Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է երգիչ Արսեն ՍԱՖԱՐՅԱՆԸ:
- Ինչպե՞ս է անդրադարձել Ձեր մարդկային որակների վրա «շոու-բիզնես» կոչվածը:
- Շոու-բիզնեսը, բնականաբար, անդրադարձել է իմ կենսակերպի վրա, բայց հուսով եմ՝ ոչ իմ մարդկային որակների վրա: Ինձ համար բարի անունն է՝ մարդու ամենամեծ որակը: Եթե արտիստը բեմը խառնում է իրական կյանքի հետ, վաղ թե ուշ նա լուրջ խնդիրների առաջ է կանգնելու այդ նույն կյանքում:
- Եթե հնարավորություն ունենայիք մեկ ժամով անմիջականորեն շփվել բոլոր ժամանակների ու բոլոր ազգերի հայտնի և ազդեցիկ մարդկանցից որևէ մեկի հետ, ով կլիներ այդ մեկը և ինչու:
- Չգիտեմ ուրիշներն ինչպես, բայց ես ինձ համարում եմ հեղինակ-կատարող, իսկ այդ աշխարհում ինձ համար անգերազանցելին Շառլ Ազնավուրն է: Եթե ինձ անմիջական շփման հնարավորություն տրվեր, ես, առանց երկմտելու կցանկանայի, որ նա լիներ` ՄԵԾ ՄԱԵՍՏՐՈՆ… Ինչու՞, որովհետև ուզում եմ իմանալ, թե իրական կյանքում ինչպիսին է համայն աշխարհի հեղինակ-կատարողների արքան:
- Ձեր բնավորության գծերից ո՞րն եք համարում Ձեզ համար ամենակարևորը, որի շուրջ դուք կառուցել եք ձեր «ես»-ը:
- Իմ բնավորության լավ կամ վատ գծերի գնահատականը, երևի, ավելի օբեյկտիվորեն կտան հարազատներս, ընկերներս ու մտերիմներս: Ինչ մնում է ինձ`մարդու մեջ ամենաշատը գնահատում եմ համեստությունը, դժվարությունից չընկճվելու և հաջողությունից գլուխը չկորցնելու ընդունակությունը:
- Ո՞վ է հանդիսացել Ձեր կյանքի ամենամեծ ուսուցիչը:
- Իմ ամենամեծ ուսուցիչը եղել է հենց կյանքի դպրոցը. կյանքը ինձ ստիպեց հասկանալ , որ իսկական պրոֆեսիոնալը պետք է սովորի ամեն վայրկյան և երբևէ չմտածի, որ ինքն արդեն ամեն ինչ գիտի: Դուք լավ գիտեք, թե ովքեր են այդպես մտածում… Իսկ եթե անձնավորեմ, առաջին ուսուցիչս եղել է եղբայրս` Արթուրը, իսկ պրոֆեսիոնալ բեմի և կատարողական վարպետության անփոխարինելի ուսուցիչս Արթուր Գրիգորյանն է: Իմ կայացման մեջ նրա վաստակը ես շատ եմ գնահատում:
- Ինչպիսի՞ն է եղել Ձեր առաջին սերը:
- Առաջին սիրո պես` քաղցր և անհասանելի…
-Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:
- Մեր հարևան մի ծերունի` Նեստոր անունով, որն իրականում շատ բարի մարդ էր:
- Եթե չլինեիք երաժիշտ, ի՞նչ մասնագիտություն կցանկանայիք ունենալ և ինչու՞:
- Միանշանակ, քանդակագործ, որովհետև մանկուց սիրել ու զբաղվել եմ քանդակով և այժմ էլ շատ եմ սիրում արվեստի այդ տեսակը: Հիմա էլ հուսով եմ, որ առաջիկայում կկարողանամ ժամանակ գտնել ու զբաղվել քանդակով, ի դեպ` իմ սեփական արվեստանոցում:
- Եղե՞լ է Ձեր կյանքում այնպիսի մի դեպք, որը ազդել է Ձեր ճակատագրի վրա:
- Շատ են եղել նման դեպքերը. առաջին ելույթս հանդիսատեսի առաջ, այն պահը, երբ հասկացա, որ գտել եմ կյանքիս կեսին, զավակներիս ծնունդը, այն օրը, երբ առաջին անգամ մտա իմ կառուցած տունը: Բնականաբար` եղել են նաև տհաճ տեպքեր, բայց դրանց մասին չեմ ուզում խոսել…
- Ի՞նչը կարող է Ձեզ այնպես նյարդայնացնել, որ Դուք ափերից դուրս գաք:
- Ինձ ափերից հանելը հեշտ չէ, բայց դժվար էլ չէ: Ինչ-ինչ դեպքերում կարող եմ զսպել ինձ, բայց եթե խոսքն ինքնասիրության և արժանապատվության մասին է, զսպվածություն լինել չի կարող: Չեմ երաշխավորում, որ կկարողանամ ինձ քաղաքակիրթ մարդու նման պահել, եթե ինչ-որ մեկը փորձում է վիրավորել այդ արժեքները:
- Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:
- Նման բաներ, ինչքան գիտեմ, եղել են, բայց անկեղծ ասած՝ երբեք հիվանդագին, անգամ լուրջ չեմ վերաբերվել ասած ասեկոսեներին, և այս պահին նույնիսկ չեմ էլ հիշում թե ինչեր են մոգոնել իմ մասին… Բայց չէ, մեկը հիշում եմ` շատ զվարճալի մի բամբասանք: Մի ժամանակ չգիտեմ` ով էր տարածել, որ իմ քիթը պլաստիկ վիրահատության է ենթարկված, ատամներս էլ իմը չեն… Այդպես էլ չիմացա, թե ումն են:
- Ի՞նչպես Ձեզ կբնութագրի Ձեր կինը:
- Այն, որ կանայք առեղծված են, ամենաշատը համոզվել եմ սեփական կնոջս հետ ապրելու տարիներին: Ես իրոք, չգիտեմ, թե ինչ է մտածում նա իմ մասին: Իսկ եթե այդ հարցը նրան տա՞նք…
- Ի՞նչպես Դուք ինքներդ կբնութագրեք Ձեզ :
- Կյանքում ամենաշատը սիրում եմ պարզությունը, որովհետև համաձայն եմ այն մտքի հետ, որ հանճարեղությունը պարզության մեջ է: Ասում են` «լավություն չես կարող անել, վատություն էլ մի արա». փորձում եմ ապրել այդ սկզբունքով և մինչև հիմա կարծես թե ստացվել է: Անկախ նրանից` ով եմ ես, ինչերի եմ հասել, կամ կհասնեմ արդյո՞ք`թե ոչ, ձգտում եմ ապրել մարդավարի, որովհետև ամենամեծ մասնագիտությունը մարդ լինելն է:
Հեղինակ՝ Քրիստինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ