Հարկեր պետք է վճարեն բոլորը: Էական չէ, թե իշխող կուսակցության շարքերում ես տեղավորված, թե ընդդիմադիր բուտաֆորիա էս ստեղծել ու քաղաքական շանտաժով ցանկանում ես բիզնեսդ բարգավաճեցնել...
Հիմա, երբ ծաղիկները մի կողմից սպարապետի անունն են հոլովում, մյուս կողմից օլիգարխի չվճարած հարկերն են ուզում ատամներով պահել, հիշեցի մի հարցազրույցում Վազգեն Սարգսյանի եղբայր Արմենի պատմած այս դրվագը:
Կհիշեմ…. մի քիչ երկար պատմություն է, բայց կփորձեմ կարճ-կոնկրետ ներկայացնել: Խոսրովի անտառում Վազգենը բյուջե էր գրում: Ի դեպ, նա անձամբ, միայնակ էր գրում: Շատ նախարարներ, գործարարներ էին եկել: Սեղանի շուրջ նստած էինք եւ ինձ հարցրեց, թե ինչքան վարկ ունեմ: Ասացի՝ 350 հազար դոլար: Ասաց «ո՞վ ա տվել այդ վարկը»: Պատասխանեցի՝ վարչապետ Արմեն Դարբինյանը, գյուղատնտեսական վարկ է: Ասաց «ի՞նչ ես արել այդ գումարը»: Սսացի բանկաներ (տարաներ) եմ գնել, պիտակներ (էտիկետկեք) եւ փականներ (կրիշկաներ): Ավելացրեցի նաեւ, որ ժամանակ էլ ունեմ եւ աստիճանաբար մարում եմ, կմարեմ եւ ոչ մի խնդիր չկա, ես իմ պարտականությունները տոկոսներով լիարժեք կատարում եմ: Ասաց. «Առավոտյան այդ վարկը կմարես»: Պատասխանեցի, որ չեմ կարող, որովհետեւ արդեն գնումներ եմ կատարել եւ, եթե մարելու գումար ունենայի, ինչի՞ էի վարկ վերցնում եւ մի բան էլ տոկոս տալիս:
Սպառնաց, որ եթե առավոտյան չմարեմ, կկալանավորի: Հակադարձեցի. «Պարոն վարչապետ, զեկուցում եմ ձեզ, որ ես չեմ կարող այդ վարկը մարել»: Ուզում էր սեղանը պոկել, շուռ տալ գլխիս, բայց ասաց, որ քո նմաններն են այս երկրի փողերը լափում` իրանց փողերը տակը դրած. «Ինչի պատճառով ես ուսուցչին, զինվորին, նկարչին, դասախոսին, արվեստագետին չեմ կարողանում վճարել, հիվանդին չեմ կարողանում բուժել, բանակը չեմ կարողանում հզորացնել: Ձեր նմաններն են քանդում այս երկիրը: Մինչեւ առավոտ քեզ ժամանակ. Չվճարեցիր, կալանավորվում եք»: Ես հասկացա, որ դա մենակ ինձ չէր վերաբերվում: Ինչպես ասում են, «կու՛ժ, քե՛զ եմ ասում` կուլա՛, դու լսի՛ր»:
Ինչեւիցե, մնացել էր մի 170, թե 200 հազար դոլար, զանգ տվեցի իմ ընկերներից մի քանիսին: Առավոտյան տարա վարկը ամբողջությամբ փակեցի: Եվ դա ինձ դաս եղավ, որ Վազգենի ասածը չկատարելը հնարավոր չէ: Իսկականից կկալանավորեր ինձ: Միանշանակ կկալանավորեր: Հետաքրքիրը, ռեզոնանսը նա էր, որ 2 ամսվա մեջ վարկ վերցնողներից այն մարդկանցից, ովքեր փողերը տակը դրած վարկ էին վերցրել, այնքան գումար բյուջեում հավաքվեց, որ եթե դա չլիներ, հնարավոր է՝ 4 տարում այդքան գումար չլցնեինք բյուջեն եւ այդ գումարները, հնարավոր է՝ փոշիանային էլ: Ընտանեկան, հարազատների հետ կապված շատ նման դեպքեր կան: Բայց Վազգենի այս պետական մոտեցումը առանձնահատուկ է ինձ մոտ տպավորվել, որով երկիրը երկիր կդառնար հաստատ:
Հ.Գ. Վազգենի անունը տալուց միշտ հիշեք, որ հարկեր թաքցնող բիրդան աղաներից զզվում էր...