▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկար եմ սպասել այդ օրվան... Ռոբերտ Նիկողոսյան

«Այս ցուցահանդեսն ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ իմ առաջին անհատական ցուցահանդեսն է: Անկեղծ ասած, երկար եմ սպասել այդ օրվան»,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանը:

22-ամյա  նկարչի անհատական ցուցահանդեսի բացումը տեղի է ունենալու վաղը` հոկտեմբերի 2-ին, Երիտասարդական մետրոյի կայարանում և տևելու է մինչև ամսի 8-ը: Երիտասարդ նկարիչը, ով հանրությանը ավելի շատ հայտնի է իր «Հայ մեծերը» շարքով, այս անգամ ներկայացնելու է 10 ոչ հայտնի մարդկանց դիմանկարներ:

Ցուցահանդեսը կրում է «Բազմա-Դիմագծեր» խորագիրը, որի ընտրությունը մեր զրուցակիցը մեկնաբանեց հետևյալ կերպ.

«Ցուցահանդեսում ներկայացվող և ոչ մի նկար մյուսին նման չէ, սակայն նկարներում հանդես եկող բոլոր հերոսները ոչ
միայն նման են, այլ նաև «նույնն» են: Մարդիկ գուցե տարբերվում են արտաքին տվյալներով՝ մաշկի գույն, ազգային պատկանելություն, դիմագծեր, տարբեր սոցիալական ստատուս ունեցող ընտանիքներ և այլն, սակայն այն ընդհանրությունները, որոնք միավորում են նրանց, անհամեմատելի շատ են: Մարդիկ միանման են ըստ իրենց ֆիզիոլոգիական կազմությամբ, իրենց հուզական և հոգեբանական ֆոնով, իրենք միևնույնն են նաև իրենց ձգտումներում ու նաև սպասումներում: Ցանկացած մարդ ձգտում է կատարելության, անսահմանության կամ, այլ կերպ ասած, անմահության: Ամեն բան նույնն է, պարզապես տարբեր են այն հնարավորությունները, որոնք տրված են առաջինին, երկրորդին և այսպես շարունակ: Փաստորեն, յուրաքանչյուր մարդ իր նպատակ-առաքելության ճանապարհի ընթացքում բախվում է այնպիսի պատնեշների, ինչպիսիք են առաջավոր կարծիքները, պարտադրյալ սահմանափակումները, վախը, վատատեսությունը, բռնությունը, անտարբերությունը,սեփական մեծ և փոքր հանցանքները, չսպիացող վերքերն ու հիշողությունները, ցավը և այլն: Ահա այն նույն շրջափուլը,որի միջով անցնում է յուրաքանչյուրը կամ մեկը: Այսինքն՝ կարելի է պատմել մի մարդու պատմություն՝ ենթադրելով դրա տակ ողջ մարդկության ընթացքն ու վերջակետը: Մարդիկ տարբեր են, բայց միևնույն ժամանակ շատ նման են. նրանք բոլորն էլ ունեն սիրելու և սիրվելու, ներելու և ներվելու, հարգելու և փոխադարձ հարգանքի արժանանալու, ուրախանալու և ուրախացնելու կարիք»:

Նշենք նաև, որ Ռոբերտը նկարել է նաև  հունահռոմական ոճի ըմբշամարտիկ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին և վստահ է, որ շուտով նկարները մարզիկներին անձամբ նվիրելու հնարավրություն կունենա: 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները՝ Ռոբերտ Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև` Ո՞ւմ թեթև ձեռքով Երևանում հայ մեծերը դարձան այդքան հասանելի


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին