▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր եք տանում հայ ժողովրդին` ձեր քմահաճույքը գոհացնելու համար. Բաց Նամակ

Այսօր պատահմամբ «Առավոտ» թերթի համացանցային կայքէջում կարդացի   այն հոդվածը, որ հրապարակվել էր սեպտեմբերի 30-ին` կապված Նիցցայի Հայ Առաքելական եկեղեցու հետ, որտեղ դատարանի որոշումով արգելվում է օգտագործել «հայ առաքելական եկեղեցի» անունը:

Պետք է նշել, որ այդ եկեղեցին կառուցվել է ցեղասպանությունից ազատված հայ ժողովրդի զավակների արդար քրտինքով։
Շատ զարմանալի է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը այս եկեղեցու համայնքը պառակտելով հեռացրել է հայ Առաքելական եկեղեցու ընտանիքից` կոչելով նույն իսկ «ոչ առաքելական»:

Այստեղ ուզում եմ Քրիստոսի պատմած կորուսյալ ոչխարի առակը հիշեցնել Գարեգին Բ կաթողիկոսին, երբ հովիվը, իր իննսուն ինը ոչխարները թողած, գնաց փնտրելու մեկ կորած ոչխարը: Նաև պետք է հիշել Քրիստոսի խոսքը. «Հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց»։ Բայց Նիցցայի պարագային «հովիվը» մի ամբողջ հոտ վտարեց և մոռանալով Պողոս Առաքյալի խոսքերը` ոչ քրիստոնյա դատավորների միջոցով նաև հալածում է ոչխարներին։
Այդ հոդվածում նաև կարդացի այն վերջին հատվածը, ուր արդեն հատվածականություն և պառակտում են սերմանում հայ ժողովրդի մեջ` ցեխարձակելով երկու «թուրքահայերի»`  Սամսոն Օզարարատին և Կիրկոր Աժդերհանյանին որպես ազգային դավաճաններ` առանց իմանալու, որ այս երկու հայորդիները ինչ-ինչ գործեր են կատարել մեր ժողովրդի համար:

Փոքր ճշգրտումով կուզենայի տեղեկացնել, որ Սամսոն Օզարարատն այն հայազգի զավակն է, որ լինելով Նիցցայի «SOS Արմենիա»-ի նախագահը` մեծ օգնություններ է բերել Հայաստանի համար:

Ավելին` ինքն այն անձնավորությունն է, որին ցեղասպան Ջեմալ փաշայի թոռը բերեց Հայաստան և ընդունելով մեծ եղեռնը ու հայոց ցեղասպանությունը` ծաղկեպսակ զետեղեց Ծիծեռնակաբերդում։

Գալով Կիրկոր Աժդերհանյանին` նա Նիցցայի հայկական «Պարսամյան» ամենօրյա դպրոցի վարչության նախագահն է։ Իսկ ինչ վերաբերում է դասագրքերին, սույն դասագրքերը տպված են Պոլսում արևմտահայերեն լեզվի ուսուցման համար:

Բոլոր օրինակների վրա առաջին իսկ օրից Sticker-ով փակցված է եղել թուրքական դրոշը։
Բավական է զրպարտանքներով ու սխալ տեղեկություններով ողողել հայ ժողովրդի ուղեղը: Մենք գիտենք, որ թերթը պիտի ճիշտ և անաչառ լինի իր տված տեղեկությունների մեջ: Հերյուրանքներով հերիք է խաբեք մեր ժողովրդին ու պառակտում գցեք հայ ժողովրդի մեջ,` հատվածականություն ստեղծելով անվանեք «թուրքահայ», «ֆրանսահայ», «Ղարաբաղի հայ», «Հայաստանի հայ» ևն:

Մենք բոլորս էլ մեկ ազգի ու մեկ եկեղեցու զավակներ ենք, և եթե ազգի ու եկեղեցու ղեկավարությունը մեզ չի կարողանում համախմբել, դա իրենց տկարությունից է:

Ափսոս, որ օտար հողի վրա հայ ժողովուրդը հալածվում է իր իսկ հայրապետի կողմից, որն օգտագործում է օտարազգի դատավորներ իր իսկ զավակների դէմ` ծախսելով ահռելի գումարներ, երբ մեր մայր հայրենիքում ժողովուրդը օրվա հացի կարօտ է։
Ամոթ մեր եկեղեցական ու քաղաքական ղեկավարությանը. ո՞ւր եք տանում հայ ժողովրդին` ձեր քմահաճույքը գոհացնելու համար։

Օննիկ Չոպանյան
Ֆրանսիա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին