Անգամ իշխանությունները լավ են հասկանում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլևս անցյալ է։ Հենց այս հանգամանքից ելնելով՝ իշխանության ներսում թեժ քննարկումները շարունակվում են։
Այս մասին գրում է Politik.am-ը: Փորձ է արվում գտնել լուծում, առաջ քաշել թեկնածուի, որպեսզի հնարավոր լինի նրա առաջնորդությամբ գնալ արտահերթ ընտրությունների։
Իշխանական որոշ շրջանակներ կարծում են, որ վարչապետի թեկնածու կարող է լինել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Նրա օգտին բազմաթիվ փաստարկներ կան։ Նախ այն, որ այս պահին էլ բազմաթիվ կարևոր հարցեր հենց ինքն է որոշում, և Փաշինյանն առանց իր իմացության կարևոր որոշումներ չի կայացնում։ Կարևոր փաստ է նաև այն, որ ի տարբերություն ամուսնու, նա կռվել է և զինված ջոկատ է ղեկավարել։ Այստեղ այնքան էլ կարևոր չէ, որ այդ ջոկատը Գորիս քաղաքից այն կողմ չի անցել։ Աննա Հակոբյանը մեծ ազդեցություն ունի նաև ԱԺ իշխանական պատգամավորների վրա։
Իշխանական նշված շրջանակներն էլ առաջարկել են Ազատ Արշակյանին լրատվամիջոցներից մեկի եթերում հնչեցնել այս միտքը, որպեսզի ստուգվեն հանրային տրամադրությունները։ Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներից մեկի եթերում Ազատ Արշակյանը հայտարարել էր․ «Հավաքվեցիք, Նիկոլին հեռացրիք, բա որ Աննա Հակոբյանին ընտրեցին, ի՞նչ եք անելու»,- ասել էր նա։