«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը շատ բարձր է գնահատում վարչապետ Սերժ Սարգսյանի կոչը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին: «Մենք միանում ենք Սերժ Սարգսյանի կոչին, որպեսզի խուսափենք արյունահեղությունից, և մեր միությունը իր 100 հազարավոր անդամներով միանում է այդ կոչին ու պաշտպանում է Սերժ Սարգսյանի տեսակետը»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց միության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
Հարցին, թե կստացվի արդյոք այդ երկխոսությունը, նա պատասխանեց. «Ես աղոթում եմ, որպեսզի կայանա այդ երկխոսությունը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Սարգսյանը այսպիսի կոչ էր արել.
«Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում և հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության և հանդուրժողականության վրա:
Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ:
Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձևավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը»: