Սույն թվականի սեպտեմբերի 21-ին, Թբիլիսիի «Arthall» համերգային դահլիճում մեծ շուքով նշվեց ՀՀ անկախության 22-րդ տարեդարձը և Վիրահայոց թեմի «Ջեյրան» պարային համույթի 10-ամյակը: Հոբելյանական միջոցառումը նախաձեռնել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, դիվանագետներ, հոգևոր դասը, թբիլիսահայ կառույցների ղեկավարներ, հասարակայնության ներկայացուցիչներ:
Մայր հայրենիքի անկախությանը նվիրված տոնական միջոցառումը բացեց հոբելյար «Ջեյրան» համույթը (պարուսույց և գեղարվեստական ղեկավար Սվետլանա Երիցյան) «Կապույտ երազ» պարով՝ խորհրդանշորեն անկախությունը ներկայացնելով որպես հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացում:
Բացելով միջոցառումը՝ Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի պատասխանատու, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը վավերագրական կադրերով սլայդների ուղեկցությամբ ներկայացրեց «Ջեյրանի» անցած ուղին՝ կազմավորման ժամանակից մինչև մեր օրերը:
Ու հաջորդեցին միմյանց կոմպոզիցիաները և ազգային և վրացական պարերը «Ջեյրան» համույթի և նորաստեղծ «Մուշ» մանկական համույթի կատարմամբ, իրենց կատարողական մեծ արվեստով արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և որոտընդոստ ծափահարություններին: Համերգը համեմված էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի անհատ կատարողներ Աննա Պողոսովայի, Անի Ղուշչյանի, Դիանա Մովսիսյանի, Էմմա Պողոսովայի, Նադյա Զախարյանի, Հենրիխ Պետրոսյանի, Նինա Կարապետյան-Գևորկովայի, Հովհաննես Շահնազարյանի, ջութակահարուհի Ստելլա Մկրտչյանի, դուդուկահար Վանո Մկրտչյանի կողմից հայ ազգին և Հայաստան աշխարհին նվիրված տարբեր երգերի շնորհալի կատարումներով: «Ջեյրան» պարային համույթին և նրա գեղարվեստական ղեկավար Սվետլանա Երիցյանին ձոնված Անահիտ Բոստանջյանի բանաստեղծության ընթերցմամբ հանդես եկավ Թբիլիսիի թիվ 104 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Լիզա Թորոսյանը:
Հավարտ միջոցառման հանդիսատեսին իր օրհնությունը հղեց և ՀՀ անկախության օրվա առթիվ շնորհավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Անդրադարձ կատարելով շնորհաշատ պարուհի, մեծավարպետ պարուսույց Սվետլանա Երիցյանի ստեղծագործական ուղուն, Թեմակալ առաջնորդը Վրաստանի «Պատվո» շքանշանակիր և ՀՀ Կոմիտասի մեդալակիր Սվետլանա Երիցյանի գործունեությունն անվանեց առաքելություն հայ ժողովրդի դարավոր պատմությունը պարի միջոցով աշխարհին ներկայացնելու և հայ պատանիներին և աղջիկներին գեղագիտորեն դաստիարակելու ուղղությամբ և համույթին նվիրեց թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի կտավը: Սրբազան Հայրը բարձր գնահատեց միջոցառման կազմակերպիչներ «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի, գեղարվեսստական ղեկավար Պավել Օգանեզովի, տեխնիկական ծառայությունների պատասխանատու Վալերի Բադալյանի աշխատանքը, անվանելով այն ծառայություն հայապահպանության գործին:
Տոնական համերգը եզրափակվեց Ալբերտ Աբգարյանի «Դեպի ապահով Հայաստան» երգի խմբային կատարմամբ: Միջոցառումն ավարտվեց տոնական տորթով և հրավառությամբ:
Վիրահայոց թեմ