Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստի ժամանակ մերժվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ նախագիծը, որով ԴԱՀԿ-ին իրավունք էր տրվում մինչև 200 000 դրամ տուգանք ունեցող վարորդների բանկային հաշիվների և գույքի վրա առանց դատարանի որոշման կալանք դնել: Հարկ է նշել, որ մինչև 200000 դրամ տուգանք ունեն վարորդների 95 տոկոսը, այսինքն ԱԺ բերված նախագիծը առնվազն 95 տոկոս վարորդների խնդիրը չէր լուծում: Հարկ է նաև նշել, որ ՀՀ քաղաքացուց նույնիսկ 1000 դրամ որևէ մարմին իրավունք չունի խլելու առանց դատարանի համապատասխան որոշման: Սա Սահմանադրական նորմ է: Հետևաբար այն ինչ տեղի է ունենում հիմա, ուղղակի ՀՀ Սահմանադրության ոտնահարում է:
Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարարը ներկայացրեց գրեթե նույն նախագծերի փաթեթը, որի արդյունքում անվավեր պետք է ճանաչվի այն քաղաքացիների վարչական տուգանքները, որոնք պատշաճ չեն ծանուցվել իրենց վարչական տուգանքի մասին:
Ինչ է ստացվում: Հիմա այդ տասնյակ հազարավոր վարորդները պետք է ամեն գնով փորձեն հիմնավորեն, որ իրենք ոչ պատշաճ են ծանուցվել: Հայաստանյան իրողությունների պայմաններում յուրաքանչյուրը կարող է պատկերացնել, թե դա ինչքանով կհաջողվի վարորդներին: Անձամբ ես, կարծում եմ, որ այդ մարդկանց գերակշիռ մասը չի կարողանալու ապացուցել, որ ինքը պատշաճ ծանուցված չի եղել: Եվ, բնականաբար նորից քաշքշուկներ, վեճեր և այլն: Իսկական օժանդակությունն այն կլիներ, որ կառավարությունը առանց նախապայմանների և առանց այլևայլությունների անվավեր համարեր բոլոր վարորդների տուգանքները: Այո, եթե մարդը թույլ է տվել խախտում, ապա նա պետք է մուծի տուգանքը, բայց ոչ այն տասնյակ հազարավոր դրամի տույժերը, որն ավելացել է մայր գումարի վրա: Դա էլ այն դեպքում, որ, իսկապես, մարդն անկախ իր կամքից, համակարգի անկատարության պատճառով, ոչ պատշաճ ծանուցման պատճառով հայտնվել է ֆինանսական մեծ բեռի տակ այն էլ երկրում առկա այս խայտառակ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում:
Էլ չեմ խոսում օրենքի այն դրույթի պահպանման մասին, որ թույլ է տալիս առանց դատարանի որոշման մարդկանց հաշիվների վրա կալանք դնել: Կառավարությունը հետևողականորեն առաջ է մղում այս անօրինականությունը:
Որպես եզրակացություն միայն կարող եմ նշել, որ իսկապես ցավալի է, երբ հայրենի կառավարությունը նման գործելաոճ է որդեգրել, երբ նույնիսկ ԱԺ-ում չընդունված նախագիծը, տանում է կառավարություն, նորից հաստատում ու ուղարկում է Ազգային ժողով, երբ ԱԺ-ում դրական եզրակացությամբ շրջանառության մեջ է գտնվում ՕԵԿ-ի նախագիծը, որի ընդունմամբ ԴԱՀԿ-ն այլևս առանց դատարանի որոշումների չի կարող բռնագանձում իրականացնել, որի ընդունմամբ կվերականգնվի քաղաքացիների սահմանադրական իրավունքը և քաղաքացիներին հնարավոր կլինի զրկել սեփականությունից միմիայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, ինչը սահմանադրական պահանջ է:
Արթուր Միսակյան
Վարորդները պետք է ամեն գնով փորձեն հիմնավորեն, որ իրենք ոչ պատշաճ են ծանուցվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet