▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում դանակով զինված անձն հակձակվել է բնակչուհու վրա, հափշտակել «Այֆոն 8»-ը եւ գումար

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երեւանի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Ինչպես հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից, նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 23-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի բնակարաններից մեկում հարձակում է գործել տան բնակչուհու վրա եւ  դանակի գործադրման սպառնալիքով վերջինիցս հափշտակել «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոս եւ կանխիկ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով, կինը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողը հանդիսանում է անհատ ձեռներեց եւ զբաղվում մատնահարդարմամբ, վարսահարդարմամբ, բուժական մերսմամբ։  Դեպքի օրը տուժողին զանգահարել է մի հաճախորդ եւ պայմանավորվել՝ նրա ծառայությունից օգտվելու վերաբերյալ։ Քիչ անց հաճախորդը եկել է տուժողի բնակարան, զրուցել, պատմել է, որ նախկինում դատապարտվել է ավազակության համար եւ սուր առարկայի գործադրման սպառնալիքով կնոջից հափշտակել նրա «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը, 192 հազար դրամ, ապա՝  դիմել փախուստի:

Քննչական բաժնում տուժողի հայտնած տվյալներն ստուգելու ուղղությամբ իրականացվել են  անհետաձգելի քննչական գործողություններ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ: Վերջինիս լուսանկարը ճանաչման է ներկայացվել տուժողին, ով մատնացույց է արել իր նկատմամբ ավազակային հարձակում գործած անձին:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին  ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more