▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահե Պարազյանից պահանջում են ներողություն խնդրել Սամվել Կարապետյանի ընտանքից, կամ մեռնել

Ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանի ընտանիքի և գործարար Վահե Պարազյանի միջև հակամարտությունը, որով իրավապահ մարմիններն են զբաղվում, ամսե ամիս ավելի է սրվում:

Օրերս Սամվել Կարապետյանի եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի ավագ որդին է իր պարտքն է համարել «խառնվել» գործին:

Forrights-ն է գրում այս մասին ու նշում, որ Վահե Պարազյանը կայքին հայտնել է, որ Վահե Կարապետյանը հանդիպման է հրավիրել իր հայրիկին:

«Հանդիպել են հորս հետ, պահանջել են, որ ես լրատվամիջոցներով ելույթ ունենամ ու ասեմ, որ իրենց զրպարտել եմ, ներողություն խնդրեմ իրենցից, սպառնացել են, որ եթե ես չկատարեմ իրենց պահանջը, ինձ կսպանեն: Հայրս վախենում է իմ կյանքի համար», — վստահեցրել է Վահե Պարազյանը:

Երկու գործարար ընտանիքների միջև հին հաշիվներ կան:  Հուլիսի 3-ին «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանի եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին՝ Նարեկ Կարապետյանը, թիկնապահների հետ երկու անգամ ծեծի է ենթարկել Վահե Պարազյանին: Վերջինս կապտուքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Քննչական կոմիտեն Պարազյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենգրքի 118-րդ հոդվածով՝ «Ծեծը», և 182-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ կետով՝ շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով։

Ավելի վաղ, ինչպես պնդում է Պարազյանը, Կարապետյանները խլել են իր և իր եղբոր՝ Հովհաննես Պարազյանի հիմնած բիզնեսը, օգտագործելով իրենց կապերը ՌԴ իրավապահների շրջանում քրեական հետապնդման թիրախ են դարձրել Պարազյաններին, ի վերջո, երբ վերջիններս արտագաղթել են Հայաստան, կրկին գտել են նրանց ու հիմա էլ նրանցից 10 միլիոն եվրո են պահանջում՝ գումար, որն իրենք, իբր, ժամանակին պետք է ստանային Պարազյաններից, բայց չեն ստացել:

«Մինչ օրս քննիչները հարցնում էին ինձ, թե ինչ ապացույց ունեմ, որ անձամբ Նարեկն է սպառացել ինձ, գումար շորթել,  մարդիկ է ուղարկել իմ դեմ: Իմ ներկայացրած ապացույցները՝ սմս հաղորագրությունները, զանգերը, նրանց չէին բավարարում: Հիմա Վահե Կարապետյանը անձամբ ինձ սպառնացել է», — ներկայացրել  է Վահե Պարազյանը:

Նրա խոսքով, Կարեն Կարապետյանի ավագ որդի Վահեն նոյեմբերի սկզբին երկու հանդիպում է ունեցել իր հոր հետ: Առաջին հանդիպման ժամանակ խոսել են բարիշելու, ընդհանուր լեզու գտնելու մասին, այն  մասին, որ լարվածությունը կողմերից ոչ մեկին պետք չէ, որ հարցերը պետք է խաղաղ լուծվեն:

«Առաջին անգամ նորմալ ընդունեցին հայրիկիս, ասեցին, որ ամեն ինչ կանեն, որ Ռուսաստանում իմ դեմ հարուցված քրեական  գործերը դադարեցվեն: Բայց երկրորդ հանդիպման ժամանակ արդեն, երևի, հանդիպել էին Սամվել Կարապետյանի հետ, ու խոսակցության տոնը փոխվեց: Իրենք լրիվ ուրիշ պայման դրեցին՝ որ ես պետք է լրատվականներով ներողություն խնդրեմ Կարապետյանների ընտանքից ու իրենք ինչ ասեն, ես պետք է գնամ, քննչականներում գրեմ, հակառակ դեպքում, ասեցին՝ մենք մի հատ ձեռքով ճտտացնենք, ձեզ բոլորիդ կվերացնեն: Բայց ես մեռնեմ, նման քայլ չեմ անի», — երդվել է Վահե Պարազյանը:

Այժմ նա մտավախություն ունի, որ Սամվել Կարապետյանը իր կապերը կգործադրի ՌԴ-ում: Այդ երկրի իրավապահները  իրեն կկանչեն հացաքննության, ու եթե ինքը չգնա, ապա հետախուզում կհայտարարեն:

«Հիմա ամեն ինչ անում են, որ ռոզիսկ տան ինձ: Բայց եթե ես գնամ այնտեղ չեմ գալու, կամ 15 տարով կնստացնեն, կամ գլուխս կուտեն», — վստահեցրել է Վահե Պարազյանը:

Նարեկ Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանն էլ վստահեցրել է, որ Վահե Պարազյանը ստում է:

«Վստահորեն կարող եմ ասել, որ իրենք այն մարդիկ չեն, որոնց կարելի է սպառնալ: Դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, ինչպես իրականությանը չեն համապատասխանում Վահե Պարազյանի հայտնած բազմաթիվ ու բազմապիսի տեղեկությունները». — ասել է փաստաբանը: Նա նաև հերքել է, որ հանդիպում է եղել Պարազյանի հոր և Վահե Կարապետյանի միջև: «Չի եղել հանդիպում: Բացարձակապես: Սա միանշանակ սուտ է»:

Պարազյանն ասել է է, որ Սամվել Կարապետյանը, գործի դնելով իր կապերը ՌԴ քննչական մարմիններում, քրեական գործեր է հարուցել տվել Պարազյանի դեմ:

«Դա իր ֆանտազիայի արդյունքն է, իր երևակայության հետևանքն է: Հուսամ, որ նախաքննության ավարտին, ամբողջ նյութերը ինձ կտրամադրվի, և ես մեկ առ մեկ կհիմնավորեմ իմ ասածը, ներկայացնելով բոլոր ապացույցները», — նշել է Արմեն Ֆերոյանը:

Հարցին, թե արդյոք Սամվել Կարապետյանը հարցաքննվել է գործի շրջանակներում, նա պատասխանել է.

«Նման տեղեկություն ինձ հայտնի չէ: Թե ում են հարցաքննության կանչել, կամ ինչ քննչական գործողություններ են անում, դա նույնպես նախաքննական գաղտնիքներ են, ու ես կարող եմ դրանց չտիրապետել»:

Վահե Պարազյանի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը Forrights. am-ի հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալի կյանքի հարցն է կանգնած:

«Կարծում եմ, որ եթե Ռուսաստանի քննչական մարմինները պահանջեն, նա չպիտի գնա: Իմ պաշտպանյալի կյանքի խնդիրն է կանգնած: Ավելի լավ է, թող լինի հետախուզման մեջ: Եթե լինի նման պահանջ ՌԴ իրավապահների  կողմից, ես կդիմեմ ՀՀ դատախազություն», — ասել  է փաստաբանը:

Հեղինակ՝ Սյուզան Սիմոնյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին