▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարվա ամենաուրախ օրվա ամենատոնական միջոցառումը` «Օրրան»-ում

Մուտքը միայն աստղիկի տեսքով տարբերանշաններով, որոնք պետք է համապատասխանաբար ամրացվեին հյուրերի ձեռքերին. ահա սա էր «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության միակ տոնական նախապայմանը, հակառակ դեպքում` շքամուտքի մոտ տարբերանշանների պատասխանատու գործը ստանձնած երեխաները հյուրերին  ներս չէին թողնի: Իսկ ահա ներսում բոլորին սպասում էր «Օրրան»-ի ավանդական տոնական հյուրասիրությունը, որն այսօր` հունիսի 1-ին, կազմակերպվել էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

«Մեզ համար տարվա ամենաուրախ օրը հունիսի 1-ն է, որովհետև այդ օրը տարին գոնե մեկ անգամ ուզում ենք, որ երեխաները հիշարժան օր ունենան իրենց կյանքում: Ցանկանում ենք, որ օրը լցված լինի ուրախությամբ, երգով, ժպիտներով, համեղ ուտելիքներով և  ամենակարևորը` բարի մթնոլորտով, որը նրանք ստանում են ոչ միայն «Օրրան»-ի  աշխատակիցներից, այլև`  մեր հին բարեկամներից, ովքեր ներկա են մեր այսօրվա տոնական միջոցառմանը: Այսօր մեր կողքին տեսնում ենք նաև երգիչ-երգչուհիների, դերասանների, հաղորդավարների և այլ հանրային մարդկանց, ովքեր հենց այնպես չեն եկել` ուղղակի գեղեցիկ լուսանկարվելու, իրենք այստեղ են, որովհետև արդեն 16 տարի է, ինչ մեր կողքին են, և մենք չենք պատկերացնում տոնակատարություն առանց նրանց»,-Asekose.am-ին ասաց «Օրրան» բարեգործական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով`  նմանատիպ  միջոցառումների կազմակերպումը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ հանրությունը ևս մեկ անգամ զգա երեխաների խնդիրներին անդրադառնալու անհրաժեշտությունը.

«Դժբախտաբար, մենք, կարծես թե, մոռացել էինք խաղաղությանը գինը, ինչն այս տարի ավելի գիտակցեցինք: Ամենաառաջինը երեխաներին, մանավանդ` Հայաստանի երեխաներին, ցանկանում եմ  խաղաղություն, ինչպես նաև այնպիսի երկիր կարողանանք ժառանգել նրանց, որ իրենք կարողանան երազել և հավատալ իրենց երազանքներին: Թող երեխաներն ուրախ օր ունենան, թող մեծանան բարությամբ շրջապատված, որովհետև այն երեխան, ով այդ ձևով է մեծանում, բարի մարդ է լինում»:

Տիկին Հովհաննիսյանը հավելեց, որ այս տարի տոնական միջոցառմանը մասնակցում են օրրանցի 100 երեխա, որոնց միջոցառման մյուս հյուրերի հետ միասին կենտրոնի բակում սպասվում էր  համեղ հյուրասիրություն, տոնական մթնոլորտ` զուգորդված երգերով և պարով, մուլտհերոսների առկայությամբ: Միջոցառմանը մեկնարկը  տրվեց Տեր Շահե քահանա Հայրապետյանի խոսքով, որին հաջորդեց օրվան համապատասխան ուրախ շարունակությունը:

Հավելենք, որ «Օրրան»-ի այս տարվա հյուրերի շարքերում կարելի էր տեսնել Արթուր Իսպիրյանին, Նառային, Արմինկային, Մերի Շահինյանին, Էռնա Էլբիզարյանին, Զառա Արամյանին, Նաիրա Շահիրյանին և այլոց:

Հիշեցնենք, որ 2000 թվականին Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից հիմնադրված «Օրրան»բարեգործական հասարակական կազմակերպությունն արդեն 16 տարի աջակցում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Դպրոցահասակ երեխաները հանրակրթական դպրոցի դասերից հետո այցելում են«Օրրան», սովորում կավագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն, ձեռագործություն, ինչպես նաեւ սնվում են, խաղում ու վերադառնում տուն:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին