ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել Արթուր Պողոսյանը։ Կառավարության նիստից հետ լրագրողները փորձեցին նրանից պարզել, թե «ինչո՞վ է ավելի լավ աշխատելու, քան Արգիշտի Քյարամյանը․ «Աշխատանքը կգնահատվի լավ, թե՝ վատ՝ հարաբերական է, աշխատանքը գնահատելու է հանրությունը, հասարակությունը: Ես ինքս իմ աշխատանքը երբեք չեմ գնահատելու, դա լինելու է տեսանելի և շոշափելի: Եթե հանրության շրջանում այդ արդարության զգացողությունը չլինի, բնականաբար, ուրեմն խնդիր կա»,- պատասխանեց Պողոսյանը։
«Պատրա՞ստ եք sms-ով ազատվել աշխատանքից, ֆեյսբուքով՝ նշանակվել» հարցին պատասխանելով՝ Պողոսյանը անդրադարձավ հնչեղություն ստացած պաշտոնանկություններին․ «Յուրաքանչյուր պետական ծառայողի պաշտոնը երբևիցե հավերժ չէ, մի օր աշխատանքի ենք, պաշտոնավորում ենք, մի օր էլ պետք է պատրաստ լինենք լքել այդ պաշտոնը։ Դա ողբերգություն չէ»,- ասաց նա՝ հավելելով․ «Ես պատրաստ եմ ծառայել երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը պետությունն ու երկրի ղեկավարությունը ունի»։
Ի պատասխան լրագրողների հարցերի՝ ՔԿ նորանշանակ նախագահն ասաց, որ պաշտոնը զբաղեցնելով ոչնչով կաշկանդված չէ։