Թող որևէ մեկը չասի, որ կատարվածն անակնկալ էր՝ բոլորը զգուշացվել են ուղիղ 2 տարի առաջ
Դա կարող է տարօրինակ թվալ, սակայն այնպես է ստացվում, որ իշխանության կողմից նախաձեռնված Գագիկ Ծառուկյանի քաղաքական էքզեկուցիան ոչ թե ԲՀԿ-ին, այլ հատկապես ՀԱԿ-ին հասցված դաժան հարված էր: Այսօր կարելի է երկար-բարակ խոսել այն մասին, որ պարոն Ծառուկյանն անկեղծ էր իր մղումներում և ազգի լավն էր ուզում: Պարոն Ծառուկյանի ազնիվ մղումները հիմք ընդունելով քաղաքական համագործակցության վերաբերյալ որոշում կայացվեց առանց հաշվի առնելու այն, որ ԲՀԿ առաջնորդը ոչ միայն հակված չէ լրջորեն քաղաքականությամբ զբաղվելու, այլև անձնապես էլ զուրկ է քաղաքական ասպարեզում իրապես անկաշկանդ գործելու հնարավորությունից: Դրանով հանդերձ հենց նա դարձավ ընդդիմադիր եռյակի միավորման առանցքը, որի շնորհիվ էլ ձևավորվեց վերջին երեք տարիների ներքաղաքական ինտրիգը: ՀԱԿ-ն ու “Ժառանգությունը” ԲՀԿ-ին ընկերակցելու միջոցով էին փորձում վերականգնել իրենց քաղաքական կշիռն ու ազատվել պարտվողի պիտակից, սակայն զարգացումներն այնպիսի ընթացք ստացան, որ ԲՀԿ առաջնորդի նահանջը նրանց կրկնակի պարտվածի վիճակում դրեց: Ուշագրավ է հատկապես այն, որ պարոն Ծառուկյանը նահանջեց պարոն Սերժ Սարգսյանի ճնշման տակ, իսկ պարոն Սերժ Սարգսյանն էլ, ամենայն հավանականությամբ, կհետևի պարոն Ռոբերտ Քոչարյանի հորդորին՝ զերծ կմնա ռեպրեսիվ քայլերից, բայց այն պայմանով, որ պարոն Ծառուկյանն այլևս քաղաքականությամբ չի զբաղվի: Մեծ հաշվով պարոնայք Սարգսյանն ու Քոչարյանն են սահմանել այս փոքրիկ թյուրիմացությունը հաղթահարելու հնարավորությունն ապահովող պայմանները՝ պարոն Ծառուկյանը շնորհազրկվեց, իսկ իր անվան շուրջ կառուցված առասպելաբանությունն էլ հոդս ցնդեց, սակայն ԲՀԿ-ն կարող է շարունակել կատարել թիվ երկու քաղաքական ուժի դերը և արդեն առանց ՀԱԿ-ի կամ “Ժառանգության”: Ու թող որևէ մեկը չասի, որ կատարվածն անակնկալ էր՝ բոլորը զգուշացվել են ուղիղ երկու տարի առաջ: