▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատական կարգադրիչների գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի. նոր մանրամասներ

ASEKOSE.am-ը «Դատական դեպարտամենտի «խաչիկյաններն» ու ատկատը» վերնագրով հոդվածում դատական  կարգադրիչների ծառայությունում աշխատավարձերի յուրացման գործով նոր մանրամասներ էր ներկայացրել`նշելով, որ տվյալ քրեական գործով անցնող անձանցից մեկը գտնվում է փախուստի մեջ:

Մեզ հայտնի դարձած տեղեկության հավաստիությունը ճշտելու նպատակով ASEKOSE.am-ի թղթակիցը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Ոստիկանությանը, որին ի պատասխան` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրել են հետևյալը. 

«ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ներկայումս մեղադրանք է առաջադրվել հինգ անձանց՝ աոանձնապես խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Մեղադրյալներից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, մեկ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը փոխարինվել է գրավով, իսկ մեկ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քննությունից թաքնվող մեկ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:

Նույն գործի շրջանակներում խոշոր չափերի խարդախություն կատարելու կասկածանքով 27.08.2013 թ. ձերբակալվել է դատական կարգադրիչների ծառայության ևս մեկ աշխատակից:

Մեղադրյալների անձնական տվյալները հանդիսանում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի «Տեղեկատվության ազատության մասին»  ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կարգով դրանք չեն կարող տրամադրվել:

Հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:

Քրեական գործով նախաքնությունը շարունակվում է»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more