▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ են եկեղեցի գնում երեկոյան զգեստով կամ «ռաժոկով հագած ջինսերով»

Մենք քրիստոնյա ենք։ 
Հայաստանն առաջինն էր, ով քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Այդ ժամանակից մինչև մեր օրերը ինչ վիճակում էլ որ եղել է հայ ժողովուրդը, նա չի մոռացել եկեղեցիներ կառուցել։ Եվ այսօր ոչ միայն մենք, այլև ամենատարբեր երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկները կարող են հիանալ հազարամյա և ավել պատմություն ունեցող հայկական եկեղեցիներով։
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում էլ կա հայկական երկու եկեղեցի, որոնցից, թերևս, ամենահայտնին, «1905 թվականի» անունը կրող մետրոյի կայանից քիչ հեռու է գտնվում և կոչվում է «Սուրբ Հարություն»։ Ճիշտ է, այն չունի հազարամյա պատմություն, բայց Մոսկվայում բնակվող հայության գերազանցող մասն այցելում է հիմնականում այս եկեղեցին (հայկական թվով երկրորդ եկեղեցին միայն վերջերս է բացվել)։
Եկեղեցում այցելուների մի որոշ զանգվածի պահելաձևի ու նրան հարակից տարածքի մասին էլ կանդրադառնամ հոդվածումս։
Ես քրիստոնյա եմ։ Ճիշտ է, ամեն շաբաթ կամ կիրակի եկեղեցի չեմ գնում, պաս չեմ պահում, բայց դրանով իմ հավատի չափը չի որոշվում։ Հավատում եմ, հարգում եմ Աստծո տունը, և երբ հոգեպես ընկճված եմ լինում, հանգստությունն այնտեղ եմ գտնում։
Հիմա մի պահ փորձեք պատկերացնել հետևալ տեսարանը. մի քանի ընտանիք, իրար հետ կանգնած ընկերուհիներ, առանձին կանգնած տղաներ և միայնակ մարդիկ։ Բոլորը՝ մեր հայրենակիցները։ Գործողության վայրը՝ «Սուրբ Հարություն» եկեղեցի, օրը՝շաբաթ։
 
Արդյոք անհրաժեշտությու՞ն է եկեղեցի գալ երեկոյան զգեստով կամ «ռաժոկով զոռով հագած ջինսերով»։ Որտեղի՞ց քաղքենիական նման պահելաձև։ Եվ ի՞նչ են դրանով ուզում ասել նման տեսք ունեցող աղջիկները։ Որ իրենք ժամանակակից հայացքների տեր մարդի՞կ են։ Թե՞ որ, իրենց կարծիքով, երեկոյան գեղեցիկ զգեստ ունեն։
Կամ ինչպե՞ս բացատրել պարանոցին ու ձեռքերին միանգամից մի քանի ոսկե հաստ շղթաներ, մատներին էլ 6-7 նույնպես ոսկե մատանիներ կրելու պահը։ Առանց դրանց հնարավո՞ր չէ։ Եվ ինչու՞ այդ քանակությամբ։ Թե՞ հենց եկեղեցում դու պետք է ցույց տաս քո «բարձր մակարդակը», նաև տեղեկատվություն այն մասին, որ «պապադ թույն դեմք ա»։
Եկեղեցի այցելելուց առաջ, ցուցամոլությունից տառապող և ոսկով «ծանրաբեռնված» իգական սեռի ներկայացուցիչն արդյո՞ք նայել է իրեն հայելու մեջ։ Արդյո՞ք իրեն դուր է եկել սեփական ողորմելի կերպարը։ Եվ հարց. ի՞նչ նպատակ է հետապնդում սույն «քրիստոնյան», ով եկեղեցու տարածքում քայլելիս աչքի տակով նայում է հակառակ սեռի ներկայացուցիչներին ու փսփսում ընկերուհու հետ։
Ի դեպ, լինեմ ազնիվ (խոսքս միայն աղջիկների մասին չէ) և ասեմ, որ ինձանից ձեռքի հեռավորության վրա կանգնած տղաներից մեկն ասաց մյուսին. «Հլը նայի էդ կողքիդ ծտին։ Թույն բալիկ ա»։ Այնուհետև հետևեց հայացք քիչ հեռու կանգնած մի աղջկա վրա, որի՝ մեծ ջանքերով սեփական ոտքերին քաշած ջինսերի միջից հետույքը դուրս էր թռչում։
Մոսկվան շատ մեծ քաղաք է։ Եվ ամենուր կան սրճարաններ, ռեստորաններ, կենտրոններ՝ զվարճության համար, կինոթատրոններ։ Էլ տեղ չգտա՞ք իրար վրա նայելու կամ ձեզ ցույց տալու։
Եվ ինչու՞ եկեղեցու ծառայողն, ով տեսնում է այդ ամենը, քայլեր չի ձեռնարկում բացատրելու մարդ–ստահակներին, որ եկեղեցին հանդիպման վայր չէ, և այնտեղ պետք է գալ ավելի համեստ տեսքով։ Օրինակ, ռուսական եկեղեցի չես կարող մտնել կարճ, թափանցիկ շորերով, նաև՝ առանց գլխաշորի։ Նրանք էլ են քրիստոնյա, մենք էլ։ Կաթոլիկներն էլ իրենց շատ համեստ են պահում եկեղեցու տարածքում։ Ոչ մի ցուցամոլություն կամ քաղքենի, ռաբիս պահվածք։ Իսկ մենք պետք է անպայման ամեն տեղ աչքի ընկնենք, մեզ ցույց տանք։ Այլապես ինչպե՞ս դիտարկել «ծիծակ» կոշիկներով, ձեռքերը գրպանում ու «արայով» բարձր–բարձր խոսող մեր որոշ տղաների պահելաձևը, եթե ոչ որպես էլեմենտար քաղքենիություն։
Եկեղեցու հարակից տարածքում մեր հայրենակիցներն առևտրի բուռն գործունեություն են ծավալել։ Մինչև 200 դրամանոց հայկական խաչբառները վաճառվում են 200 ռուբլով, այսինքն՝ 2600 դրամով։ Վատ բիզնես չէ։ Կարելի է գնել նաև մի քանի անուն հայերեն թերթեր, տնական պահածոներ, թթու լավաշ, քաղցր սուջուխ։ Գները՝ սուպերմարկետայինից բարձր։
 
Ռուս մուրացողներն, ովքեր «առևտրով» չեն զբաղվում, տասը ռուբլուն էլ են շատ ուրախ ու շնորհակալ, մերոնք սկսում են հարյուրից։ «Պալոժ չի՞» մանր գումարը։
Երբ այցելում ես կաթոլիկ կամ ռուսական եկեղեցի, ամեն կողմից քեզ չեն դիտում այնպես, կարծես դու մերկ ես կամ էլ մարդկային ցեղին չես պատկանում։ Քեզ չեն քննարկում, դու չես լսում «դեմքը ծանոթ ա», «էս ով ա», «հլը սրա վիդը» և այլ տիպիկ հայկական տափակ ու անտեղի արտահայտություններ։ Դու մտնում ես եկեղեցի՝ ունենալով մեկ ցանկություն. ինչ–որ մի ժամանակահատված լինես Աստծո հետ, փորձես հասկանալ սեփական կյանքի ճիշտ ու սխալ կողմերը, գնահատես այդ ամենը, հասկանաս քեզ ինչ է պետք։ Եվ բնավ պարտադիր չէ քննարկման առարկա դառնալ մի քանի անդաստիարակների և ռաբիսների շրջապատում։
Ամեն տեղ մեզ ցույց տալը, մեծ–մեծ խոսելը, չհավանությունը, ռաբիսությունն ու անմակարդակ պահվածքը դարձել են մեր ազգի ճանաչման մշտական ատրիբուտները։ Միայն պետք չէ մոռանալ, որ բացի մեզանից հայկական եկեղեցիներ են այցելում նաև այլազգիներ։ Եվ միգուցե անհրաժեշտ է գոնե Աստծո տանը իրեն կոռեկտ պահել՝ ազգը խայտառակ չանելու համար։

Հայկ Վարդանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more