▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին այրվածք է ստացել «Ավանտա»-ում

«Ամբողջ Երևանն «Ավանտա»-ի գովազդի պաստառներն են, ու այնպես են գովազդում, որ ինքնըստինքյան ուզում ես օգտվել ծառայությունից։ Իբր նորարարական բժշկության կենտրոն է, բայց իրենց ծառայությունից օգտվելուց հետո, ստիպված եմ եղել դիմել այլ բժշկական կենտրոն, որպեսզի վերականգնեմ առողջությունս»։

Մեդիահաբն է գրում, որին երևանաբնակ Արմինե Մ.-ն պատմել է, ոչ  «Ավանտա»-ի գովազդները չեն համապատասխանում մատուցվող ծառայությունների որակին․ Ասում է՝ միայն ժպիտով ընդունում ու ճանապարհում են։ 

««Վերջին անգամ կատարած էլոսից հետո՝ արյան անոթներս վնասվել են, առաջացել է ներուղեղային արյունազեղում։ Ասում եմ՝ «ապարատը շատ տաք է, վառում եք», ասում է՝ «բա ալեքսանդրիտ ենք անում, մի քիչ անհարմար է, բայց արդյունքը լավ կլինի»։ Արդյունքում այնտեղից դուրս եկա շատ վատ վիճակում, տաքությամբ, գլխապտույտով, շրջազգեստիս օձիքը ամբողջությամբ վառված, շարքից դուրս եկած։ Դա էդքան էլ էական չէր, որքան առողջությունս։ Ես միշտ երազել եմ, որ մեր քաղաքում իսկապես լինի նորարարական մասնագիտացված բժշկական կենտրոն, որտեղ իսկապես կարող եմ դիմել ցանկացած հարցով, ունենալ խնամված տեսք, առողջ մարմին։ Բայց երբևէ չեմ մտածել, որ այսքան անորակ կլինի մատուցված ծառայությունը, որովհետև «Ավանտայից» հետո դիմել եմ այլ հիվանդանոց, ամենը վերականգնել։ Դրանից որոշ ժամանակ անց՝ զանգահարել ու հարցրել են, արդյո՞ք գոհ եմ իրենց ծառայությունից։ Բացասական պատասխանս լսելուց հետո առաջարկել են նորից դիմեմ, որ այս անգամ ուրիշ մասնագետ կիրականացնի ծառայությունը, ասել եմ՝ «շնորհակալ եմ, ձեզ մոտ ոտք չեմ դնի»»,- ասաց նա։ 

Մեր զրուցակից Արմինեն նշեց, որ նպատակ չունի սևացնել կամ վատաբանել «Ավանտայի» անունը, բայց ուզում է, որ գովազդային խոստումները գործի մեջ կիրառեն, և իր նման վատ վիճակում չհայտնվեն: 

«Պետք է մասնագետներ աշխատեն, մազահեռացման ապարատն իր գործն անում է, բայց դրա կիրառման ձևը, նախ, պետք է սովորել, հետո աշխատել։ Էն որ մեծ տառերով, անգրագետավարի գրել են «իջաաաավ», թող չիջնի, մատուցվող ծառայության որակը բարձրանա, գները մնան նույնը»,- հավելեց Արմինեն։

Նշենք, որ հիշյալ կլինիկայում Արմինեն ծառայությունների դիմաց վճարել է 21 000 դրամ, հիվանդանոցում հետևանքները շտկելու և առողջական վիճակը կարգավորելու համար վճարել է 8 000 դրամ, իսկ զգեստի արժեքը, որն այրել է «Ավանտայի» մասնագետ կոչվածը, 14 000 դրամ է:
MediaHub-ն առաջին անգամ չէ, որ բողոքներ է ստանում «Ավանտայի» գործունեության վերաբերյալ:

Ամբողջական պատկերին կանդրադառնանք առաջիկայում՝ ներկայացնելով բոլոր թերացումները, որ կան այս կլինիկայի գործունեության հետ կապված: Պարզապես նշենք, որ մեր զրուցակից Արմինեի բողոքը, թե՝ սարքավորումը չէ կարևորը, այլ աշխատացնող մասնագետը, միայն ինքը չէ հնչեցնում: Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացիներից մեկը, ով ինքը բժշկական ոլորտի ներկայացուցիչ է, նշեց, որ «Հեշտոցի և ինտիմ զոնայի ապարատային երիտասարդացում» լազերային ապարատով պրոցեդուրան պետք է կատարի բժիշկը, մանկաբարձ-գինեկոլոգը, ոչ թե բուժքույրը` նույնիսկ տվյալ ապարատի վրա աշխատելու վերապատրաստում անցած։ Կան բազմաթիվ առանձնահատկություններ , որոնք նկատելի են միայն մասնագետին։ Մինչդեռ «Ավանտայում» այս պրոցեդուրան իրականացնում է բուժքույրը»,-գրում է սկզբնաղբյուրը։

Լուսանկարում՝ «Ավանտա»-ի հիմնադիրներն են

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more