Ուրուգվայի նախագահ, 77-ամյա Խոսե Մուխիկան` տիկնոջ հետ, Մոնտեվիդեոյի ամենահեղինակավոր` Սոդրե ազգային համերգասրահում ներկա է գտնվել ԳՈՀԱՐ երաժշտախմբի համերգին` ավելի քան երեք ժամ ունկնդրելով և ակնդրելով հայ երգ, երաժշտություն և պար:
ԳՈՀԱՐ-ի կատարումներից մի քանիսին Խոսե Մուրիկան ծանոթ էր և նույնիսկ մեկ-երկու երգի ձայնակցում էր:
Եվ այս փաստը պատահական չէ` նույնիսկ պատմական հիմք ունի. Խոսե Մուխիկան 1970-ականներին այցելել էր խորհրդային Հայաստան և մեր երկրում մնացել բավական երկար` մի քանի ամիս: Նա լավ տպավորություններ ունի Հայաստանից և միշտ դրական է արտահայտվում Հայաստանի վերաբերյալ: Հայաստանում անցկացրած տարիներին Խոսե Մուխիկան ընկերացել է հայ հասարակական ու պետական գործիչների հետ, նրանց միջոցով ծանոթացել է նաև հայկական մշակույթին և ԳՈՀԱՐ-ի համերգը առիթ էր Ուրուգվայի նախագահի համար վերհիշել Հայաստանում անցկացրած ժամանակն ու նաև` իր երիտասարդ տարիները:
ԳՈՀԱՐ երաժշտախումբը հիրավի դարձել է հայ երգի և մշակույթի դեսպանն աշխարհում և անցած տասը տարիներին ելույթներ է ունեցել Լիբանանում, Ռուսաստանում, Սիրիայում, Թուրքիայում, Կիպրոսում, ԱՄՆ-ում, Կանադայում, իսկ այժմ` նաև Ուրուգվայում:
ԳՈՀԱՐ-ի համերգին ներկա ուրուգվացիերը Asekose.am-ի հետ զրույցում նշում էին, որ իրենց երկրի համար մեծ պատիվ է հայկական ոգով լեցուն նման երաժշտախմբի հյուրընկալելը, քանի որ ուրուգվացիների համար հայերը բարեկամ ու հարազատ ժողովուրդ են, իսկ Ուրուգվայի կառավարությունը միշտ լինելու է հայության և Հայաստանի կողքին:
Հիշեցնենք, որ Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ 1965 թվականին պաշտոնապես ճանաչեց Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով Հայ նահատակների հիշատակի օր:
Իսկ 1971-ին ` Մոնտեվիդեոյի հրապարակներից մեկը, որտեղ ավելի ուշ կանգնեցվեց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-կոթող, կոչվեց Արմենիա. 1972 -ին ծովեզրյա պողոտաներից մեկն էլ անվանվեց Ռամբլա–Արմենիս:
Հայկական երգին ուրուգվայացիները ծանոթ են հայկական ռադիոժամերի միջոցով, իսկ ԳՈՀԱՐ երաժշտախմբի միջոցով Ուրուգվայի համար բացահայտվեցին բոլոր ժամանակների հայկական սիրված երգերը: ԳՈՀԱՐ-ի համերգները ոգևորել ու հայության նոր լիցքեր են հաղորդել Ուրուգվայում ապրող մոտ 15 հազար հայերին, որոնց ավագ սերունդը այստեղ հաստատվել էր անցած դարի քսանական թվականներին:
Հայերն Ուրուգվայ հիմնականում եկել են Կիլիկիայից, իսկ հետագա տասնամյակներում նաև Մերձավոր Արևելքի երկրներից են այստեղ տեղափողվել հայեր, ովքեր նույնպես ծննդով Կիլիկիայից էին:
Եվ հասկանալի էր, երբ ԳՈՀԱՐ-ի համերգի ժամանակ Վերականգնիր Կիլիկա երգի կատարումն ու համերգասարահում Կիլիկիայի հարյուրավոր դրոշակների ծածանումը մեծ թնդություն և հուզում առաջացրեց դահլիճում ու շատերն անզոր եղան զսպել արցունքները:
Ի դեպ, Կիլիկիա դրոշակներից նվեր հասավ նաև Ուրուգվայի նախագահին ու նրա տիկնոջը, ովքեր երգի հնչյունների ներքո բոլոր ներկաների հետ ծածանում էին հայոց թագավորության դրոծակները:
Չնայած փոքրաթիվ լինելուն` Ուրուգվայի հայ համայնքը կարողանում է պահպանել ինքնությունը, ինչին նպաստում են հայկական հաստատությունները, որոնց ներկայացուցիչները Asekose.am-ի հետ զրույցում խոստովանում էին, որ ԳՈՀԱՐ-ը նոր լիցք տվեց իրենց, ազգային ոգին միշտ արթուն պահելու ազդակ հաղորդեց ու բազմապատկեց սերն ` առ հայ երգն ու հայրենիքը:
ԳՈՀԱՐ-ի նպատակն ու գաղափարն է աշխարհասփյուռ հայության շրջանում ամրացնել հայկական արմատներն ու փոխանցել հայ մշակույթը` արտերկրում ապրող հայերի սերունդներին:
ԳՈՀԱՐ-ը, որի հիմնադիրն ու մեկենասը լիբանանահայ Հարութ Խաչատուրյանն է, աշխարհով մեկ տարածում է հայ երգն ու ԱՅԲ-ԲԵՆ-ԳԻՄ-ը, ծածանում` Կիլիկիայի թագավորության դրոշակները:
ԳՈՀԱՐ-ի համերգներին Ուրուգվայի ելույթներից հետո անհամբեր են սպասում Արգենտինայի ու Բրազիլիայի մեր հայրենակիցները: Հարավամերիկյան երեք երկրների չորս քաղաքներում ` Մոնտեվիդեոյում, Բուենոս Այրեսում, Կորդովայում և Սան Պաոլոյում նախատեսված են 9 Համերգներ, որոնք եզակի հնարավորություն են ընձեռում վայելել ԳՈՀԱՐ-ի շքեղությունը՝ 170 արվեստագետներով` այդ թվում 11 մեներգիչներով և 15 պարուհիներով:
Նշենք, որ ԳՈՀԱՐ երաժշտախումբը և Առաջին Ալիքն աշխարհասփյուռ հայությանը բացառիկ հնարավորություն են ընձեռում` հոկտեմբերի 28-ին ուղիղ հեռարձակմամբ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից հետևել հայ երգի բացառիկ տոնին:
Ու թեպետ Հայաստանի հեռուստադիտողները ԳՈՀԱՐ-ի Բուենոս Այրեսում նախատեսված համերգի դիտելու հնարավորություն կունենան կեսգիշերն անց 03.00-ին, սակայն դրա կրկնողությունը հնարավոր կլինի դիտել նաև կիրակի:
Լուսանկարները` Քրիս Աղասարյանի
72157631842345734