▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանո Սիրադեղյան. Հայի վերջին խելքը

Հայ մարդը վերգտել է իր «Ազգային սպորտի» ձեւը, օրնիբուն եւ ամենուրեք քննարկվում է, թե Արեւմուտքը երբ եւ ինչպես է ուզում բնաջնջել Հայաստանը։ Ընդ որում, փաստը անվիճելի է, հայտնի է նաեւ կատարողը` Թուրքիան։

…Արեւմուտքը 10 տարի է` Հայաստանը պահում է իր հացով, այս հացն էլ հանվում է, անշուշտ, տանջելով։ Իսկ ինձ անձամբ թվում է, որ Հայաստանը հիմա Արեւմուտքին քիչ է հետաքրքրում։ Արեւմուտքը աշխարհում Հայաստանի նման մի քանի տասնյակ գլխացավանք ունի եւ որեւէ երկրով զբաղվում է այն ժամանակ, երբ այդ երկրի ժողովուրդը ուզում է զբաղվել իր ապագայով։ Մեզ պիտի անհանգստացնի ոչ թե Հայաստանի հետ կապված Արեւմուտքի ծրագրերի առկայությունը, այլ դրանց բացակայությունը։ Ավելի ճիշտ` տարածաշրջանում իր ծրագրերի գծով գործակիցների ցանկից Հայաստանին հանած լինելու փաստը։

…Եվ հիմա Հայաստանի լքված իշխանությունը կրում է այն պատիժը, ինչին արժանի է վատաբարո կինը, որը մեկի հաշվին ապրում, բայց «աչքը դուրս» է պահում։ Այս պահվածքը «կոմպլեմենտարիզմ» անունն ունի։ Որպես դիվանագիտական պահվածք դա էլ գոյության իրավունք ունի, բայց այդ դեպքում պիտի հաշտվել մի քանի շարք անհարմարությունների հետ. այն է՝

1.հումանիտար օգնության եւ «տրանշի» հաշվին էքսպեդիցիոն բանակ չպիտի պահես,

2. երկրիդ բնակիչը պետք է սնվի միայն չմեռնելու չափով,

3.ծերերի կյանքը պիտի չերկարացնես դեղերով եւ վիրահատություններով ,

4.երեխաները պիտի դպրոց գնան օրումեջ, կանայք պարտադիր չէ, որ ունենան սպիտակեղենի փոխնորդ,

5. տղամարդիկ ամուսնական պարտականությունները պիտի կատարեն այնքանով, որքան թույլ է տալիս խաշած վերմիշելը,

6. պիտի եթե ոչ շնորհակալությամբ, գոնե սուս արած ընդունել ձրի հակաբեղմնավորիչներ, որովհետեւ կիսաքաղց տղամարդուց բեղմնավորված պտուղը արդեն դիստրոֆիկ է թերասնվող մոր փորում եւ նրանից ոչ միայն զինվոր ու հայ չի ստացվի, այլեւ չի ստացվի բանական արարած,

7.որ արդեն մանկամարդ աղջիկները պիտի որեւէ կերպ ծնողներին պահեն, որովհետեւ ծնողները չեն կարողանում երեխաներ պահել, իսկ տղաները պաշտպանում են հայրենիքը հարեւան բոլոր պետությունների դեմ, եւ վերջապես`

8. Արեւմուտքի հումանիտար կազմակերպությունները չեն կարող մի երկրում 1 միլիոնից ավելի բնակչություն պահել։

Թեկուզ միայն այն պատճառով, որ պետական պաշտոնյաները գողանում են։ Բայց հումանիտարի, ձրի բանի առանձնահատկությունն այն է, որ մի մասը գողանում են։ Եթե գողանում էին երկրաշարժից հետո, հիմա ինչու պիտի չգողանան։ Եթե Հայաստանում կարողացան գողանալ եւ յուրացնել (ճիշտ է, մի քանի տարում) Սովետական երկրի ու արտասահմանի ահռելի-անչափելի օգնությունը, այսօրվա եղածն ի՞նչ է, որ հախիցը չգան։ Գողացածի այն մասը, որը ծախվել է Հայաստանում, դեռ ոչինչ, մի մասն էլ դուրս հանվեց երկրից, ի դեպ` նաեւ Թուրքիայի ճանապարհով։ Եվ այդ հարստության «տնօրինողները» 10 տարի հետո վերադարձել են որպես հայրենիքի ու ժողովրդական ունեցվածքի պահապան եւ Արցախի կուսակցական-կոմերիտական «հերոսների» հետ միաբանած` նայում են, թե կարո՞ղ է բան կա, որ բաց են թողել։ Այնինչ, բան չի մնացել «հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունից» բացի։ Այդ միակ ռեսուրսը հիմա պիտի մինչեւ վերջ քամեն։ Այնքան ժամանակ, մինչեւ Վրաստանի երկաթուղին փակվի։ Այ, այդ ժամանակ վերջնականապես պարզ կդառնա, որ Հայաստանը հայաթափելու հատուկ ծրագիր հարկավոր չէ։ Մնում է մի թեթեւակի «շիրա տաս» ու հայերին թողնես իրենց տարերքի մեջ. մեկի հանդեպ պատճառաբանված ատելության, մյուսի հանդեպ չպատճառաբանված սիրո տարերքի։ Իսկ որ լուրջ ազգերը դարեդար առաջնորդվում են` «չկա մշտական բարեկամ եւ մշտական թշնամի, այլ կան մշտական շահեր» կարգախոսով, դա հայերը ժխտած ունենան միշտ։ Թշնամուն չտեսնելու համար սեփական աչքը հանող գժի կեցվածքը մեզ դուր է գալիս։ Որպեսզի նույնիսկ մեզ նման ազգերի համար հասկանալի լինի մշտական շահերի վերաբերյալ միտքը, ասում են` «պետք չէ բոլոր ձվերը դնել մի զամբյուղում»։ Է՛լ առավել հասկանալի լինելու համար եւ միաժամանակ տեսանելի դարձնելու համար մեր անցյալի ու այսօրվա դիվանագիտական կեցվածքը ճիշտ կլինի ձեւակերպել այսպես` «Չի կարելի, որ մարդը նստի սեփական ձվերի վրա»։ Եվ որպեսզի վերջնականապես պարզ լինի` ինչի մասին է խոսքը, պետք է պատկերացնել նման վիճակում հայտնվեծ դեբիլ երեխայի դեմքի արտահայտությունը… Տեղը չի բերում ցավի ակունքը։

Այսօրվա Հայաստանի քաղաքականության մտայնության կրողը ստեփանակերտցի Մուրադիկն է, որը ցամաք հաց է ուտում, հագնում է հումանիտար օգնությունից մնացած բաճկոն, մեծ քաղաքականությունից խոսում է անկաշկանդ, անհոդաբաշխ, ծխում է «Պրիմա» ու հետն էլ հոխորտում է, որ եթե Հայաստանի նախկին իշխանությունները զինադադար չկնքեին, էն ա մտնում էին Բաքու… Մոռացել է, որ Ստեփանակերտի փախեփախը նախ կանխել է Մոնթեն` Մարտունիում, երկու անգամ Մանվելը` հյուսիսում եւ հարավում, վերջին անգամ Վազգենի մահապարտների գունդը` Մարտակերտում։ Նույն Նազարն է Մուրադիկի նախագահը, որի քաղաքական հայտարարությունների բուն իմաստը այն է, թե մերը հողեր գրավելն էր, մնացածը ձեր (Միջազգային հանրության ու Ադրբեջանի) պրոբլեմն է։

Ալեքսանդր Մակեդոնացուս տեսեք։ Այդ հողերի գինը Հայաստանի կիսով հայաթափելն է, չկա այլեւս այն Հայաստանը` Արցախի թիկունքին։ Կա Հայաստան, որը թույլ է տալիս, որ նրանք իրենց պարտության տակ իրենց ստորագրությունը դնեն։ Նույն խելքին են Մուրադիկից անհամեմատ լավ հագնված, անհամեմատ հարուստ ու ճարպիկ նրա նախկին ընկերներն ու այսօրվա Հայաստանի թափորը տնօրինողները` իրենց սպասարկողներով, ովքեր «խաղաղ կարգավորում» ասելով հասկանում են Ղարաբաղի անկախության ճանաչում, «փոխզիջոմ» ասելով նկատի ունեն, որ նախ` խոստանում են չմիանալ Հայաստանին, երկրորդ` Արցախի անկախությունը ճանաչելուց հետո խոստանում են զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքներից (կարող էր, չէ՞, դուրս չբերել) եւ երրորդ զիջումն էլ այն է, որ արդեն արվել է` Բաքու չմտնել։ Իսկ Ադրբեջանից սպասվում է ընդամենը մեկ զիջում` ճանաչել Ղարաբաղի անկախությունը։

… Այո՛, ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական չլիներ։ Ողբերգությունը այն է, որ ասվածի մեջ չափազանցության նշույլ չկա։ Այդ ձեզ է թվում, թե դիվանագիտություն են անում։ Եվ, իբր, շատ ուզում են, որ քիչը ստանան։ Այդ մենք ենք մտածում, թե բազարի կանոնը շփոթել են դիվանագիտության հետ։ Իրենց հոգու խորքում, իրենց մեջ, իրենց մտերիմ շրջապատում այդպես մտածում են։ Իսկ դիվանագիտություն անում են Հայաստանի ժողովրդի հետ։ Ավելի ճիշտ` ժողովրդի վրա։ Էլ ավելի ճիշտ` ժողովրդի այն մասի, որը դեռ մնացել է Հայաստանում եւ Արցախում։

Հրանտ Մաթեւոսյանը հայկական ջարդերի առիթով գրում է, թե` բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս… Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս։ Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով` մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետեւյալ 100 տարին չմեռնես ամոթից, մի զոհ տաս` 1000-ը խնայես, մի գյուղ տաս` 1000-ը պահպանելու համար։ Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս։ Պարտվելը ի՞նչ է, որ պարտվել չսովորես եւ ամեն պարտություն վերածես արհավիրքի։

Մեզ խաբում են թուրքերը, երբ ասում են` «Հայի վերջին խելքը իմը լիներ»։ Կամ ձեռ են առնում, կամ մենք ենք հորինել, մեզ հույս տալով, թե վերջում մի բան կմտածենք։ Վերջին պահին, սակայն, մտածում են ուրիշները։ Վերջին պահին, միշտ, որոշում ընդունում են ուրիշները։

 


ԱՎԵՏԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՎԱՆՈ)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more