Կադրերը 2015 թվականի են՝ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված եկեղեցու բացումից
Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուտով ավարտին կհասցնեմ իմ հեղինակած՝ «Ձայներ՝ հետնախորշերից» գեղարվեստական վեպը, որտեղ դուք շատ եք հանդիպելու իրադարձությունների, որոնք թեև տեղի են ունենում ո՛չ Հայաստանում, ո՛չ այսօր, սակայն դրանք ձեզ հիշեցնելու են օրեր, որոնց մասին դուք մոռացել եք։
Ահա՛, էդպիսի մի դրվագ՝
« ․․․Դրանցից մեկը Հայր Ռամիրեսն էր, ով կարողանում էր ամեն տեսակ լուտանք թափել իր «ազդեցության» թաղամասեր այցելող այն դեմոկրատների գլխին, ովքեր մի քանի պարկ ալյուրի և պահածոների օգնության գնով ստեղծում էին այնպիսի հրմշտոց, որ հեռուստադիտողին թվար՝ այդ մարդիկ մի ամբողջ հավերժություն ոչինչ չեն կերել»։
«Նախապես դիրքավորված դեմոկրատապատկան լրատվամիջոցներն այդ՝ կարիքից դրդված «սովահարների խրախճանքները» կարողանում էին մատուցել տասնապատիկ անգամ ազդեցիկ և հուզական ֆոնի ներքո, քան կար իրականում․․․»։
«Մեծ և առատ սեղաններից փչող ամեն տեսակ խորտիկների բույրն իր շուրջն էր հավաքել հետնախորշերի բնակիչներին, որոնցից՝ յուրաքանչյուրը փորձում էր ամեն կերպ խցկվել դեմոկրատներից կազմված պատի առաջին շարքեր, որպեսզի հյուրասիրության առաջին իսկ վայրկյաններից ամենահամեղ պատառներն իրենք կուլ տան։ Եվ, ահա՛, երբ միացան տեսախցիկներն ու լրագրողներն անցած գործի, դեմոկրատներն իսկույն մի կողմ քաշվեցին, և բնակիչներն անօրինակ ագահությամբ այնպես հարձակվեցին սեղանների վրա, որ րոպեներ անց առատ սեղաններից ոչինչ չմնաց․ մեկը դեռ մի պատառը կուլ չտված՝ մյուսն էր վերցնում, մյուսը՝ դնում էր գրպանը, երրորդը՝ կռիվ էր անում կողքինի հետ՝ իր բաժինը ձեռք գցելու համար, և ողջ այս «որկրամոլության Սոդոմ-Գոմորը» ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր երկրի բնակիչներին»»։