«Իշխանություն» լրատվականը գրում է․ ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելու համար Նիկոլ Փաշինյանը հրահանգեց աշխատանքից ազատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին, պատճառաբանելով, որ ոչ ոք չի կարող իրենից բացի այլ արտաքին քաղաքականություն վարել։ Ամբողջ խնդիրը այն էր, որ Գզոյանը համարձակվել էր հիշեցնել Արցախի գոյության և դրա հիմնահարցի մասին։
«Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությամբ ժողովրդի սիրտը շահած Փաշինյանը այժմ ասում է, որ Արցախի մասին խոսել նշանակում է պատերազմ հրահրել։ Դատելով այս իշխանությունների հակաարցախյան հռետորաբանությունից, կա մտահոգություն, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից կհեռացվեն Արցախին վերաբերող հիշատակումները։
Թանգարանի հետազոտական և գիտական գործունեության մեջ ընդգրկված է նաև Արցախում հայերի դեմ իրականացված բռնությունների և ցեղասպանական գործողությունների ուսումնասիրությունը։ Արցախը հիշատակվում է որպես հայերի դեմ իրականացված բռնությունների շարունակականության մաս։
Պատմաբան Խաչատուր Ստեփանյանից հետաքրքրվեցինք, արդյոք իշխանությունները կգնան այդ քայլին, թե Նիկոլ Փաշինյանը գթասիրտ կգտնվի և չի ջնջի պատմությունը։ Նա պատասխանեց. «Խոսակցություններ կան, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ սա մնա, որովհետև խոսքը Հայոց ցեղասպանության կարևոր դրվագի մասին է»։
Անդրադառնալով թանգարան-ինստիտուտի տնօրենի աշխատանքից ազատմանը՝ Ստեփանյանն ասաց, որ ակադեմիական հաստատության ղեկավարին պետք է հեռու պահել քաղաքական որոշումներ կայացնելուց. «Ամերիկայի փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելու պատճառով աշխատանքից ազատելը տեղին չէր։ Սա իրականում հարված է մեր գիտական հանրությանը, որը կոչված է անհրաժեշտության դեպքում գիտական ազատ խոսք ասելու՝ առանց կաշկանդվածության։ Սա արդեն խոսում է այն մասին, որ ժողովրդավարությունը վտանգված է»։
Այս դեպքը փաստում է, որ իշխանությունների մոտ Արցախը շարունակում է մնալ զգայուն թեմա, և ցանկացած հիշատակում կարող է դիտվել որպես քաղաքական դիմադրություն։ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ցույց են տալիս, որ նույնիսկ ակադեմիական և մշակութային հաստատությունները, որոնք պետք է պահպանեն գիտական ազատությունը և պատմական ճշմարտությունը, ենթարկվում են քաղաքական միջամտության։ Այս մոտեցումը ոչ միայն թուլացնում է հանրության գիտակցությունը պատմական և քաղաքական իրողությունների նկատմամբ, այլև վտանգում է պետության ինստիտուցիոնալ անկախությունը։ Հատկապես վտանգավոր է այն, որ թանգարանի պաշտոնական նյութերից հնարավոր է հեռացվեն Արցախին վերաբերող հիշատակումները, ինչը կաղավաղի Հայոց Ցեղասպանության պատմությունը։


