Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, նոր ֆիլմ է նկարահանելու: Այս անգամ թեման ոչ թե Հայոց ցեղասպանությունն է, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը: Կոչվում է՝ «Մենք հարևաններ» ենք: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը որոշ մանրամասներ է ներկայացրել:
Պարոն Հակոբյան, մի փոքր կպատմե՞ք ֆիլմի մասին:
-Ֆիլմը հայ և ադրբեջանցի հարևանների մասին է, որոնք ապրել են Հայաստանում, հետագայում՝ 1988 թվականին, այնպես է ստացվել, որ ադրբեջանցին գնացել է Հայաստանից: Տարիներ անց՝ 2016 թվականի ապրիլին՝ պատերազմի ժամանակ, հանդիպում են նրանց թոռները, որոնց միջոցով հետո հեռախոսներով միմյանց հետ կապ են հաստատում նախկին հարևանները: Ֆիլմն ավարտվում է անորոշությամբ: Այսինքն, խնդիրը դեռ լուծված չէ: Աշխարհը պետք է նայի ու տեսնի, որ խաղաղության կողմնակից ենք: Այն կթարգմանենք նաև ադրբեջաներեն ու ռուսերեն:
Նկարահանումներն որտե՞ղ են իրականացվելու:
-Հայանիստ գյուղում: Այստեղ են ապրել հայն ու ադրբեջանցին: Ամենաուշը սեպտեմբերի մեկին պատրաստ կլինի:
Մեկ ամսում եք նկարելո՞ւ:
-Արդեն մեկ տարի է՝ աշխատում ենք այդ ուղղությամբ: Հիմա վերջնական փուլում ենք գտնվում:
Դերասանական կազմն էլ է ընտրվա՞ծ:
-Սկսել են ընտրել: Հիմա մասնագետները փորձեր են անում, թե ով ոնց կարող է մեր պատկերացրած սցենարն իրականացնել: Բոլորը մեր թատրոնների դերասաններն են, որևէ մեկին դրսից չենք բերել: Որպես սցենարի հեղինակ պետք է տեսնեմ՝ իմ պատկերացրածը կարող ենք իրենք: Մնացածը մասնագիտական է: Միայն ասեմ, որ ադրբեջանցի հարևանի դերում Ռազմիկ Խոսրոևն է լինելու: Հենց տեսա՝ հասկացա, որ այս դերում նա կարող է հանդես գալ:
Ասացիք, որ ֆիլմում թոռները որպես բարեկամներ են հանդիպում: Այսինքն, հավատո՞ւմ եք, որ հայերի ու ադրբեջանցիների միջև բարեկամություն կարող է լինել:
-Ես մարդկանց հիշեցնում եմ այդ մասին: Եթե ուզում եք ճիշտ իմանալ, ապա իմ ցանկությունն է, որ խաղաղ լուծվեն մեր խնդիրները: Կարծում եմ՝ ոչ թե զենքին պետք է զոռ տանք, այլ քաղաքականությանը: Կարծում եմ՝ շատ ճիշտ ենք հիմա վարում մեր քաղաքականությունը:
Որքա՞ն է կազմել ֆիլմի բյուջեն:
-Ինչքան որ կպահանջի ֆիլմի նկարահանման ողջ ընթացքը՝ որակով ու բարձր աստիճանի տեխնիկայով, մասնագետներով:
Նախկին ֆիլմը Ձեզ դաս չեղա՞վ, բազում քննադատություններ եղան:
-Ոչ, որևէ քննադատություն այնտեղ չկար: Մարդիկ իրենց պատկերացումով են նայում: Չմոռանանք, որ գեղարվեստական ֆիլմն ինքը կարող է հորինված, սուտ լինել: Իսկ քննադատողները չեն էլ ուսումնասիրել, թե ի՞նչ բան է գեղարվեստական ֆիլմը: Եթե նայում ենք ամերիկյան ֆիլմերը, որտեղ նախագահին պատանդ են վերցնում, ծեծում են, հո դա իրական չէ: Կամ այլմոլորակայինները գալիս-գնում են, դա յուրաքանչյուրի պատկերացումն է:
Այս ֆիլմով աշխարհին ցույց ենք տալու, որ խաղարարար ու քաղաքակիրթ ժողովուրդ ենք, պատերազմ չենք ցանկանում: Ուզում ենք խաղաղ լուծվի կոնֆլիկտը:
Տարածքներ տալով:
-Չէ, ինչո՞ւ: Մեր քաղաքականությունը ճիշտ են վարում, պետք է վստահել քաղաքական մեծամասնությանը: Մենք տարածք չենք տվել ու չենք էլ պատրաստվում տալ:
Չէ՞ր կարելի ֆիլմի փոխարեն գումարը հատկացնել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած զինվորներին, կամ զոհվածների ընտանիքներին:
-Ես կարծում եմ, որ ֆիլմը ավելի մեծ հոգևոր սնունդ է մեր ազգին: Աշխարհին ցույց ենք տալու, որ այս ազգն ենք, քան թե մեկ, երկու, երեք կամ ամսվա համար դրամ ու սննդամթերք տաս, որ ուտի: Սա մնայուն արժեք է:
Ասենք՝ գումար փոխանցեիք նրանց բուժման համար:
-Դե դա թող ուրիշ մարդիկ անեն: Կան բժիշկներ, ուրիշ մասնագետներ: Հիմա մենք սրանով ենք փորձելու օգուտ տալ մեր ազգին: Սա խաղաղության մասին ֆիլմ է, շատ հետաքրքիր պահեր ունի:
Այս խաղարարար ֆիլմը եվրոպացիներին շատ դուր կգա: Մերոնք տարբեր կարծիքներ կունենան, իսկ դրսի կարծիքներն ես արդեն տեսնում եմ: Դրանք դրական են լինելու: Ամեն ինչ կանենք, որ այս ֆիլմը Մինսկի խումբը նայի, նրանց համար ցուցադրություն կկազմակերպենք, որ այդ վիճակն ու տրամադրությունը իրենց հետ տանեն:
Անի Կարապետյան