▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղասի Այվազյանը Հայաստանին պետք չէ, հույսս կորցրել եմ. գրողի այրին օլիգարխներին է դիմում

 

 

«Նոյեմբերի 21-ին Աղասի Այվազյանի մահվան 10-րդ տարելիցն է, մտածում էի, որ նախքան դա նրա տուն-թանգարանն արդեն պատրաստ կլինի, մենք էլ հենց այդ օրը բացումը կանեինք, Աղասին էլ վերևից կտեսնի, որ, այո, ինքը Հայաստանինն է, սակայն պարզվեց, որ նա Հայաստանին պետք չէ»,-Asekose.am-ին ասաց հայ անվանի արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր, գեղանկարիչ Աղասի Այվազյանի այրին` 80-ամյա Գրետա Վերդիյանը:

Ըստ տիկին Վերդիյանի` մարդիկ չեն հասկանում Աղասի Այվազյանի մեծությունը, այն դեպքում, որ եթե նրա գրածի հիման վրա մի ֆիլմ նկարահանեն, ամբողջ աշխարհը կիմանա Հայաստանի մասին.

«Գիտեն «Եռանկյունի»-ն ու վերջ, բայց շատ բաների մասին տեղյակ չեն»:

Հիշեցնենք, որ տիկին Վերդիյանն ավելի վաղ Asekose.am-ին տեղեկացրել էր, որ  Աղասի Այվազյանի արխիվն անմխիթար վիճակում է գտնվում,  նրա թողած ժառանգությունը պահպանելու և սերնդեսերունդ փոխանցելու համար տուն-թանգարան հիմնելու ցանկություն ունի, սակայն գումար չլինելու պատճառով ստիպված է վաճառել Աղասի Այվազյանի կտավները: Միաժամանակ, տիկին Վերդիյանը չի ցանկանում, որ կտավները երկրից հանվեն:

Տիկին Վերդիյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն այս խնդրով խոսել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ:

«Նախարարն ուշադիր լսեց, ասաց, որ պետք է խնդրի լուծման համար ճանապարհ գտնել, բայց նա դեռ հարցի լուծման տարբերակը չի պատկերացնում:  Պարոն Ամիրյանն ասաց, որ սա լուրջ խնդիր է, պետք է մտածի այդ մասին»:

Մասնագիտությամբ մանկավարժ տիկին Վերդիյանի խոսքով` ինքը խնդրի լուծման այլ տարբերակներ էլ է փորձել, սակայն` ապարդյուն.

«Նախարարին դիմելուց բացի` զանգահարել եմ նաև մի քանի քաղաքական գործիչների, այդ թվում` Սերժ Սարգսյանին, սակայն ինձ համար պարզ է, որ նա չի ստացել նամակս, այլ այն ուղարկվել է քաղաքապետարան, որտեղից էլ նույն պատասխան եմ ստանում` համապատասխան տարածք չկա: Խնդրում եմ դեպի օլիգարխներ, մեկենասներ ճանապարհ գտնել, այն դեպքում, որ ես այդ ամենը դատարկ ձեռքով չեմ խնդրում, դրա փոխարեն ես նրանց կհանձնեմ Աղասի Այվազյանի կտավները, որոնք արժեք ունեն: Բարտեր եմ անում` ինձ տարածք տվեք, ես ել ձեզ կտավներ կտամ:  Ընդդիմության ներկայացուցիչներն էին եկել, սակայն ոչինչ չեն կարողացել անել, բոլորն էլ թույլ են, իսկ օլիգարխներն էլ փակ են: Մտածում եմ, որ պետք է փորձեմ դիմել Սամվել Կարապետյանին կամ Գագիկ Ծառուկյանին, սակայն չգիտեմ, թե ինչպես պետք է դա անել»:

Վերջերս էլ` հոկտեմբերի 5-ին բացվել է Աղասի Այվազյանի կտավների ցուցադրությունը, սակայն ըստ այրու` ամեն ինչ անցել է շատ լուռ:

«Շատ հուսահատված եմ, արդեն չգիտեմ, թե ինչ անել: Ինձ թվում է, որ եթե որևէ մի օլիգարխ տեսնի կամ տեղեկանա այս ամենի մասին, կօգնի: Պետք է տարածք վարձել, գրքերն ափսոս են, սակայն բոլորը նվեր են ուզում, որևէ մեկը չի ցանկանում գումար ծախսել: Ինքս էլ արդեն վատառողջ եմ, հույսս կորցնում եմ, իսկ դա կյանքիս նպատակն էր, սակայն ոչինչ անել չեմ կարողանում»,-նշեց  80-ամյա Գրետա Վերդիյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` Ինչպես է Աղասի Այվազյանի կինն ուզում հավերժացնել ամուսնու հիշատակը. գրողի այրին օգնության կարիք ունի

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more