▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրայինի բութ անկյունը

Հանրային հեռուստաընկերությունը երեք տարի չէր կարողանում հայկական Սոլովյով գտնել, որպեսզի քաղաքական բանավեճի ձեւաչափով հաղորդում պատրաստեր ու եթեր տար: Եվ ահա եռամյա տանջալից դեգերումներից հետո վերջապես Ջաղինյանին հաջողվել է հայտնաբերել «հայկական Սոլովյովին»:

Պարզվում է, «հայկական Սոլովյովը», հենց Ջաղինյանի կողքին էր, բայց չգիտես ինչու նա հեռուներում էր որոնում հեռուստատեսային աստղին:

Կարճ ասած, ի դեմս Արմեն Աշոտյանի, Հանրայինի եթերում տեսնելու ենք Սոլովյովի կլոնին:

Դե, ինչպես Պելշի կլոնին ենք տեսնում «Գուշակիր մեղեդին» հաղորդաշարում. Ավետ Բարսեղյանը սեփական շնչառությունն էլ է հարմարեցրել Պելշի սիրտ-անոթայինի հետ: Ինչ է անելու նախարար Աշոտյանը Հանրայինի եթերում: Ասում են «Եռանկյունի,, անունով ամենշաբաթյա քաղաքական հաղորդաշար է վարելու, երեւի` «Համոն փողը չի տվել» մոտիվներով:

Հավանաբար, Աշոտյան-Սոլովյովը տաղավար կհրավիրի քաղաքական «դարբինների» ու մկրտիչները, ինչպես հայտնի ֆիլմում են իրենց իմացածի մասին փիլիսոփայում, եթերում էլ նույնը կանեն Աշոտյանի խիստ ու լուրջ հայացքի ներքո:

Դե, հասկացաք, էլի` համ նալին են խփելու, համ մեխին: Կարծել, թե հրավիրյալները` «ընդդիմադիր» եւ «իշխանական,, դարբիններն իրենց սուր ու ճշմարտացի խոսքով մուրճը իջեցնելու են իրար գլխի, առավելեւս` Աշոտյանի գլխին` իհարկե, միամտություն է:

Հանրայինում ուզում է եռանկյունի լինի կամ թե` քառանկյունի ու բազմանկյունի` միեւնույն է, այս եթերում ի վերջո ամեն բան կլորանում է ու վերանում են սուր ու ծակող անկյունները:

Ու արդեն ենթադրելի է, որ մեկ-երկու հաղորդումից հետո հեռուստադիտողն ասելու է ` «Դե աշոտյան եղիր»:

Մի խոսքով, Հանրայինում, որն, ըստ էության, մի մեծ, պլպլան, բայց անբովանդակ ցուցափեղկ է, մի նոր մանեկենային, չափված-ձեւվված հաղորդում է ավելանում:

Այլ բան չի ակնկալվում:

Ինչպես մինչ օրս այս ալիքից ոչ մի սպասելիք չի եղել, քանզի գրագիտության, ինտելեկտի, ճաշակի, ու պրոֆեսիոնալիզմի աղաղակող դեֆիցիտը մնում է ու կա:

Սաղր, մակերեսային, «կարճափեշ,, հաղորդումների առատությունից ուղղակի սիրտդ խառնում է, որտեղ գոնե կեսբերան համարձակ խոսք, թարմ ասելիք չի հնչում, տաբուներով, մտակաղապարներով «լցոնված» մի փայլփլուն կաթսա է , որտեղ ոչինչ չի եփվում, քանզի «խոհարարները» նոր մտածողոթյան կրողներ չեն, ավելին` վախենում են անսպասելի ու «թարս» մտքերից:

Հանրայինում միայն կարող ենք լսել այսպիսի «նոու-հաու»-ներ. օրինակ, կարող են եթերից վստահ կեղծիք տարածել` հայտարարել, որ Հայաստանում ապրում է 800 հազար հրեա: Կամ` ինչ-որ հավաք լուսաբանելիս, թարգմանական այնպիսի սխալ թույլ տալ, ինչից կարող է պարզվել, որ Պակիստանում մոտ «8 միլիոն քրիստոնյա զբաղվում է թմրանյութերի աճեցմամբ եւ վաճառքով»:

Ռուսախոս Ջաղինյանն անգամ ռուսերենից թարգմանությանը չի հետեւում:

Եթե հետեւեր, ապա կպարզեր, որ խոսքը գյուղացիների, ոչ թե քրիստոնյաների մասին է:

Կամ` այս եթերից ճամփորդական հաղորդումից գլուխ չհանած, բայց այն համարյա քաղաքականի վերածած մի հաղորդավար՝ տարօրինակ հնչերանգով, ԱՄՆ նախագահին Բարաք Հուսեյն Օբամա է ասում՝ հեգնելով նրա մահմեդական ծագումը/ ի դեպ՝ սա ռուսական լրատվամիջոցների ձեռագիր է և սիրված թեմա/, կամ , խոսելով Իսլամական պետության հնարավոր տարածման մասին ու ցույց տալով երևանյան ճոխ առանձնատները՝, տրվում է հերթական անհամ կատակին, ասելով, թե Իսլամական պետութունը գալիս է, իսկ դուք ՝ օլիգարխներդ, շարունակում եք թալանել ու դղյակներ կառուցել:

Էնպես էլի, ձեռի հետ, հեգնական երանգով:

Իսկ մի լուրջ հաղորդում մենաշնորհների, հարկերից խուսափող օլիգարխների եւ նրանց ախորժակը օրենքով զսպելու եղանակների մասին Հանրայինում գոյություն չունի:

Այնպես, որ Աշոտյանը շատ էլ սազում է Հանրայինին:

Ինչպես ասում են` կուժը գլորել, առել է պուտուկը:

 

Սոնա Մելիքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին