▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը սպառնացել է նախկին կնոջը, որ սեռական հարաբերությունների տեսանյութը կտարածի սոցցանցերում

Էդուարդ Ա․-ին  մեղադրանք է առաջադրվել նախկին կնոջ և խորթ դստեր նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն գործադրելու, նաև հրազենային փամփուշտներ ապօրինի պահելու համար:

Այս մասին հայտնում է Իրավաբան.net-ը՝ «Դատալեքս» դատական-տեղեկատվական հարթակին հղումով։

Գործը դատարան է ստացվել 2023 թվականի հոկտեմբերի 6-ին և մակագրվել  դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 

Էդուարդ Ա․-ն, հանդիսանալով նախկին կնոջ Աիդա Ք․-ի դստեր՝  անչափահաս Է․ Դ․-ի խորթ ծնողը, ֆիզիկական ներգործության է ենթարկել վերջինիս, հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել իրենից կախվածության մեջ գտնվող նախկին կնոջը,  ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ակոսափող հրազեններից կրակելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող թվով 9 փամփուշտներ։

2020 թվականին Աիդա Ք․-ն, մեկ երեխա ունենալով և ամուսնալուծված լինելով, ծանոթացել է Էդուարդ Ա․-ի  հետ։ Նրանց հարաբերությունները խորացել են, և 2021 թվականի մայիսի 21-ից նրանք համատեղ բնակվել են՝ վարձակալական հիմունքներով։ Սակայն 2022 թվականի ընթացքում Էդուարդ Ա․-ն պարբերաբար բռնություն է կիրառել անչափահաս Է․ Դ․-ի նկատմամբ՝ բղավելով, ապտակելով և քաշելով մազերից ու ձեռքից։

Բացի այդ, Էդուարդ Ա․-ն  բռնություն է գործադրել նաև Աիդա Ք․-ի նկատմամբ։ 

2023 թվականի հունվարին, դատարանի որոշմամբ, նրան արգելվել է մոտենալ նախկին կնոջ։ Սակայն նա խախտել է այս որոշումը՝ Նարեկացի թաղամասում մոտենալով Աիդա Ք․-ին և Է․ Դ․-ին՝ պահանջելով կանգնել և զրուցել իր հետ։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը  2023 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում բազմիցս սպառնացել է Աիդա Ք․-ի և Է․ Դ․-ի կյանքին և նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացրել «Վոթսափ» հավելվածի և հեռախոսազանգերի միջոցով։ 

Նա նաև հայտնել է, որ տեսաձայնագրել է Աիդա Ք․-ի հետ ունեցած սեռական հարաբերությունները և սպառնացել դրանք տարածել սոցիալական ցանցերում, եթե կինը հրաժարվեր շարունակել շփումը։

2023 թվականի հունիսի 22-ին իրավապահները հայտնաբերել են Էդուարդ Ա․-ի  բնակության վայրում պահվող ռազմամթերք՝ թվով 9 փամփուշտ։

Աիդան և Էդուարդը  ծանոթացել են 2020 թվականի աշնանը «Զվարթնոց» օդանավակայանում։ 

2021 թվականի մայիսին Աիդայի եղբայրը հանդիպել է Էդուարդին և պահանջել այլևս չխառնվել քրոջ գործերին։ Սակայն դրանից հետո զույգը շարունակել է համատեղ ապրել՝ Աիդայի աղջկա հետ։

Նրանց հարաբերությունները ուղեկցվել են կենցաղային կոնֆլիկտներով, որոնք հաճախ ավարտվել են Էդուարդ Ա․-ի՝ տունը լքելով։ Աիդան, սիրո խոստովանություններով, նրան բազմիցս վերադարձրել է։ 

Սակայն 2022 թվականի ամռանը իրավիճակը բարդացել է։ Աիդան վիրահատվել է՝ ուռուցքի պատճառով, իսկ վիրահատության գումարը ստացել է ծրագրից, որի դիմաց ստիպված էր թարգմանություններ կատարել։ Սա հանգեցրել է նոր վեճերի և հարաբերությունների վատթարացման։

2023 թվականի ապրիլին Էդուարդը փորձել է վերականգնել կապը Աիդայի հետ, սակայն հանդիպումից հետո բռնություն է գործադրել, երբ Աիդան ասել է, որ իր կյանքում այլ տղամարդ կա։ Դրանից հետո տղամարդը բազմիցս զանգահարել է Աիդային՝ չցանկանալով բաժանվել։

Ամբաստանյալի խոստովանությամբ՝  նրանց վեճերի հիմնական պատճառը եղել է խանդը։ Աիդան, իր հերթին, համատեղ բնակվող ամուսնու հեռախոսի մեջ հայտնաբերել է այլ կանանց հետ հաղորդագրություններ, ինչը խորացրել է վեճերը։

Նշվում է նաև, որ առաջին անգամ Էդուարդը  հարվածել է Աիդային, քանի որ իմացել է՝ գումար է պարտվել խաղային ծրագրում։ 

Տղամարդու կողմից գործադրված բռնությունները ներառում են Աիդային և նրա դստերը հասցված հարվածներ, ինչը Աիդայի խոսքով լուրջ վնաս է հասցրել նրա հոգեկան առողջությանը։ Սակայն ամուսինը հրաժարվում է ընդունել, որ իր գործողությունները հոգեկան տառապանք են պատճառել Աիդային։

Դատահոգեբանական փորձաքննության ընթացքում պարզվել է, որ Աիդան հոգեկան տառապանքը պայմանավորված է տարբեր փոխկապակցված գործոններով, որոնք ներառում են առողջական խնդիրներ, ֆինանսական դժվարություններ, սոցիալական աջակցության բացակայություն, ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ, ինչպես նաև Էդուարդի կողմից գործադրված բռնությունը։

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են Էդուարդ Ա․-ի  անձնագիրը, բանկային քարտեր, փաստաթղթեր, փամփուշտներ և այլ առարկաներ, որոնք ներառում են նաև ընտանեկան բռնության գործով անհետաձգելի միջամտության որոշումը։

Վկաների  ցուցմունքները ընդգծել են ընտանիքի անդամների հարաբերությունների բարդությունը, ինչպես նաև ֆիզիկական ու հոգեբանական բռնության հետևանքները Աիդայի և նրա երեխայի կյանքի վրա։

Էդուարդ Ա․-ն  մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Նա դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման՝ 2023 թվականի հունիսի 22-ից հաշվարկվող ժամկետով։

Դատավճիռը հրապարակվել է սեպտեմբերի 5-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին