▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1000 հայազգի գեներալներ, ծովակալներ.Գիրք` հայրենասիրական ոգու, ռազմական նվաճումների մասին

Տեղի ունեցավ «Զորավար» ռազմահայրենասիրական համերգը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ ՊՆ սպայի տան զորական անսամբլը, երգիչ Դավիթ Ամալյանը, «Զարթոնք» և «Կարին» համույթները:

«Կարին» ավանդական երգի-պարի համույթը Հայաստանում  առաջին անգամ ներկայացրեց «Չալմը դանգը» Մուսա  Լեռան հարսանեկան ռազմապարը, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց ներկաների կողմից:  Գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ, խոսելով բոլոր հայ հերոսների մասին` ասաց.

«Հայերը որձ տեսակ են և անպարտելի: Փա’ռք բոլոր հայ հերոսներին»:

Եվ, քանի որ համերգի ողջ հասույթը տրամադրվելու է   հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, մշակութաբան Տիգրան Պետրոսյանցի հեղինակած «1000 հայազգի գեներալներ և ծովակալներ» հանրագիտարանի անգլերեն թարգմանությանը, այս առիթով ASEKOSE.am-ի թղթակիցը Տիգրան Պետրոսյանցի հետ զրուցել է  գրքի ստեղծման պատմության, գեներալական աստիճաններ ստացած անձանց անունների հավաքման և այլ հարցերի վերաբերյալ:

«2002 թվականին Հայկ Խաչատրյանի հետ հրատարակել ենք «Հայկազունք» հանրագիտարանը, որտեղ ներկայացվել են ավելի քան 1900 պետական գործիչների, զորավարների, զինվորականների, դիվանագետների կենսագրություններ: Այդ գրքում ներկայացվել են նաև 406 բարձրաստիճան զինվորականներ: 2005 թ.-ին միայն բարձրաստիճան զինվորականներին վերաբերող հանրագիտարան ստեղծելու գաղափար առաջացավ և սկսվեցին որոնումներն ամբողջ աշխարհում:

2008 թ.-ին հավաքվեց աշխարհի 34 երկրների պետական համակարգից գեներալական աստիճաններ ստացած 1106 անձի անուն: Յուրաքանչյուր անուն ստուգվել է երեքից ավելի աղբյուրներով»,-ասաց Տիգրան Պետրոսյանցը` նշելով, որ գիրքը բաղկացած է չորս բաժիններից:

«Առաջին բաժնում ներկայացված են ցամաքային զորքերի, անվտանգության ծառայությունների, ոստիկանության, այլ հատուկ ծառայությունների գեներալներ: Երկրորդ բաժնում ներկայացվել են ծովակալներ: Այս երկու բաժինների հանրագումարն է 1106 թիվը: Այս հաշվից դուրս ևս երկու բաժին է ներառվել: Երրորդ բաժնում ներկայացվել են դասային աստիճանով շուրջ 80 դատախազական համակարգի գեներալներ: Չորրորդ բաժինը ճանաչողական է: Այստեղ ներկայացված են գեներալական պատվո աստիճան ստացած անձինք, հեռավոր հայկական ծագմամբ գեներալներ, մոր գծով հայ գեներալներ, կասկածելի կամ թեական հայկական ծագմամբ գեներալներ, կազակական և ակադեմիական կոչմամբ գեներալներ»,-ընդգծեց գրքի հեղինակը:

Հարցին, թե ինչո՞ւ «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ»,-Տիգրան Պետրոսյանցը պատասխանեց.

«Երբ ծագեց հանրագիտարանի անվան հարցը, ուղղակի բարեհնչունության համար ընտրվեց 1000 թիվը»:

Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ  2008 թ.-ի սեպտեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված բարեգործական համերգից ստացված հասույթով տպագրվել է գրքի 1000 օրինակ: 2011թ.-ին հանրագիտարանն  այլալեզու ընթերցողին հասանելի դարձնելու նպատակով կազմակերպվել է  գրքի անգլերեն թարգմանությունը:

«Թարգմանության ժամանակ կատարվել է մոտ 30 տոկոսի բարեփոխումներ /որոշ կենսագրություններ հանվել են, ավելացվել են 2010 թ.-ից հետո կոչումների արժանացած անձանց կենսագրություններ, տպագրված գրախոսականներում եղած մի քանի դիտողությունների հիման վրա կատարվել են լրացումներ»,-փաստեց  Տ. Պետրոսյանցը:

Իսկ, ահա 2013 թ.-ի հոկտեմբերի 10-ին կազմակերպված  բարեգործական համերգի նպատակը, ինչպես փաստեց  գրքի հեղինակը, հասույթի նպատակ չուներ և ավելի շատ հասարակությանը գրքի անգլերեն տարբերակի մասին իրազեկելու համար էր:

«Տպագրությունը երբ կլինի՝ հայտնի չէ, բայց, գուցե գտնվեն հովանավորներ. և այն հրատարակվի»,-ասաց  Տ. Պետրոսյանցը:

Ինչ վերաբերում է  բուն նպատակին, ապա, հեղինակի խոսքով, ձեռնարկի գերագույն նպատակը հայ մարդու հայրենասիրական ոգուն է ուղղված, ինչպես նաև այն ներդրմանը, որ հայ մարդն ունեցել է համաշխարհային ռազմական նվաճումների գործում:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more