▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում կա ջերմամիջուկային ռեակցիայի համար հազվագյուտ էլեմենտը

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի ժամից ԱՄՆ կառավարությունն, ըստ ամենայնի, կհայտարարի նոր աշխարհակարգի ստեղծման մասին: Էս պահին լուրը տարածել են մի շարք արևմտյան լրատվականներ, հղում անելով իրենց աղբյուրների վրա, սակայն ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը արդեն հաստատել է, որ այսօր հայտարարելու է «առանցքային գիտական առաջընթացի» մասին: Մասնագետների հավաստմամբ ԱՄՆ կառավարությունը հայտնելու է այն մասին, որ պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է ջերմամիջուկային ռեակցիայի արդյունքում ստանալ 120% ՕԳԳ: Այսինքն ռեակցիայից ստացված էներգիան 20%-ով ավելի շատ էր, քան դրա վրա ծախսված էներգիան:


Սա զուտ գիտական աշխարհով սահմանափակող երևույթ չէ: Սա աշխարհի հիմքերը քանդող ու նորը կառուցող պատմական իրադարձություն է: Վերջին 70 տարվա աշխարհի կարգը հետևյալն էր՝ կա երեք տեսակի երկիր, առաջին տեսակը սպառող երկրներն են, երկրորդ տեսակը արտադրող երկրներն են, իսկ երրորդը այդ արտադրությանը ռեսուրս տվող երկրներն են: Անշուշտ երեք խմբերն էլ մասամբ բոլոր այս գործառույթները իրենց մեջ ունեին, սակայն գլոբալ առումով դասակարգումը սա էր:
Անշուշտ արտադրություն ունեին և ունեն Եվրոպան ու Ամերիկան և անշուշտ նրանք շահագործում են իրենց տեղական հումքային բազան, սակայն գլոբալ առումով նրանք են սպառում այն, ինչ սարքում է պայմանական Չինաստանը, որն իր հերթին շահագործում է պայմանական Սուդանի ռեսուրսները: Այդ ռեսուրսների մեջ ամենակարևորը էներգակիրներն էին: Հետևաբար նա, ով վերահսկում էր էներգակիրների արդյունահանումը, անուղղակիորեն վերահսկում էր նաև արտադրական ու սպառման պրոցեսները, այսինքն` վերահսկում էր աշխարհը: Ընդ որում, բուն արդյունահանումից ստացված եկամուտը երկրորդական էր, գերկարևորը պրոցեսի հսկումն էր:
Ամերիկան աշխարհը վերահսկում էր, քանի որ նավթի հիմնական արդյունահանողները այսպես, թե այնպես իրենցից էին կախված: Այս կարգը մեկ օրում չէր կառուցվել. դրա համար երկու համաշխարհային պատերազմ ու հարյուր միլիոնավոր զոհեր պահանջվեցին, սակայն կարգը հաստատվեց: Լատինական Ամերիկայում կարգը հաստատելուն պարբերաբար ծառայում էին զինվորական խունտաները, ազգայնական ահաբեկիչները և նարկո կարտելները, իսկ երբ որևէ մեկը վերահսկողությունից դուրս էր գալիս, տեղի էր ունենում այն, ինչ տեղի ունեցավ Արգենտինայի հետ Ֆոլկլենդյան պատերազմում:
Նույն նպատակներին էր ծառայում Իսրայել պետության ստեղծումը մերձավոր արևելքում, Թայվանն ու Կորեան` Արևելյան Ասիայում, Աֆղանստանը` Կենտրոնական Ասիայում, Պակիստան էլ հարավում: Այս մասին էր նաև Արցախը Կովկասում, չլիներ կասպիական նավթի ու գազի տարանցման խնդիրը, չէր լինելու Արցախյան հակամարտություն: Էս ամենինչը ռեսուրսների արդյունահանման, դրանց շահագործման ու տրանսպորտի պրոցեսները վերահսկելու մասին էր:
Այո ջերմամիջուկային ռեակցիան որպես էներգիայի աղբյուր ունի բազմաթիվ առավելություններ: Այն 4 միլիոն անգամ ավելի արդյունավետ է, քան գազ, նավթ կամ ածուխ վառելը: Դրա մեջ կիրառվող նյութերը գրեթե անսպառ են մեր մոլորակի վրա: Այն չի արտանետում ածխաթթու գազ: Չկա ռադիացիոն աղբի խնդիր: Օգտագործվող նյութերը չեն կարող ծառայել զենք ստեղծելուն: Միջուկային վթարների ռիսկ չկա: Այն մի քանի անգամ էժանացնելու է էլեկտրաէներգիայի գինը: Բայց ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ այն է, որ այն կարող է արտադրվել ամենուրեք:
Այսինքն, օրինակ, Ադրբեջանը որպես էներգակիրների աղբյուր կորցնելու է իր իմաստը: Թուրքիան կորցնելու արդիականությունը որպես էներգակիրների տարանցման խաչմերուկ: Իսրայելը կորցնելու է իր արդիականությունը որպես աղբյուրների ու տարանցման ուղիների «նայող»: Ռուսաստանն իր ներկայիս ձևով է կորցնելու արդիականությունը: Արաբական նավթա-պետությունները կկորցնեն իրենց գոյաբանական իմաստը:
Աշխարհն այսուհետ երկու խմբի է բաժանվելու՝ սպառողների ու արտադրողների: Հավասարությունից դուրս են մնալու հումքային մատակարարները: Սա իր հերթին թույլ կտա սպառողներին չվախենալ արտադրողի ու մատակարարի հնարավոր դաշինքից: Տրամաբանությունը հուշում է, որ Չինաստանի` Ռուսաստանի, Իրանի ու Արաբների հետ նմանատիպ դաշինքներ կազմելու փորձերը պատճառ հանդիսացան, որ ԱՄՆ-ն այս ձիով քայլը անի:
200 տարի առաջ տեխնոլոգիական պրոգրեսը ակներև դարձրեց, որ անգլոսաքսերին պետք է նավթը, հետևաբար Բրիտանիայի վարչապետ դարձավ առաջին ոչ քրիստոնյա անձը՝ Բենջամին Դ՝Իսրայելին, ու ստեղծվեց Իսրայել պրոյեկտը: Հիմա նավթն էլ պետք չի լինի, պետք են արտադրական հզորություններ հետևաբար Բրիտանիայի վարչապետ է դառնում հնդիկ Ռիշի Սունակը ու առաջ է գալիս Հնդկաստան պրոյեկտը, որի ժողովրդագրական տվյալներն էականորեն գերազանցում են չինականին...
ԱՄՆ-ն գործելու է ավելի գլոբալ. նրա հիմնական դաշնակիցները լինելու են Իրանն ու Չինաստանը, կամ ավելի շուտ` այնտեղի պրոգրեսիվ էլիտաները, որոնք հենց այս օրերին ամրապնդում են իրենց երկարաժամկետ իշխանությունը:
Հ.Գ.

Իմիջայլոց, ջերմամիջուկային ռեակցիայի համար անհրաժեշտ միակ էլեմենտը, որ քիչ թե շատ հազվագյուտ է, վոլֆրամն է, որի լուրջ պաշարները կան աշխարհի մոտ մեկ տասնյակ երկրներում այդ թվում նաև Հայաստանում, մասնավորապես` Սյունիքում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more