Միաժամանակ հուզիչ ու ճնշող էր Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մեր երեք օդաչուների հոգեհանգստյան արարողությունը. ուղեղիցդ չէր հեռանում այդ միտքը, որ մեր եղբայրները չհասցրեցին իրենց արտասովոր, բացառիկ, երեւացող հերոսությունն անել /նրանք արդեն հերոսներ էին իրենց ամնօրյա լուռ ծառայության բերումով, ինչպես որ հազարավոր հայորդիներ/, որով կհպարտանայինք այնպես, ինչպես օրերս հպարտություն ապրեցինք ուղղաթիռի անկման վայրում 4 հոգանոց հատուկ ստորաբաժանման իրականացրած բացառիկ գործողությամբ: Իմ ազգից էլ հերթական անգամ հիացած եմ, որ այսպիսի բարդ եղանակային պայմաններում, ահել-ջահել, աղջիկ-տղա ժամերով կանգնեցին անձրեւի տակ՝ մեր երեք արծիվներին իրենց վերջին հրաժեշտի խոսքն ու երախտիքի տուրքը հայտնելու համար: Տղերք ջան, հոգիներդ լույս դառնա ու բարի երազներ գաք ձեր ընտանիքների անդամներին ու բալիկներին: