրապարակայնացնելու այս հանգամանքը, սակայն, քանի որ ՀՀ քննչական կոմիտեն հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ, որում ժամանակակից իրավաբանությանը ինչպես հայտնի, այնպես էլ ոչ այնքան հայտնի բարդագույն տերմինններով նկարագրել է պարոն Մարգարյանի կողմից կատարված «դարի հանցագործությունները», ստիպված եմ կարճ անդրադառնալ մի քանի հանգամանքների: Այսպես.

Պաշտպանյալս 2021թ. փետրվարի 07-ից առողջական խնդիրներով պայմանավորված գտնվել է ՌԴ Մոսկվա քաղաքում:

2021թ. փետրվարի 11-ին տեղեկացել ենք, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել պարոն Մարգարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ նույն օրը կապնվել ենք քննիչի հետ ու պայմանավորվել, որ փետրվարի 13-ին պարոն Մարգարյանը կվերադառնա ՀՀ եւ կներկայանա քննչական կոմիտե:

Պարոն Մարգարյանը, ինչպես միշտ, հավատարիմ մնալով իր խոստմանը, փետրվարի 13-ին՝ ժամը 23:05-ին վերադարձել է ՀՀ եւ անմիջապես ներկայացել է նախաքննական մարմնին, որտեղ էլ վերջինիս առաջադրվել է մեղադրանք:

Այդ օրն էլ պարզել ենք, որ նախաքննական մարմինը, «մոռանալով», որ փետրվարի 11-ին մեզ հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, նույն օրը պարոն Մարգարյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում:

Ինչեւիցե, ես եւ պաշտպանյալս քննիչին միջնորդել ենք հստակեցնել մեղադրանքի բովանդակությունը, պարզաբանել դրանում տեղ գտած մի շարք հանգամանքների էությունը՝ ապահովելով մեղադրանքի որոշակիության սկզբունքը եւ հնարավորություն տալով մեզ հասկանալ, թե ստույգ ինչու՞մ է մեղադրվում պարոն Մարգարյանը (ժողովրդական լեզվով ասած՝ կոնկրետ ի՞նչ է արել, ի՞նչ չի արել, ինչի՞ կամ ու՞մ համար է արել եւ այլն եւ այլն):

Քննիչին միջնորդել ենք նաեւ ծանոթացման համար մեզ տրամադրել մեղադրանքի որոշման մեջ վկայակոչված փաստաղթերը (անհատական ակտեր, հատակագծեր, գեոդեզիական եւ քաղաքաշինական փաթեթներ եւ այլն եւ այլն)՝ պատրաստակամություն հայտնելով դրանից հետո տալ մանրամասն ցուցմունքներ եւ նշելով, որ առանց այդ փաստաթղթերի ուսումնասիրության պաշտպանյալիս կողմից ցուցմունք տալը կրելու է զուտ ձեւական բնույթ:

Հարգարժան նախաքննական մարմինը մինչ օրս չի բավարարել մեր կողմից հարուցված միջնորդությունները, որոնք ոչ թե մեր քմահաճույքն են, այլ Կոնվենցիոն պահանջ, որոնց ապահովման դեպքում միայն հնարավոր կլինի արդյունավետորեն իրացնել պարոն Մարգարյանի պաշտպանության հիմնարար իրավունքը:

Փոխարենը, ՀՀ քննչական կոմիտեն ժամանակ է գտել տարածելու վերը նշված հաղորդագրությունը, ինչից ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ պարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ բացառապես այդ հաղորդագրությունը տարածելու նպատակով:

Պետք է փաստեմ, որ պարոն Մարգարյանն այս ֆարսին վերաբերում է հումորով:

Իսկ ես պարզապես ֆիքսեմ կարեւոր մի բան եւս. այս քրեական գործը քննող քննիչները, գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազները բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, ուստի վստահորեն կարելի է նշել, որ քրեական գործով իրականացվող գործողությունները, որոնցով խախտվում են պաշտպանյալիս եւ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, ոչ թե անփորձության եւ տգիտության, այլ ուղղակի դիտավորության արդյունք են... թե որտեղից է գալիս այդ դիտավորությունն ու ինչ նպատակ է հետապնդում, վստահաբար կպարզենք հետագայում:

Կրկին տեղին է հիշել հին սովետական դատախազական աֆորիզմը»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին