▲ Դեպի վեր

Tuesday, 18.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Լու՞րջ, ՀՀ-ին դատի՞ են տալու. Ալեն Սիմոնյանի արձագանքը Արտակ Բեգլարյանի հայտարարությանը

Լու՞րջ, ՀՀ-ին դատի՞ են տալու. Ալեն Սիմոնյանի արձագանքը Արտակ Բեգլարյանի հայտարարությանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի այն հայտարարությանը, որ եթե միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն, ապա մի խումբ քաղաքացիներ ՀՀ կառավարությանը դատի կտան։ «Թող դատի տան, ի՞նչ ասեմ: Ես զարմանում եմ, իրենք փոխանակ պայքարեն էն մարդկանց դեմ, էն իշխանության դեմ, իրենց վրա կրակողների դեմ, շատ դուխով, համառ պայքարում են մեր դեմ: Մենք չեմպիոն ենք չէ՞ ինքներս մեր դեմ պայքարելու մեջ: Տենց ուժեղ են, թող գնան և պայքարեն էն մարդկանց դեմ, ովքեր իրական իրենց դեմ քայլեր են արել, ոչ թե սեփական երկրի ընտրված իշխանության դեմ։ ՀՀ հարկատուների դեմ հայց պետք է ներկայացնե՞ն, էն մարդկա՞նց դեմ, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց աշխատավարձ են տվել, իրենց պաշտպանել են։ Էն մարդկա՞նց դեմ, ում երեխաները գնացել, զոհվել են։ Թող ներկայացնեն, իրենց իրական մտադրություններն էլ պարզ կդառնան»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

***

«Դա չի արվում ուլտիմատումներով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ եթե ՀՀ-ն Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը դնի որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, ապա բանակցությունները կմտնեն փակուղի և իրավիճակը կսրվի։

«Դա չի արվում նախապայմանների ճանապարհով, այլ արվում է դիվանագիտական ճանապարհով, ինչն արվում է վերջին չորս տարվա ընթացում, երբ 150 գերիներից մենք այժմ ունենք հաստատված 23 գերի, որոնցից 12-ը 2023 թվականին են գերեվարվել։ Ուլտիմատումներ ներկայացնել որևէ կողմի՝ կնշանակի վերահաստատել այն, ինչն անում են այսօր մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր և մարդիկ»,- ասաց Սիմոնյանը։

***

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան հարցին, թե կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվության տարածումն արդյո՞ք կապված է խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու հետ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Չհաջողության մասին պնդում անելու առումով բավարար չէ և հիմքեր չկան։ Իմ մասնավոր կարծիքն է, որ այն արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար, երբ ասում էր, թե հայկական կողմի նկատմամբ զրոյին մոտ վստահություն կա։ Զարմանալի է, քանի որ հայկական կողմի գործելաոճը՝ հրապարակային գործելը, հակառակի մասին է խոսում։ Մեր ընդդիմադիրներն ասում են՝ Ադրբեջանն ինչ ասում է, դուք դա եք անում։ Հիմա ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը՝ նման մեղադրանք ներկայացնելով»,- ասաց Սիմոնյանը։

Նա կարծիք հայտնեց, որ այս փուլում, երբ նոր է համաձայնագրի շուջ համաձայնություն ձեռք բերվել, Ադրբեջանն էսկալացիայի չի գնա։

Սիմոնյանը նաև վստահեցրեց, որ խաղաղության պայմանագրում Հայաստանի համար «վտանգավոր կետեր» չկան, դրանք բոլորը երկկողմանի են, եթե մի կետ կմեկնաբանվի վտանգավոր Հայաստանի համար, ապա վտանգավոր է լինելու նաև Ադրբեջանի համար։

***

«Հուսանք, որ այդ հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր և դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար»,- լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությանը, թե գերիները պետք է ազատ արձակվեն:

Հարցին՝ որո՞նք են հստակ քայլերը, Ալեն Սիմոնյանն ասաց.
«Չգիտեմ, թող զանգեն, պայմանվորվեն՝ ոնց են մեր գերիներին, մեր մարդկանց հետ տալիս, բոլորին անխտիր՝ անկախ որ ժամանակ են գերեվարվել»:

***

«Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են ԵՄ քաղաքացիական դիտորդները, ապա իրենք են այդ դիտորդներին այլևս պահում ՀՀ-Ադրբեջան սահմանին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պարզաբանելով․ «Այն պահից, երբ Ալիևը կստորագրի պայմանագիրը, մեր պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ։ Իսկ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի հարձակում պետք է տեղի ունենա ՀՀ-ի դեմ, ԵՄ դիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը, ի՞նչ տարբերություն»,- ասաց Սիմոնյանը։

***

«Կարող ենք Ադրբեջանի և Հայաստանի Սահմանադրություններն ուղարկել փորձաքննության՝ հասկանալու համար՝ երկկողմանի տարածքային պահանջներ կա՞ն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Օրինակ, կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր երկու երկրների Սահմանադրությունները՝ հարցնելով՝ նման բան կա՞, թե՞ ոչ։ Ամեն ինչի տակ պետք է հիմնավորումներ լինեն, մենք այս տրամանաբանությամբ ենք աշխատել։ Կարծում եմ՝ շարունակությունն էլ տրամաբանված և հիմնավորված կլինի, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական հայտարարության մակարդակի»,- ասաց Սիմոնյանը։

***

«Ինտրիգ պետք չէ փնտրել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե համաձայնագրի վերաբերյալ հրապարակումից հետո Փաշինյանն ի՞նչ է քննարկել ՌԴ նախագահի հետ, ում առաջինն է զանգահարել․ «Վարչապետը խոսել է նաև Ֆրանսիայի, Իրանի նախագահների հետ․ որևէ ինտրիգ փնտրել այն բանի մեջ, որ առաջինը ՌԴ նախագահի հետ է խոսել, պետք չէ։ Իսկ թե ինչ են խոսել, նշված է եղել հաղորդագրության մեջ»,- նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more