▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խմբով կաշառք ստանալու համար ՃՈ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք ստացած ոստիկանների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության տեսուչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք: Մասնավորապես, ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՃՈ ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտոնատար անձի` իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանի հետ, խմբով պահանջել և ստացել են կաշառք:

Այսպես, ՃՈ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հրատչ Սիմոնյանի կողմից վարվող Կիա մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, Հայկազ Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանի հետ կաշառք ստանալու դիտավորությունն ավարտին հասցնելու մտադրությամբ, սկսել է ծանրացնել իրավիճակը՝ Հ. Սիմոնյանին պարբերաբար պարզաբանելով, որ եթե նրա մոտ հաստատվի ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը, ապա վերջինս 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկվելու, իսկ ավտոմեքենան տեղափոխվելու է հատուկ պահպանվող տարածք: Արդյունքում, վարորդի սթափության վիճակը չստուգելու, ապա նաև` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար Հ. Գրիգորյանը կաշառք ստանալու շուրջ    նախնական համաձայնության է եկել Տ. Խաչատրյանի հետ, որից հետո ավտոմեքենայի ուղևոր Լ. Բաղդասարյանից անձամբ ստացել է 56.800 ՀՀ դրամին համարժեք 100 Եվրո կաշառք և թույլատրել շարունակել երթևեկելը:

Այսպիսով, նախնական համաձայնությամբ` խմբով կաշառք ստանալու համար ՃՈ տեսուչներ Տիգրան Խաչատրյանին և Հայկազ Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Տ. Խաչատրյանի և Հ. Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more