Արթնացա՞ր, բարի լույս, վատ երա՞զ ես տեսել` նայի’ր պատուհանին:
- Չէ, պատուհանին նայելը չի փրկի, մենակ իմանաս, թե ինչ եմ տեսել:
- Ի՞նչ:
- Լսի’ր, ուրեմն. երկար, շա՜տ երկար ճանապարհ էր ու շատ մութ. մի ձայն ինձ կանչում էր` արի’, արի’: Գնացի ձայնի ուղղությամբ: Ինչ-որ դուռ երևաց. բացեցի, տեսնեմ` նստած են Ավետը, Ռիչարդը, Մանեն, Վահրամը և այլ ժամանակակից հեղինակներ: Հարցրեցի, թե որտեղ եմ և ի՞նչ է կատարվում: Կամ չլսեցին, կամ էլ` լսեցին ու չուզեցին պատասխանել:
Տեսնեմ` ինչ-որ տողեր են գրում. հարցրեցի, թե ի՞նչ եք գրում:
-Երգ, մենք հեղինակներ ենք:
-Ի՞նչ երգ, ինչի՞ մասին:
-Տեսնենք, թե ինչ կստացվի, դեռ պարզ չէ, հիմա բառերը կտեղադրենք` կերևա:
-Հենց այնպես բառեր եք տեղադրու՞մ:
-Այո’:
-Հասկացանք, որ հանգ պետք է լինի, բայց իրար հետ կապ չունեցո՞ղ:
-Հա, ո՞վ ա լսողը. տեսահոլովակը կնայեն, լսելուց էլ չեն հասկանա, թե ինչ է երգում. մինչև մի քանի անգամ լսեն` հասկանալու համար, մեր ռեյտինգը արդեն կբարձրանա. կարևորն էն ա, որ լսում են, թեկուզ և առանց հասկանալու թե բառերը, թե իմաստը. մեկ ա, էս ժողովրդի մեծ մասը մակերեսորեն ա հասկանում, ուղեղին զոռ չի տալիս:
- Պարզ է. բայց, օրինակ ես շատ երգերի ոչ մակերեսն եմ հասկանում, ոչ էլ ներքինը: Օրինակ.
Վերջապես դու քո ուզածին հասար ու հիմա տանջվում եմ ես:
Ու՞ր ես հեռացել, չես լսում, որ կանչում եմ քեզ:
…Այսպիսի մեծ փորձություն թշնամուս չեմ ցանկանա…
***
Այս գիշերը թող չավարտվի, քո աչքերի լույսը չմարի
***
Կոմպլեքսները մոռացի’ր, մաքսիմալ բացվի’ր:
Կամ էլ շատ-շատ Էդոյի նման (նրան ռաբիսի կողմնակիցները կիմանան) ասեք` կերեք-խմեք, քեֆ արեք (Վատ բան չի առաջարկում Էդո ախպերը, բայց ուտել-խմելու համար փող է պետք, փող ունենալու համար` աշխատանք, լավ աշխատելու համար էլ` խելք, խելք ունենալու դեպքում էլ` մենք մեր անելիքը գիտենք):
Հա, վերջերս էլ որոշ վայ-լրատվամիջոցներ չգիտես ինչու որոշեցին կամ եկան այն եզրակացության, որ քնած հայ շոու բիզնեսում հայտնված սթափեցնող, թարմացնող նոր դեղամիջոցը՝ իսպանական մոտիվներով և անընդհատ կրկնվող թուրքական «բալա» բառով գերել է հայ ազգի սիրտը:
Խեղճ հայ ազգ, երևի մեծ մասը չի էլ լսել այդ երգը և, սա չէ, որ պետք է ցնցեր առանց այդ էլ լավ ցնցված ժողովրդին: Բայց կատարողն արդեն աստղիկ է ու բոցկլտում է: Երևի նոր երգ է պատրաստում արաբաճապոնաիսպանախառը: Սա այն դեպքում, երբ օտարներն և մեր ոխերիմ թշնամին գողանում են հայ երաժշտությունը, իսկ լավագույն հեղինակների գործերն այդպես էլ մնում են թղթին:
Ավելի լավ է՝ գնամ և բերեմ մեր բանաստեղծների ու լավագույն երգահանների տողերը, կարդացե’ք, ոգեշնչվե’ք: Ոչինչ, սկզբում ընդօրինակեք, մինչ ձեր ուղին կգտնեք. թե չէ այս ի՞նչ եք երգում կամ ի՞նչ եք գրում…լավագույն դեպքում հիշում եք այբուբնի տառերը կամ այգում արածող գոմեշներին:
Արթնացա ու չիմացա` ի՞նչ պատասխանեցին կամ, պատասխանեցի՞ն արդյոք:
Անի Կարապետյան