ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, տհաճ իրավիճակում է հայտնվել։ Նոյեմբերի 9–ի կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից հետո զոհված զինծառայողների ընտանիքներից ընդամենը մի քանիսն են համաձայնել հյուրընկալել նրան։
news.am–ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով՝ այս ընթացքում Աննա Հակոբյանը երեք անգամ կապ է հաստատել Արցախի Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը ազատագրելիս զոհված ՀՅԴ ջոկատի կամավորներից մեկի ընտանիքի հետ՝ խնդրելով հյուրընկալել իրենց, սակայն մերժում ստացել։ Սկզբում ընտանիքի հետ երկու անգամ կապ է հաստատել Հակոբյանի օգնականը, սակայն մերժում ստացել, այնուհետև Փաշինյանի կինն անձամբ է զրուցել զոհվածի եղբոր հետ՝ փորձելով նրան համոզել, որ թույլ տան այցելել իրենց և տեսակցել հերոսի երեխաներին, սակայն կամավորի եղբայրը հարգալից տոնով հասկացրել է, որ «Արցախը հանձնած կապիտուլյանտի կինը տեղ չունի իրենց օջախում»։
Ուշագրավ է, որ Աննա Հակոբյանը, քաջ իմանալով դաշնակցականների դիրքորոշումը Փաշինյանի և նրա իշխանության նկատմամբ, փորձել է ամեն գնով մտնել ՀՅԴ–ական կամավորի տուն։ Այս քայլով առաջին տիկինը, ըստ էության, ցանկացել է ցույց տալ, որ շարքային ՀՅԴ–ականները չեն կիսում վերնախավի դիրքորոշումը, մինչդեռ, պարզվում է՝ թերագնահատել է հայրենիքի համար կյանքը նվիրած կամավորի ընտանիքի արժանիքները։