▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին` «պարկի» մեջ

 

Hayzinvor.am-ը գրում է.

-Հակառակորդի հետ նույն բարձրության վրա ենք, չէ՞, պարոն կապիտան,-հեռադիտակով նայելով «Լյալյա Իլյագի» կոչվող բլրին` հարցնում եմ վաշտի հրամանատար Աշոտ Հակոբյանին:

-Դեռ մի փոքր էլ ավելի բարձր ենք,- պատասխանում է կապիտան Հակոբյանն ու պարզաբանում,- հակառակորդի կողմից գրավված բլուրը շրջափակված է մեր դիրքերով, իսկ այստեղից վերահսկվում է ամբողջ շարժը: Կարելի է ասել` թշնամին «պարկի» մեջ է:

Հայտնի դարձած բլուրն այս դիրքից անգամ անզեն աչքով ասես ափիդ մեջ լինի, իսկ հեռադիտակով դիտարկելիս այնպիսի  տպավորություն է, թե հենց այնտեղ ես կանգնած: Մեզ ու հակառակորդին բաժանում է ընդամենը 150 մետր տարածություն:  Ապրիլի 2-ին այստեղ ծավալվել են ամենաթեժ մարտերը: Հակառակորդը կենտրոնացրել էր իր զրահատանկային և հետեւակային ուժերը` հասկանալով` առանց այս հենակետի գրավման իր «նվաճումն» իմաստազրկվում է: Միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանի գլխավորությամբ հատուկ նշանակության խումբը և դիրքապահ ութ զինվորները հենակետը պաշտպանել են երեք օր: Երեք օր անհավասար մարտ են մղել և կասեցրել հակառակորդի խոշոր ուժերի ճեղքումը հարավարևելյան ուղղությամբ:

-Եթե կորցնեինք այս դիրքը, կկանգնեինք ամբողջ պաշտպանական շրջանի լինել-չլինելու հարցի առաջ, – ասում է վաշտի հրամանատարը:- Շփման գծի ամենածայրն է, մեզ ու նրանց բաժանող վերջին կետը (շեշտում է ամեն բառը):

Միջդիրքային տարածքում, որտեղից մարտ են վարել մեր զինվորականները, ամեն քայլափոխի ոտքիդ տակ շոշափում ես տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ: Փորված փոսերն էլ հուշում են` մարտին զուգահեռ զինծառայողներն ամրացել ու քողարկվել են: Դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Հովհաննիսյանը հակառակորդի հարձակման օրը այստեղ էր:

-Որոշակի հաջողություն ունենալով աջ թեւում՝ թշնամին  մոտեցավ մեր դիրքին: Բայց թույլ չտվեցինք  առաջանալ: Սկզբում կազմակերպեցինք  շրջանաձեւ պաշտպանություն, սակայն նկատելով, որ հակառակորդի ուժերն անհամեմատ մեծ են, անցանք պաշտպանության ամբողջ ճակատով: Մեզ օգնության եկան հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները, և կասեցրինք ներխուժումը մեր պաշտպանական շրջանի թիկունք,- պատմում է լեյտենանտ Հովհաննիսյանը:

Նա ընդգծում է, որ ժամանակի փորձություն անցած՝ «Փոքր ուժերով` մեծ խնդիր» ռազմավարությունն այս պատերազմում էլ իրեն արդարացրեց:

-Հակառակորդն այստեղ մոտ 40 զոհ տվեց և ապրիլի 4-ի գիշերը ետ քաշվեց: Այս հենակետի պաշտպանության ժամանակ զոհվեցին հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ Նվեր Սիմոնյանը, Ղարիբ Սահակյանը, Ազնավուր Բալայանը: Այստեղ ամփոփված է Ազնավուր Բալայանի մասունքների մի մասը: Սա այլևս սովորական հենակետ չէ. մեզ համար այն հայրենիք է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին