▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղադրանք երիտասարդին՝ կնոջն ու ընկերուհուն պոռնկության շահագործման ենթարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երկու կնոջ պոռնկության շահագործման ենթարկելու,  նրանց նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի  հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդի:

Նախնական տվյալներով՝ 2016թ. օգոստոսից 2017թ. հունիսն ընկած ժամանակահատվածում երկու երիտասարդ կին՝ ծնված 1996 և 1995 թթ.., հարկադրաբար ենթարկվել են պոռնկության շահագործման:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1993թ. և հանդիսանում է կանանցից մեկի երեխայի հայրը, իսկ մյուսի՝ ընկերը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ 24-ամյա երիտասարդը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել 1996թ. ծնված աղջկա հետ և համատեղ կյանքի ընթացքում՝ 2016 թվականի հունվարին, ունեցել են դուստր։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունների ժամանակ պարբերաբար բռնություն է գործադրել իր երեխայի մոր նկատմամբ, ապա՝ պարտադրել զբաղվել մարմնավաճառությամբ՝ սոցիալական խնդիրները, ապրուստի գումարը վաստակելու համար։

Երիտասարդի պահանջով 2016 թվականի հոկտեմբերից նրանց հետ համատեղ՝ նույն տանը, սկսել է բնակվել նաև ընկերուհին՝ ծնված 1995 թվականին, մանկահասակ երեխայի հետ միասին։ Քննությամբ հիմնավորվել է, որ միայնակ մայրը ևս ենթարկվել է պոռնկության շահագործման։ Երիտասարդի հարկադրանքի ներքո կանայք տարբեր գիշերային ակումբներում ծանոթացել են օտարազգի տղամարդկանց հետ, զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ այդ ընթացքում մանկահասակ երեխաները գտնվել են երիտասարդի մոտ։ Վերջինս պարբերաբար բռնություն է գործադրել կանանց նկատմամբ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու պահանջը կատարելուց հրաժարվելու կամ քիչ գումար վաստակելու համար, սպառնացել վնասել երեխաներին։

Բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև՝ երիտասարդի կողմից իր երեխայի մոր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձ, իսկ մյուսի՝ 1995թ. ծնված կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 34-139-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more