▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա է մեր մակարդակը, ոչ թե Մասիսը, Էջմիածինը, Գառնի-Գեղարդը. Գերման Ավագյան

 

«Այս գաղափարն ինձ մոտ ծագել էր դեռևս 1989 թվ-ին, սակայն այն իրականացրել եմ միայն այս տարի»,-Asekose.am-ին ասաց վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանը` անդրադառնալով իր «Տեսողական պոեզիա» անվանումով գրքին, որը թեև արդեն վաճառվում է գրախանութներում, սակայն ինչպես լուսանկարիչն է սիրում նշել,  book signing-ը (Գերման Ավագյանը չի սիրում «շնորհանդես» բառի կիրառումը գրքերի դեպքում) տեղի է ունենալու  նոյեմբերի 10-ին, ժամը 18:00-ին Արամի 42/1 հասցեում գործող «Նավավար» ձկնալի ըմպելարանում: «Տեսողական պոեզիա»-ն ինքնատիպ գիրք-ալբոմ է, որում Գերման Ավագյանը մեկտեղել է իր բանաստեղծ ընկերների լուսանկարները` հեղինակների ձեռագրով մակագրած պոեզիայի հատվածներով:

Իսկ ամեն ինչ սկսվել էր…

1989 թվ-ին բախտի բերմամբ հայտնվել էի «Գարուն» ամսագրում.  հաստիքային աշխատակից չէի, սակայն դարձել էի թիմի անդամ: Այդ շրջանում «Գարուն» ամսագրի խմբագիրը Մերուժան Տեր-Գուլանյանն էր (իմ կարծիքով լավագույն խմբագիրը), և հենց նրա շնորհիվ ասպարեզ եկան շատ տաղանդավոր երիտասարդ բանաստեղծներ, գրողներ, որոնցով մինչ օրս հպարտանում ենք` Արմեն Դավթյան, Տիգրան Պասկևիչյան, Վահագն Աթաբեկյան, Խաչիկ Մանուկյան… Երբ մենք այդ տարիներին գնում էինք միասին որևէ մի բարում նստում էինք, տղաներն իրենց բանաստեղծություններն էին կարդում, և ես նրանց առաջին ունկնդիրն էի դառնում: Այլ բան է, երբ գիրքը կարդում ես, մեկ այլ բան, երբ բանաստեղծն է անձամբ ընթերցում այն քեզ համար. ամեն ինչ նորովի ես ընկալում, չէ՞ որ «կենդանի պոեզիա» է: Ի վերջո, տեսնում ես, թե ինչպես է բանաստեղծությունը «ծնվում»… Հենց այդ շրջանից էլ արդեն մտածում էի լուսանկարը և պոեզիան համադրելու մասին… Ի դեպ՝  նշեմ, որ  ես մեծացել եմ Ռուսաստանում և հայկական պոեզիայից որևէ  տեղեկություն չունեի: Իմ առաջին բանաստեղծը ոչ թե Չարենցն էր, այլ` Տիգրան Պասկևիչյանը:

Երկար տարիներ չէր գնում այդ քայլին, որովհետև...

Երբ նոր էր ծնվել այդ գաղափարը, ես էլ, լինելով երիտասարդ լուսանկարիչ, մտածում էի, որ ամեն ինչ կարող եմ… Մտածում էի լուսանկարներս համադրել ընկերներիս պոեզիայով, շարք անել «Գարուն» ամսագրում կամ գիրք հրատարակել… Ես զգում էի, որ կարելի է հետաքրքիր մի բան անել, սակայն հասկանում էի, որ ինչ էլ անեմ պոեզիան առաջին պլան է գալու, իսկ լուսանկարը ծառայելու է որպես իլյուստրացիա: Այդ պատճառով էլ հրաժարվեցի այդ գաղափարից, չէի ուզում, որ լուսանկարը «ծառայեր» պոեզիային, ուզում էի  հավասար լինեին և միմյանց լրացնեին…

Խնդրի լուծումը գտավ, երբ…

Մեկ տարի առաջ գտել էի Տիգրան Պասկևիչյանի հին լուսանկարներից մեկը (իմ հեղինակած լուսանկարը), որից հետո նրան կանչեցի և խնդրեցի հենց լուսանկարի վրա  գրել իր բանաստեղծություններից մեկը: Դա անելուց հետո էլ հասկացա, որ սա այն է, ինչ ինձ պետք է. գտա ալգորիթմը: Ես այդ առիթով հիշեցի Բրոդսկիին, ով նշում էր, որ թե ընթերցողի, թե իր համար շատ կարևոր է պոետի դեմքը տեսնել, ինչը նույքան շատ բան կարող է ասել, որքան նրա գրած տողերը: Ես երբեք էլ չէի մոռացել  այդ գաղափարիս մասին, սակայն մինչ այդ ելքը չէի գտնում, հենց այդ լուսանկարի շնորհիվ էլ հասկացա, թե ինչպես պետք է ամեն բան անել: Եվս մեկ անգամ վերընթերցեցի Բրոդսկու էսսեն, որում մանրամասնորեն գրված է, թե ինչ նշանակություն կարող է ունենալ պոետի դեմքը ընթերցողի համար…

«Տեսողական պոեզիա». 15 անուն և  մեկ գաղափար

Ես կազմեցի ցուցակը, թե ում լուսանկարները և բանաստեղծությունները պետք է համադրեմ, սկսեցի նամակներ ուղարկել ընկերներիս` խնդրելով ընտրել համապատասխան բանաստեղծություն: Գրեթե միշտ (70%) մեր կարծիքները համընկնում էին: Նշեմ, որ 15 բանաստեղծներից երկուսը երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են, սակայն  իմ ընկերները խորհուրդ տվեցին նրանց ևս ներառել, ես էլ վստահեցի նրանց: Կարդացի նրանց գործերից մի քանիսը և ասացի, որ ուզում եմ նրանց հետ ծանոթանալ…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարների ստեղծման պատմությունը…

Ես նախ լուսանկարել եմ բանաստեղծներին, և դա արել եմ ոչ թե նոր տեխնոլիգիաներով, այլ «հին» տարբերակով: Ամեն ինչ ձեռքով եմ արել, ինչի արդյունքում այդ բոլոր լուսանկարները դարձել են եզակի: Այսօր կարելի է գումարով մեկ լուսանկարից միլիոն հատ տպագրել, սակայն իմ արված լուսանկարները, եթե փորձեմ նորից կրկնել («проявка» անել), նույնը չի ստացվի, ինչ-որ մի բան այդ «проявка» ասվածի ժամանակ այլ կլինի:  Ի վերջո՝ եթե ես պոետ լինեի, և ինձ բերեին դիջիթալ լուսանկար, խնդրելով դրա վրա գրել իմ բանաստեղծությունը, ես կվիրավորվեի: Թերևս, այս պոետները  վերջին շրջանում նման լուսանկարներ չէին տեսել, դե հիմա ո՞վ է լուսանկար տպագրում…

Զգացողությունը, երբ իր վաղեմի գաղափարը վերջապես իրականացրեց…

Դատարկություն… Սա շատ բարձր նշաձող է, մյուս աշխատանքը, որը պետք է իրականացնեմ, համապատասխանաբար ավելի բարձր պետք է լինի, ինչը շատ բարդ է: Պետք է պահել նշաձողը, բայց դե լավ կլինի… Ես հպարտ եմ, որ լավ ընկերներ ունեմ, որոնցից մեկը, տեսնելով ցուցահանդեսը, ասաց, որ ինքն ամեն ինչ կանի, որ այս գիրքը տպագրվի:

Նոյեմբերի 10. Նավավար ձկնալի ըմպելարան

Ես չեմ սիրում, երբ գրքի համար օգտագործում են «շնորհանդես» բառը, որովհետև այն պետք է արվի մեկ անգամ և վերջ, իսկ օրինակ` ԱՄն-ում գրողները կազմակերպում են հանդիպումներ, ստորագրում, զրուզում ընթերցողների հետ, և այդ հանդիպումները տեղի են ունենում պարբերաբար: Նոյեմբերի 10-ին տեղի է ունենալու «Տեսողական պոեզիա»-ի book signing-ը:

«Տեսողական պոեզիա»-ի հասցեատերերը…

Այն մարդիկ, ովքեր գալիս են Հայաստան, հույս ունեմ, որ եկեղեցիները, նուռ և այլ հուշանվերներ տեսնելուց և ձեռք բերելուց բացի, կուզեն նաև ունենալ այս գիրք-ալբոմը, ինչը, կարծում եմ, մեծ նվեր կլինի հայրենիքից: Ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները, ովքեր արտերկրում են ապրում, հենց այս գիրքը տանեն Հայաստանից, որ հասկանան, որ սա է մեր մակարդակը, ոչ թե Մասիսը, Էջմիածինը, Գառնի-Գեղարդը… Մենք ավելի բարձր արվեստ ունենք, քան տաճարների հազար տարվա անճաշակ պատկերները...

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` Երբ լուսանկարչությունը և պոեզիան միանում են... Գերման Ավագյանի ցուցահանդեսը` Նավավարում

Բյուջեից գողացած փողերով լավ ապրելն ո՞ւմ է պետք. Գերման Ավագյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին