▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագ Ռաշ. «Ներողությունն ավելորդություն եմ համարում»

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ  հարցերին պատասխանում է  «Վահագ Ռաշ» խմբի մենակատար Վահագն Ռուշանյանը:

 - Ձեր  փոքր  ժամանակվա ամենասիրելի խաղալիքը և ինչո՞ւ   էիք այն սիրում:

-Փայտե  ձին ու թուրը. ձիուն հեծած գնում էի թուրքերի դեմ կռվելու:

-Ձեր բնավորության ո՞ր գծից կնախընտրեիք հրաժարվել:
 
-Շուտ եմ հիասթափվում:
 
-Երաժտությունը  կյա՞նք է,  թե՞  կյանքն  է երաժշտություն:
 
-Երկուսն էլ:  Առանց երաժշտության, կարծում եմ, որ կյանքը դատարկ կլիներ.  ինձ երաժշտությունն է տրամադրություն թելադրում:
 
-Ըստ Ձեզ` աշխարհի կործանումը  կկանխի … :
 
-Աշխարհը կործանումից դեռ շատ հեռու է. բնությունը  դեռ այդքան չի զայրացրել մարդկության վրա: Չեմ բացառում, որ շատ տարօրինակ երևույթներ կարող են կատարվել, որոնք բնության կողմից մարդկությանն ուղղված կոչ են առ այն,  որ պետք է կանգ առնել,  հակառակ դեպքում ավելի վատ բաներ կարող են տեղի ունենալ: Տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է, նույնիսկ,  մեկ ծառի ոչ բնական եղանակով «մահանալը»  կարող է հանգեցնել մեծ աղետների:
 
-Նակամուրան իր ստեղծագործություններից մեկում  գրում է` «Դատարկությունը նույնիսկ տեսնել հնարավոր չէ»: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք դատարկությունը և երբևէ  «հայտնվե՞լ դրանում»:
 
-Կարծում եմ`  մարդու կյանքում դատարկություն է, երբ վերջինս հասկանում է, որ ժամանակը զուր է վատնել ու հայտնվել  մի իրավիճակում, երբ  ոչինչ չունի. ընկերներ, հարազատներ…Ոչ ոք և ոչինչ… Սա հոգու դատարկությունն է, բայց, ըստ իս, երբեք ուշ չէ ամեն ինչ  նորից սկսել, ուղղակի դրա համար շատ մեծ կամքի ուժ է հարկավոր:
 
 
-Դժվարությա՞մբ  եք ներողություն խնդրում:
 

 - Շատ: «Ներողություն»  բառն ընդհանրապես չեմ սիրում: Կարծում եմ` դա ավելորդ է, եթե դու մարդու համար թանկ ես և դա  փոխադարձ է. պետք  չէ այնպիսի բան անել, որ ներողության կարիք առաջանա, իսկ անելու դեպքում`  տվյալ  անձնավորությունը  պետք է  կարողանա ներել կամ հեռացնել  քեզ իր կյանքից:
Ես ներողությունն  ավելորդություն եմ համարում.հասկացել եմ,  ներողությունից հետո  ամեն ինչ ավելի է բարդանում:
                                                                                                 
 -Ի՞ նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:

-Ասում են, որ դանակահարության համար դատապարտված եմ եղել,  նույնիսկ չգիտեմ` որտեղի՞ց նման ինֆորմացիա: Բարեբախտաբար, նույնիսկ կռիվ անելու պատճառով չեմ հայտնվել ոստիկանության բաժանմունքում, չնայած, որ ուսանող ժամանակ բավական չարաճճի երիտասարդ եմ եղել: 

Նաև խոսակցություններ են պտտվում, որ ամուսնացած եմ եղել և  երեխա ունեմ, ինչը ևս հերքում եմ: 

  -Սիրո՞ւմ եք խենթությունների դիմել. կհիշե՞ք ամենավերջինը:

 -Ընդհանրապես, շատ եմ սիրում խենթություններ անել: Վերջին խենթությունս եղել է այն, որ Ուկրանիայում եղած ժամանակ մեկ օրով եկել եմ Հայաստան ու վերադարձել` հաճելի մարդուն հաճելի նվեր մատուցելու համար:

 

 -Կարծրատիպեր,  որոնք  «կոտրում»  եք:

-Կարծրատիպեր չունեմ և չեմ սիրում այդ երևույթը, ապրում եմ,  ինչպես  ինձ է հաճելի` առաջնորդվելով  «ճիշտը ինձ համար մեկն է» սկզբունքով: 

-Դիմացինի մեջ ամենաշատը ի՞նչն եք կարևորում:

-Ազնվությունը, անկեղծությունը և նվիրվածությունը:

-Ինչի՞ց եք ամենաշատը նյարդայնանում,  ինչի՞ց` ուրախանում:

-Նյարդայնանում եմ,  երբ մարդիկ առանց հասկանալու և բացատրություն լսելու ենթադրություններ ու եզրակացություններ են անում:

Նյարդայնացնող երևույթները շատ են,  պարզապես,  աշխատում եմ աչք փակել դրանց վրա: Առանց այն էլ,  կյանքը լի է խնդիրներով. պետք է խնայել նյարդերը: Ուրախանում եմ, երբ հայրենակիցներս   ինչ-որ բնագավառում  հաջողության են  հասնում: Շատ բաներից եմ  ուրախանում…

-Իրակա՞ն , թե երազների աշխարհում եք նախընտրում ապրել և ինչո՞ւ:

-Իրական ռոմանտիկայով և երազանքներով լի, այսպես ասած`այդ երկուսի  «միքս»  աշխարհում: Իրական կյանքը շատ ձանձրալի է, և մենք պետք է գունավորենք այն`  ճիշտ  երեխաների համար նախատեսված   «ներկիր ինքդ»  նկարների նման:  

Մենք  այն գունազարդում ենք`  կամ ռեալ գույներով,  կամ մեր ցանկությամբ, կամ էլ անգույն թողնում…

Հեղինակ` Անի Բեքիրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին