▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի վերջո, ո՞վ է փնտրում կորած զինվորին`Ռազմական ոստիկանությո՞ւնը, թե՞ Արամը

Նախօրեին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ անհետացել է Լուսակերտի  N զորամասի  ժամկետային զինածառայողներից մեկը, ով դուրս է եկել զորամասից երկու օր առաջ` Երևան գնալու նպատակով: Զինվորն  իր զինգրքույկը թողել է զորամասում:

Նաև նշվել էր, թե  ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պատճառաբանել է, որ 3 օրը լրանալուց հետո է պատրաստվում միայն որոնողական քայլեր ձեռնարկել:

ASEKOSE.am-ի  թղթակիցը կապ է հաստատել ՀՀ  ՊՆ Ռազմական ոստիկանության հերթապահ մասի պետ գնդապետ Սարգիս Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց զինվորի անհետացման մասին լուրը, սակայն նշեց, որ Ռազմական ոստիկանությունը որոնողական քայլեր է ձեռնարկել անմիջապես այն պահից, երբ հայտնի է դարձել զինվորի անհետացման մասին: 

«Զորամասից բացակայելու մասին տեղեկությունը հաստատվելուց հետո ՌՈ օպերատիվ հետախուզական բաժինը և Աբովյանի բաժինը որոնողական աշխատանքներ են իրականացնում»,- մեզ հետ զրույցում ասաց գնդապետ Հակոբյանը` հավելելով, որ դեռևս զինվորի գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա: Սակայն պարզ է դարձել, որ նա որևէ մեկի հետ կապի մեջ չի եղել:

Սարգիս Հակոբյանի խոսքով` եռօրյա ժամկետը վերաբերվում է միայն քրգործ հարուցելուն:  Այսինքն անհետանալուց 3 օր հետո հարուցվում է քրեական գործ, սակայն որոնողական աշխատանքները ծավալվում են ավելի վաղ:

Գնդապետ Հակոբյանը մեզ հետ զրույցում նաև շեշտեց, որ Տարոնը բարեխիղճ ու պարկեշտ զինվոր է, նախկինում երբեք չի լքել զորամասը: Կրտսեր սերժանտ է: Հակոբյանի խոսքով`

«Նրա վրա որևէ սև բիծ չկա»:

Ի դեպ` այսօր ASEKOSE.am-ի և մի շարք այլ լրատվամիջոցների հետ կապ է հաստատել նաև Տարոնի մտերիմներից մեկը, ով իր հերթին հայտարարություն է տարածել զինվորի անհետանալու մասին` թողնելով նաև հեռախոսահամար: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ  21 ամյա  Տարոն Հայրունին Երևանի  Ավան  համայնքի    բնակիչ է: 

Վերջին  անգամ  նրան  տեսել   են  հունիսի  27-ին   առավոտյան 8.30-ի մոտ   Մարաշ  թաղամասում:

Հասակը 170  սմ է: Սանրվածքը  կարճ: Աչքերը  կապույտ: Հագին եղել  է մուգ վերնաշապիկ:

Բոլոր այն  անձինք, ովքեր  որևէ  տեղեկություն  ունեն  նրա  մասին  խնդրում  ենք  
կապվել  հետևյալ  հեռախոսահամարով:

(094)........  Արամ/ համարը չի նշվում նամակագրի խնրանքով/

Շատերը, այդ թվում և լուրի սկզբնաղբյուր` nrnak.com լրատվամիջոցը տարակուսանքի մեջ են.եթե Ռազմական ոստիկանությունն զբաղվում է տղայի որոնողական աշխատանքներով, այդ դեպքում հավելյալ հայտարարություն տարածելու իմաստն անտրամաբանական է թվում:

ASEKOSE.am-ի թղթակիցը կապ է հաստատել նաև Արամի հետ` ցանկանալով ճշտել, թե ով է նա և ինչ մանրամասներ կարող է հաղորդել: Սակայն մեզ պատասխանեցին, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել` խոստանալով նոր մանրամասներ իմանալու դեպքում զանգահարել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more