Ինդոնեզիայում վագրերը հարձակվել են վեց տղամարդու վրա` սպանելով նրանցից մեկին, իսկ մյուս հինգին ստիպել են ծառը բարձրանալ: BBC-իի հաղորդմամբ տղամարդիկ երեք օր է, ինչ ծառից չեն կարողանում իջնել, քանի որ վագրերը ներքևում հսկում են:
Պարզվում է, որ ինդոնեզացիները Սումատրա կղզու Գունունգ Լեսեր ազգային պարկի ջունգլիներում օծանելիքի արտադրության համար փնտրելիս են եղել փայտի հատուկ մի տեսակ, և ծուղակ են լարել` իրենց սնունդով ապահովելու համար, սակայն պատահաբար մի վագրիկ էին բռնել, որը սատկել է: Լսելով վագրիկի ոռնոցը`վագրերի խումբ է հավաքվել և հարձակվել է նրանց վրա:
Տղամարդիկ կապ են հաստատել մերձակա գյուղի բնակիչների հետ, ովքեր և շտապել են օգնության, սակայն տեսնելով չորս վագրերին` հետ են վերադարձել. տեղեկացնում է NEWSru.com-ը` նշելով, որ ոստիկանապետի հավաստմամբ օգնության հասած 30 փրկարարների խմբից 2-3 օր կպահանջվի տղամարդկանց օգնելու համար:
Նշենք, որ Գունունգ Լեսեր ազգային պարկում գտնվող վագրերը, որոնք կոչվում են Սումատրիայի վագրեր, գտնվում են միայն նույնանուն կղզում: