▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կյանքի խոսք»-ի դեմ մի պայքարի` հաշվեհարդար կտեսնենք. մանրամասներ հարձակման մասին

Համաձայն որոշ տեղեկությունների` վերջին շաբաթվա ընթացքում  հարձակման են ենթարկվել աղանդների գործունեության դեմ պայքար ծավալող շարժումների ներկայացուցիչներ: Նախ` Զեյթունում հարձակում տեղի ունեցավ  «Միացյալ Երիտասարդական Լիգայի»  համանախագահ Սևակ Հովհաննիսյանի, ապա  «Մենք»  երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանի վրա:

 ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Սևան Աղաջանյանի հետ, ով մանրամասներ է ներկայացրել միջադեպի մասին:

Սևանի խոսքով`

«Առավոտյան ժամը 10-ի սահմաններում դուրս էի  եկել տնից` խանութ գնալու նպատակով: Հանդիպեցի հին ծանոթներից  մեկին, ով նախկինում կոշկակար էր աշխատում: Շուրջ 10 տարի  չեի տեսել նրան, փոքր ժամանակից եմ  հիշում: Նախկինում խոսակցություններ էի լսել, որ աղանդավոր է` Եհովայի վկաներ աղանդի ներկայացուցիչ: Մեր մեջ խոսակցություն ծավալվեց, միմյանց որպիսություն հարցրեցինք: Հարցրեց, որ ուղղությամբ եմ գնում, քայլեցինք միասին: Ապա ևս 3 հոգի միացան մեզ:  Ինձ հիշեցին, ասացին` քեզ հիշում ենք, աղանդների դեմ ես պայքարում,  լավ գործ ես անում, ուղղակի  «Կյանքի խոսք»-ի դեմ մի պայքարի: Նշեմ, որ այդ օրերին հենց այդ ուղղություն էինք վերցրել,  բացահայտել էինք այնպիսի մանրամասներ, որոնց մասին հանրությունը տեղյակ չէր»:

 Այնուհետև պնդել են, որ «Կյանքի խոսքն» աղանդ չէ, այլ Հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցի:

Սևանն իր հերթին պնդել է, որ աղանդ է, քանի որ շեղված է Հայ առաքելական եկեղեցուց:

«Դրանից հետո սկսեցին  ինձ հրել, ասացին «Կյանքի խոսքի» մասին գրառում չանես, թե չէ հաշվերհարդար կտեսնենք, ապա սկսեցին  հարվածել»,- հավելեց մեր զրուցակիցը:

Շուրջ երեք րոպե հարվածել են նրան, և միայն անցորդների  մոտենալուց հետո` հեռացել:

Միջադեպից հետո  Սևան Աղաջանյանը իրավապահ մարմիններին չի դիմել: Հետաքրքրվեցինք պատճառների մասին: Նրա  խոսքով`

««ՄԵԼ» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը մեկ տարի առաջ  հարձակման էր ենթարկվել, հեռախոսով սպառնացել էին, պահպանվել էր անգամ ձայնագրությունը, սակայն գործ չէր հարուցվել: Եթե գործ է հարուցվում,  անվտանգությունը պետք է երաշխավորվի, սակայն Սևակին ասել էին` երեք օր անվճար թիկնապահ կտրամադրենք, դրանից հետո վճարովի, որ բավական մեծ գումար է: Սևակ Հովհաննիսյանի հետ  երեկ զրուցեցի, այս անգամ ոստիկանություն չի դիմել, սակայն մամուլից իմացել, կանչել են:  Ես էլ չեմ դիմի, կսպասեմ: Եթե կանչեն, կներկայանամ»:

«Կյանքի խոսք» եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց.

«Ես Սևան Աղաջանյանին չեմ ճանաչում և ոչինչ չգիտեմ այդ միջադեպի մասին: Ստացվում է` ցանկացած մարդ կարող է ասել` ես պայքարում եմ, դրա համար հարձակում են գործել: Ինչու պիտի ես մեկնաբանեմ: Եթե եղել է նման միջադեպ, թող դիմեն իրավապահ մարմիններին, իրենք մեկնաբանեն»:

Նշենք, որ  «Մենք» և «Միացյալ երիտասարդական լիգա» շարժումները պատրաստվում են  հոկտեմբերի մեկին կամ երկուսին շարունակել  աղանդերի դեմ ստորագրահավաքը: Երթով կշարժվեն դեպի Կառավարության շենք,  նաև նամակ կհանձնեն:

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more