▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորեն Հովհաննիսյան. Բաքուն որպես ճակատագիր. Կուռքից մինչև վտարանդի

Newmag.am-ը գրում է.

ԽՍՀՄ ֆուտբոլային հավաքականի ամենասիրված խաղացողը՝ Խորեն Հովհաննիսյանը, Արտակ Ալեքսանյանի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է մի քանի անգամ լսել Վլադիմիր Վիսոցկուն հենց նրա տանը, ճանաչել է Սվո Ռաֆին ու Ալլա Պուգաչովային ու մանրամասներ պատմել նախօրոք «պայմանավորված» խաղերի մասին:

1970-80-ականների Հայաստանում երկու սիրելի Խորիկ կար` դերասանը` Խորեն Աբրահամյանը, և ֆուտբոլիստը` Խորեն Հովհաննիսյանը: Երկուսն էլ տաղանդավոր, երկուսն էլ համարձակ: Երկուսի կարիերան էլ զիգզագաձև` վերելքներով ու անկումներով: Հե՞շտ է համաժողովրդական կուռքից վերածվել վտարանդու:

Խորեն Հովհաննիսյանի հետ մոտ երեքժամանոց հարցազրույցը տեղավորվեց մի քանի էջի վրա: Նա, իսկապես, քիչ է խոսում: Հետո էլ կատակում է. «Եթե ամեն ինչ ասեմ, Երևանում իրար կխփեն»: Հենց այդ պատճառով նախընտրում է լռել:

Խորեն Հովհաննիսյանի կյանքում Բաքուն ճակատագիր է դարձել: Բաքվի «Նևթչիի» հետ խաղից հետո նրան մեղադրեցին կաշառք վերցնելու, խաղը վաճառելու մեջ: Մի քանի ամիս անց նա հեռացավ Հայաստանից: Այդ ընթացքում խորհրդային մամուլը անխնա քննադատում էր ֆուտբոլիստին, նրան մեղադրում սովետական Երևանում բուրժուայի կյանքով ապրելու համար: Ամենամեծ «մեղքերից» մեկը սեփական «Մերսեդեսն» էր, որով Խորիկը գնում էր մարզումների:

Երկրորդ անգամ՝ արդեն անկախացումից հետո, Խորիկի անունը նորից շրջանառվեց Բաքվի «Նևթչիի» հետ խաղում: Նա այդ ժամանակ «Փյունիկ» ակումբի նախագահն էր: «Փյունիկը» չի պարտվում, ուղղակի հրաժարվում է խաղալ «Նևթչիի» հետ: Հաղթանակը տալիս են Բաքվին: Խաղից մի քանի ամիս անց Խորիկը թողնում է «Փյունիկը» և նորից հեռանում Հայաստանից:

Հիմա արդեն երրորդ անգամ Երևանում էր: Տոնում էր իր 60-ամյակը: Երբեմն ուշ է քնում, ուշ արթնանում, ազատ ժամանակ շատ ունի:

Խորեն Հովհաննիսյանի հետ հարցազրույցը արել ենք երեքով` ամենահին և հայտնի ֆուտբոլային լրագրող Արմեն Նիկողոսյանի և ամենաերիտասարդ ֆուտբոլային լրագրող Գրիգոր Ավետիսյանի հետ: Երեքով տալիս էինք հարցերը: Տպավորությունը զրույցից. նախ` իսկական ջենտլմեն է: ԽՍՀՄ ֆուտբոլային հավաքականի խաղացողը նույն համեստությամբ և երկու բառով էր պատմում, թե ինչպես է մի քանի անգամ լսել Վլադիմիր Վիսոցկուն հենց նրա տանը, ճանաչել է Սվո Ռաֆին ու Ալլա Պուգաչովային: Նա ԽՍՀՄ բոմոնդից էր և գուցե այդ պատճառով քաղքենի չէ:

Այդպես էլ չասաց. «Գիտե՞ս՝ ում հետ եմ նստել, վեր կացել», այդպես էլ չպատմեց, թե ինչպես սրվեցին իր հարաբերությունները Կարեն Դեմիրճյանի կամ Ռուբեն Հայրապետյանի հետ: Կարեն Դեմիրճյանը Խորիկի երկրպագուն էր, ու մինչև հիմա էլ անհասկանալի է, թե ինչպես կարող էր հենց նրա ժամանակ սկսվել Խորիկի դեմ համապետական թունավորումը: Ռուբեն Հայրապետյանի հետ մի քանի տասնյակ տարիների ընկերներ էին: «Փյունիկ»-«Նևթչի» խաղից հրաժարումը կարո՞ղ էր այդքան բախտորոշ դառնալ:

Խորիկը, անկախ ամեն ինչից ու առաջին հերթին, երևանցի է, հենց երևանցուն հատուկ անմիջականությամբ, բազմաշերտ ընկերներ ունենալու բացառիկ տաղանդով, ամենաարտառոց երևույթները հանգիստ և սովորական ներկայացնելու սովորությամբ:

– Դուք Ձեզ 60 տարեկան զգո՞ւմ եք: Կա այսպես կոչված կենսաբանական ժամացույց, երբ միտքդ ցանկանում է ավելին, մինչդեռ մարմինդ արդեն այն չէ: Առաջ, որ խմում էիք, առավոտը գլխացավ չունեիք, հիմա որ խմում եք, քանի՞ օրում եք վերականգնվում: Ի՞նչն է փոխվել Ձեր մեջ:

– Իմ մեջ համարյա ոչինչ չի փոխվել: Հիմա, երբ ինձ հարցնում են` ինչպե՞ս ես, ասում եմ` նույնը: Ոնց եղել ենք, նույն ձևով շարժվում ենք: Ճիշտ է, վերջերս ազատ ժամանակ մի քիչ շատ եմ ունենում, ռեժիմս խախտվել է:

– Դուք, բացի նրանից, որ պոպուլյար ֆուտբոլիստ էիք, նաև շատ բարետես տղամարդ էիք: Երկիը Ձեզ էր սիրահարված: Անցե՞լ են այդ տարիները: Նախկինում, օրինակ, երբ մտնում էիք ռեստորան, բոլորը Ձեզ էին նայում: Իսկ հիմա՞:

– Երիտասարդ ժամանակ ուրիշ էր: Հիմա մեծացել եմ, ուրիշ ձևով եմ նայում: Ի դեպ, մի ժամանակ հայաստանյան ռեստորաններում մարդիկ սիրում էին նստել ընդհանուր սրահներում, միմյանց հետ շփվել սեղանից սեղան: Հիմա կարծես դա վերացել է, բոլորը նախընտրում են «կուպեները»:

– Դուք Հայաստանի ամենաճանաչված և ամենասիրելի մարդկանցից եք: Շատ երկար ժամանակ, երբ ասում էին՝ Խորիկ, բոլորը դա վերագրում էին երկու հոգու՝ ֆուտբոլիստին ու դերասանին: Բայց այս տարիների ընթացքում Դուք շատ լուռ եք, չեք խոսում իշխանության համար, չեք խոսում նաև իշխանության դեմ: Դուք ընդհանրապես լուռ եք: Չե՞ք կարծում, որ դա մի քիչ անարդար է: Չէ՞ որ Ձեր նկատմամբ ուշադիր են եղել, Ձեզ սեր են խոստովանել, Ձեր խաղերին ներկա են եղել: Ու հիմա` կարևոր պահերին, Դուք ընտրում եք լռությունը:

– Հասկանալով` միշտ էլ լուռ եմ եղել: Կարծիք, իհարկե, ունեմ: Եթե կարծիք չունես, ավելի լավ է՝ չապրես: Բայց ես խոսում եմ միայն այն ժամանակ, երբ գիտեմ, որ այդ հարցը կլուծվի: Եթե գիտես, որ ոչինչ չի լուծվելու, ո՞ւմ է պետք խոսելը: Ես բոլոր կուսակցություններից ընկերներ ունեմ: Բայց ես անկուսակցական եմ:

– Ինչո՞ւ: Առաջարկներ չե՞ն եղել:

– Առաջարկները շատ են: Բոլորն էլ առաջարկել են, բայց համարել եմ, որ այսպես ճիշտ է: Դու քեզնով ես: Կուսակցությունն ինչ-որ իմաստով պարտավորեցնող է: Աշխատում եմ քաղաքականության մասին չխոսել: Նախկինում էլ չեմ խոսել:

– Ձեր բջջայինի հեռախոսահամարն ավարտվում է 08-ով, ֆուտբոլ խաղացել եք 08 համարի մարզաշապիկով, Ձեր մեքենայի պետհամարանիշն էլ ավարտվում է 08-ով: Դուք դա միտումնավո՞ր եք ընտրել:

– Իմ առաջին մեքենայի համարն էլ է 08-ով վերջացել: Այն ժամանակ այդպես էր, այդպես էլ շարունակվեց:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին