Հոկտեմբերի 4-ից Երևանում` Արամի 42/1 հասցեում, իր դռներն է բացել «Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարան» արտասովոր անունով և ոչ պակաս արտասովոր ինտերերով սրճարանը: Այստեղ ներս մտնելով` թվում է, թե մի պահ կորցնում ես ժամանակի և իրականության զգացողությունը, քանի որ հայտնվում ես մի վայրում, որտեղ կարող ես ոչ միայն հաճելի ժամանակ անցկացնել, այլև` հանդիպել օրինակ այնպիսի աթոռի, ինչպիսին տարիներ առաջ նաև ունեցել եք դուք, իսկ այժմ այն մի տեղ պահված է:
Ինքնատիպ դիզայնը «Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարան»-ում ընդամենը հետաքրքիր լուծում չէ և միայն դրանով չէ, որ սահմանափակվում է սրճարանի արտասովորությունը:
«Մեզ մոտ կարելի է գտնել համեղ թթու, մասնագիտական վերաբերմունք խմիչքների հանդեպ, հարմար գնային քաղաքականություն, որի շնորհիվ այն դառնում է մատչելի և ամենակարևորը` մթնոլորտ, որը քեզ տանում է դեպի 80-ականների Երևան, որտեղ մարդիկ շատ ավելի բարի էին, ավելի խելացի, ավելի իմաստուն, ու, առհասարակ, ավելի լավն էին»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարան»-ի համահիմնադիր Նարեկ Բախտամյանը (մյուս համահիմնադիրն Արամ Հարությունյանն է):
Նարեկի խոսքով 80-ականներին համապատասխան մթնոլորտ էլ ստանում են ոչ թե հատուկ միջոցառումների այլ կահավորանքի և «Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարան» այցելող մարդկանց շնորհիվ:
Սակայն, որքան էլ, որ հիշողությունները տանում են դեպի 80-ականների Երևան, «Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարան» անվանումը բերում է ներկա, թեև գուցե որպես անվանում շատերին կարող է անհասկանալի թվալ: Նարեկ Բախտամյանն անվանման ընտրությունը բացատրեց այն հանգամանքով, որ «Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարան»-ը գտնվում է արտ-սրճարանի և փաբի խաչմերուկում, իսկ տվյալ հատկությունը հատուկ է էքզիստենցիալիզմը կրողներին (նկատի ունենք և արտ-սրճարան, և փաբ լինելը).
«Ժան-Պոլն էքզիստենցիալ սրճարան է, իսկ այն ինձ համար փիլիսոփայության շատ հետաքրքիր ճյուղերից մեկն է, որտեղ կարևորվում է մարդու անձնական ռեսուրսը և ազատության փնտրտուքը»:
Սակայն «Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարան» այցելում են ոչ միայն այն մարդիկ, որոնց համար էքզիստենցիալիզմը փիլիսոփայության ճյուղ է, այլև` նրանք, որոնք բնավ էլ հետաքրքրված չեն փիլիսոփայությամբ.
«Մեզ մոտ խտրականություն չկա, սրճարան այցելում են մարդիկ, ովքեր սիրում են որակյալ երաժշտություն, որակյալ խմիչքներ, ինչպես նաև նրանք, ովքեր ընկերական ջերմ միջավայրի կարիք ունեն: Նշեմ, որ շատ հաճախ մեզ մոտ մարդիկ գալիս են միայնակ, բայց դուրս են գալիս մի քանի հոգով: Այսինքն` ընդհանուր մթնոլորտը տրամադրում է նրան, որ մարդիկ միմյանց հետ շփվեն, պարեն: Առհասարակ, սրճարանում մարդկանց տալիս ենք ազատություն, որը միաժամանակ չի խանգարում դիմացինին»,-ասաց Նարեկ Բախտամյանը:
Տվյալ սրճարանում ազատության դրսևորումներից մեկն էլ ըստ Նարեկի` շուտով կլինի այն, որ մարդիկ սեփական ձեռքերով բուխարիում ուտելիքը խորովելու հնարավորություն կունենան.
«Եթե խոսենք հենց ուտելիքներից, ապա մեզ մոտ այդ առումով փորձում ենք այնպիսի իրավիճակ ստեղծել, որ կարծես թե եկել եք Ձեր մտերիմ ընկերոջ մոտ որևէ բրդուճ ուտելու: Ինչպես նաև մեզ մոտ կարող եք հանդիպել ֆիրմային խմիչքներ: Ընդհանուր առմամբ խմիչքը սրճարանում մանրակրկիտ ենք ընտրում»:
Բնականաբար, ուրախ և անմիջական մթնոլորտն էլ ամբողջական է դառնում նաև լավ երաժշտության շնորհիվ, իսկ սրճարանում, որպես կանոն, հնչում է այն, ինչ ստեղծվել է մինչև 90-ականները, ինչպես նաև 90-ականերից հետո ստեղծված և հատուկ ընտրված որակյալ երաժշտություն, որի շնորհիվ էլ այցելուները պարելու և լիցքաթափվելու հնարավորություն են ստանում:
Զրույցի վերջում Նարեկ Բախտամյանը հավելեց, որ «Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարան»-ը մի վայր է, որն արդեն ունի իր մշտական այցելուները, որոնք շատ բազմատեսակ են
«Մեզ մոտ տեսել եմ «ծիծակ» կոշիկներով մարդկանց, նկարիչների, բժիշկների, թանկարժեք հագուստով կանանց: Ամենակարևորն այն է, որ նրանք բոլորն էլ չեն բավարարվում մեկ այցելությամբ »:
Նշենք, որ «Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարան»-ն իր աշխատանքային ժամն է սկսում երեկոյան 19:00-ից:
Այստեղ պարբերաբար տեղի են ունենալու ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ընթերցանության երեկոներ և կինոդիտումներ:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան