▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արա Գյուլերի արխիվին. Սփյուռքի նախարարությունը տեղյակ չէ

Ինչպես արդեն հայտնի է,  վերջերս թուրքական մամուլը տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն` հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերը  «Դողուշ» հոլդինգի հետ պայմանագիր է կնքել, որով թուրքական ընկերությանն անցնելու է Արա Գյուլերի ողջ արխիվը։  Անդրադառնալով այս թեմային` օրերս Արա Գյուլերն Asekose.am-ին ասաց, որ  տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը.

«Կըսես՝ այդպե՞ս են գրել...Չգիտեմ, թե ո՞ր էշուն ձեռքի գործն է այդ լուրերը տարածելն, ի՞նչ քաք կա դրա տակ...»,- նշեց Արա Գյուլերն ու վստահեցրեց, որ իր լուսանկարները չեն կարող որևէ ընկերության պատկանել, քանի որ «դրանք աշխարհինն են»:

Արա Գյուլերի պնդմամբ`  արխիվի մասին որևէ  խոսակցություն չկա, պարզապես տրապիզոնցի թուրք իր մտերիմի հետ պայմանավորվածություն ունի, որ հետևելու է Ստամբուլի կենտրոնում՝ Իստիկլյար պողոտայում գտնվող Ara Kafe-ի կառավարումը, քանի որ ինքն այլևս չի կարող զբաղվել դրանով: 

Asekose.am-ի և Արա Գյուլերի զրույցից  հետո թուրքական Cumhuriyet-ը գրել է, որ  Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել իր և «Դողուշ» հոլդինգի միջև կնքված պայմանագիրը։ Արդեն չեղյալ հայտարարված պայմանագրի համաձայն` Արա Գյուլերը ստացված գործարքի արդյունքում ամսական ստանալու էր 50 հազար լիրա։ Բացի այդ, «Դողուշ» հոլդինգին էր անցնելու այն շենքը, որում գտնվում է Ara Kafe-ն և Արա Գյուլերի լուսանկարչական ապարատների հավաքածուները։

Asekose.аm-ն այսօր կապ հաստատեց  Սփյուռքի նախարարության հետ` պարզելու`  արդյո՞ք իրենք Արա Գյուլերի արխիվի վերաբերյալ նմանատիպ պայմանագիր կնքելու ցանկություն ունեն, թե` ոչ:

«Բնականաբար, նման նկատառումներ կան, բայց այս պահին քայլերի մասին չեմ կարող ոչինչ ասել: Մշտապես խոսվում է, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել, որ դրսում  ունեցած ազգային հարստությունները տեղափոխվեն Հայաստան, սակայն Արա Գյուլերի վերաբերյալ  որևէ հստակ բան չեմ կարող ասել:  Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ Արա Գյուլերը բազմաթիվ նկարներ նվիրեց Հայաստանին, իհարկե, դա իր ամբողջ արխիվը չէր, այստեղ էլ ցուցահանդես իրականացվեց: Ընդհանուր առմամբ, տենդեցը հետևյալն է` նախարարությունը հնարավորինս հետամուտ է Սփյուռքում եղած ազգային արժեքները Հայաստանում հանգրվան գտնելու հարցով, սակայն  այս  պահին Արա Գյուլերի վերաբերյալ չեմ կարող ասել որևէ խնդիր քննարկվել է, թե ոչ, ինքս տեղյակ չեմ»,-ասաց  ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Սեյրանուհի  Գեղամյանը:

Արա Գյուլերի արխիվի հետագա  ճակատագրի վերաբերյալ Asekose.am-ը փորձեց  պարզաբանում ստանալ նաև  Մշակույթի նախարարությունից, սակայն ի պատասխան մեր հարցմանը` խնդրեցին այն ուղարկել գրավոր տարբերակով, որպեսզի իրենք կարողանան  արագ պատասխանել.

«Ավելի  արագ պատասխան  ստանալու համար  պետք է  հարցումն ուղարկեք գրավոր, որովհետև կա ընթացակարգ, որը մենք չենք կարող խախտել»,- տեղեկացրեցին Մշակույթի նախարարությունից:

Հիշեցնենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): 

Հավելենք, որ  Asekose.am-ի թիմը Ստամբուլում էր «Կտոր M Հայաստան» հեռուստահաղորդման նկարահանումների նպատակով և այդ շրջանակում էր հանդիպել «Ստամբուլի աչքին»:

Հաղորդումը եթերում կլինի հունվարից:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` Ատոնց գլուխները ջարդի՞մ, ի՞նչ անիմ…Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել կասկածելի պայմանագիրը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին